«Ապրանքային տեսքը» «գնվելու» միակ պայմանը չէ


ՀՀԿ արտահերթ համագումարից հետո, անցած չորս ամիսներին, գրեթե բոլոր քաղաքական ուժերը` խորհրդարանական, թե արտախորհրդարանական, ընդդիմադիր, իշխանական կամ իշխանամետ, իրենց «պարտքն» են համարում` անթաքույց կամ քողարկված «քար նետել» ՀՀԿ ուղղությամբ: Հանրապետականները հանգիստ են ընդունում սույն իրողությունը, քանզի համոզված են, որ նման «վերաբերմունքի» են արժանանում միայն հզորները: Վերջերս «Բարգավաճ Հայաստանի»` հանրության հետ հանդիպումներից մեկի ժամանակ սույն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հարգանքով է վերաբերվում ՀՀԿ-ին: Սա կարելի էր հաճելի բացառություն և անկեղծ խոստովանություն համարել, եթե չիներ մեկ կարևոր բայց: ... Խնդիրն այն է, որ, բոլորի համոզմամբ, վաղուց «բարգավաճած» Վիկտոր Դալլաքյանը շարունակում է սուր քննադատության միակ ու անփոխարինելի թիրախ դարձնել հենց ՀՀԿ-ին: Դեռ վերջերս էր նա իր թույնը ուղղել Սերժ Սարգսյանի հասցեին` ասելով, թե այդ ո՞ր պետության պաշտպանության նախարարն է մեկնում ինչ-որ հեռավոր շրջան` ջրագիծ բացելու առիթով «լենտ կտրելու»: Այստեղից կարելի է անել երկու հակադիր հետևություն: Առաջին. Գագիկ Ծառուկյանը անկեղծ չէ: ՀՀԿ նկատմամբ հարգալից վերաբերմունքի մասին հայտարարությունը ընդամենը կոռեկտության շրջանակից դուրս չգալու` ոչ այնքան հաջողված փորձ էր: Երկրորդ. Վիկտոր Դալլաքյանի վատ քողարկված «բարգավաճման» մասին լուրերը, մեղմ ասած, չափազանցված են: Թե այս երկու տարբերակից ո՞րն է ավելի մոտ իրականությանը, ցույց կտա ժամանակը: Թեպետ մենք ավելի հակված ենք այն տեսակետին, թե Վ. Դալլաքյանը իրոք դեռ վերջնական «ընդունելություն» չի գտել «ԲՀ»-ի կողմից և չի էլ գտնի: Այսինքն, համամիտ ենք ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի այն կարծիքին, որ որոշ քաղաքական գործիչների գործունեությունը միտված է իրենց «ապրանքային տեսքը» ավելի գայթակղիչ դարձնելուն: Մեր կողմից ավելացնենք` «գայթակղիչ» դառնալը դեռևս չի նշանակում անվերապահորեն «գնվել»: