Երբ ցանկությունը առաջ է ընկնում հնարավորությունից


Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ կա Բալզաթ գյուղի բնակիչների մասին: Սրանք, հավատալով, թե լուսինը շատ մոտ է, որոշում են տակառը տակառի վրա դնելով բարձրանալ ու գրավել այն` ի փառս բալզաթցիների: Այդպես էլ անում են: Ամենավերին տակառին կանգնած առաջնորդը անընդհատ նոր տակառներ է պահանջում: Ներքևում գտնվողները պատասխանում են, որ գյուղում էլ տակառ չի մնացել: Առաջնորդը բարկանում է սրանց վրա ու հրամայում իրեն տալ ամենառաջին տակառը: Այդպես էլ անում են, ու, բնականաբար, աշտարակը փլվում է, իսկ առաջնորդը ջարդում է ոտ ու գլուխը: Հեքիաթը վերջանում է նրանով, որ բալզաթցիները մտածում են ու մինչև հիմա էլ չեն հասկանում, թե դեպի լուսին այդքան խնամքով մշակված ծրագիրը ինչո՞ւ նման տխուր վախճան ունեցավ: Այս հեքիաթը հիշելու պատճառ դարձավ քաղաքական դաշտի վերջին խմորումները, որոնց ավարտը դեռ չի երևում: Քաղաքական որոշ այրեր փորձում են հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով թոզ փչել մարդկանց աչքերին` գովազդելու համար սեփական անձն ու կուսակցությունը: Վերջերս նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ «ԱՄ» նախագահ Ա. Գեղամյանը, հայտարարելով, թե երկրի Նախագահը Գ. Ծառուկյանի միջոցով ընտրակաշառք է բաժանում: Հիմա էլ Մամիկոնիչը «հերոսաբար» պայքարում է իրեն Ծառուկյանի հետ կռվեցնել ցանկացողների դեմ: Նրանից ետ չի մնում «կրտսեր» գործընկեր ՕԵԿ-ը: Սա էլ կրակն է ընկել Ա. Բաղդասարյանի` աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներին տված ու չտված հարցազրույցները հանրությանը որպես իրողություն «նաղդելու» ձեռքը: Այս կարգի գործիչներին ուզում ես հիշեցնել, որ գյուղում էլ տակառ չի մնացել, իսկ լուսինը դեռ շատ հեռու է: Ձեր ոտքի տակից մի հանեք առաջինը, այլապես հետո գոռալու եք աշխարհով մեկ, թե մեր ծրագիրը խնամքով մշակված էր, ուղղակի չարակամները փլեցին մեր աշտարակը:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ