Օրենքն ուղղորդում է, բայց չի պարտադրում


Այս տարվա սկզբից փողոցային առևտրի դեմ արշավ ծավալվեց: Ըստ այն օրենքի, որ լույս աշխարհ է բերվել փողոցում, արգելված վայրերում առևտրով զբաղվելու դեմ պայքարելու նպատակով: Անցած ժամանակամիջոցը օրենքի կիրարկման առումով տնտեսական զարգացման և առևտրի փոխնախարար Արա Պետրոսյանն արդյունավետ է համարում. «Օրենքը քննություն է բռնել, դինամիկան տեսնում ենք, իսկ բարեփոխումն անընդհատ գործընթաց է լինելու»: Օրենքը կյանքի կոչողները, մասնավորապես փոխնախարարը, կողմ են պայքարելուն, բայց ոչ պատժամիջոցների կիրառմամբ: Իսկ քաղաքապետարանն ամիսներ առաջ խրոխտ հայտարարում էր, թե քանի մարդ է տույժ ու տուգանքի ենթարկվել, ասենք, պաղպաղակի քանի սարք է առգրավվել, և որքան են կազմել դրանց հաշվին քաղաքի բյուջեի հավելումները: Նախարարությունը, պարզվում է, ավելի բարի է և կողմ է մարդասիրաբար գործելուն: Սոցիալական խավերի շահեր կան, սպառողի գրպանի խնդիր կա: Վերցնենք ու փողոցում մի երկու կապ կանաչի վաճառողին տուգանենք, որ ի՞նչ: Իսկ ո՞վ է մտածելու այն տնտեսվարողների մասին, ո՞վ է պաշտպանելու նրանց շահերը, ովքեր գնորդների իմաստով կիսադատարկ խանութներում օր են մթնեցնում` քնեցնելով իրենց ներդրած գումարները: Որովհետև քաղաքակիրթ առևտրի ճանապարհը այդպես էլ փողոցից այն կողմ չի անցնում և չի հասնում այդպիսի առևտուր առաջարկողին: Հարցադրումը փոխնախարարինն է: Նրա անխորտակ համոզմամբ` նրանց հենց օրենքն է պաշտպանում: Եթե ոչ այսօր, ապա վաղը պաշտպանելու է: «Յուրաքանչյուր գործարար, որ առևտրի մեջ փող է ուզում դնել, կարդում է օրենքը: Մենք նրանց ուղղորդում ենք` ինչպես գործել, որպեսզի արդյունավետ բիզնես ունենա: Երկու-երեք տարուց հետո կունենանք ոլորտի օրենսդրական կարգավորում»: Մենք չենք հարցրել որևէ գործարարի` կարդո՞ւմ է նա այս օրենքը, թե՞ ոչ: Վստահ ենք, սակայն, որ յուրաքանչյուր գործարար գոնե լավ գիտի տնտեսության` հազար տարի մարդկությանը ծանոթ հիմնական «օրենքը»: Խոսքը առաջարկ-պահանջարկ իրողության մասին է: Թերևս որոշ իմաստով կարելի է կիսել պրն Պետրոսյանի տեսակետը: Առաջ գնալ` դեպի ցիվիլ առևտուր, իհարկե, պետք է: Բայցև չենք գնա, քանի դեռ առաջարկը պահանջարկի հետ «չի խոսում», քանի դեռ չի վերանա պատճառների պատճառը, որ բոլորին է հայտնի և շատերին է պատել: Հայաստանում (մանավանդ մարզերում, ուր սև աղվես ավելի հեշտ կճարես, քան աշխատանք), յուրաքանչյուր երկրորդ մարդն իր բյուջեն հաշվարկելու և խնայողաբար ծախելու խնդիր ունի: Փոխնախարարը գների տարբերությունը տեսնում է 20-30 դրամի սահմաններում և ոչ ավելի և դա էական չի համարում: Եթե նույնիսկ տարբերությունն այդքան է, ապա դարձյալ ու դարձյալ ամեն երկրորդ-երրորդ մարդու համար 20-30 դրամն անէական գումար չէ: Ուրիշ բան, եթե դատողություններն արվում են ըստ սեփական գրպանի: