Ա°յ, թե ոնց ենք ապրում


Հատկապես վերջին շրջանում մեզանում առավել վտանգավոր ու անկանխատեսելի են այն կուսակցությունները, որոնք նյութական հսկայական միջոցների են տիրապետում: Հաճախ է ասվում, թե հենց այդ միջոցներն են առաջիկա խորհրդարանական ընտրություններում հսկայական դերակատարություն ունենալու: Իսկ ընդհանրապես քաղաքականության ու ֆինանսների փոխկապվածությունը անտեսանելի լինելու չափ անկարևոր կարող է լինել: Սա, ինչպես նշեցինք, ընդհանրապես: Սակայն երբ նյութական միջոցներն են քաղաքական եղանակ ստեղծում, գաղափարներն ու սկզբունքները, բնականաբար, համապետական մակարդակով կաթվածահար անելու հավանականությունն ու հատկապես հնարավորությունը շեշտակիորեն մեծանում են: Այս ամենի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ ներկայումս քաղաքական դաշտի մեծամասնությունը հենց այս ճանապարհով է սկսել ընթանալ: Ասել է թե` քաղաքական պայքարին ընդգծված նմանությամբ փոխարինելու են գալիս զանազան ֆինանսական մեքենայությունները: Այն էլ` խիստ պարզունակ, դժվար թաքցվող եղանակներով` չհայտարարված քարոզարշավներ կազմակերպելու միջոցով ձևավորվելիք խորհրդարանում հայտնվելու նպատակադրմամբ: Որքան էլ զարմանալի թվա, «պայքարի» այս եղանակն ընտրածների շարքում արդեն նույնիսկ առաջատարներ կան. դիցուք` ԲՀԿ-ն: Մինչև վերջերս, դատելով ԲՀ շռնդալի նորամուտից, թվում էր` վաղուց ու ամենքին հայտնի պետք է լիներ, թե ինչ նպատակ է հետապնդում քաղաքական այս ուժը: Այսուհանդերձ, այսօր էլ դժվար է կռահել, թե իր անդրանիկ համագումարը չգիտես ինչու անընդհատ հետաձգող կուսակցությունն ինչ հայտով է ներկայանալու ընտրողներին` ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվելուց հետո: Արդյո՞ք ստվերային, գուցե և երկակի ու բազմակի քաղաքական խաղերի հերթական զոհն այս անգամ հենց ինքը չի դառնա, ինչպես դա կատարվեց արդեն մոռացության մատնված «Նոր երկիր» կուսակցության հետ: Իհարկե, անորոշությամբ աչքի ընկնող տասնյակ այլ քաղաքական ուժեր էլ կան, սակայն ի տարբերություն շատերի, ԲՀ-ն առանձնանում է իր անթաքույց հավակնություններով: «Բարգավաճի» մասին ասում են, թե մի 300 հազար անդամ ունի ու մի երեք այդքան էլ` համակիր: Այսքանը, ինչպես դժվար չէ հաշվել, մեր հանրապետության ամբողջ ընտրազանգվածի 50 տոկոսից ավելին են: Ինչ խոսք, որևէ մեկն իր ամենամղձավանջային երազում անգամ չի կարող նման արդյունքներ տեսնել, բայց փաստն այն է, որ այսպես մտածողներ էլ կան: Իսկ ովքե՞ր են նրանք: Այ, սրա մասին էլ դեռևս ոչինչ ասել հնարավոր չէ... Բացառությամբ (՞) մի Վիկտոր Դալլաքյանի, ով մի քանի ամիս մտմտալուց հետո «Արդարությունից» դուրս եկավ ու արդեն մի քանի ամիս մտմտում ու այդպես էլ չի կարողանում իր ապագա ծրագրերը որոշակիացնել (եթե, իհարկե, դեռևս այդպիսիք կան): Նման քաոսը ոչ մի դեպքում չես համեմատի ֆինանսակուսակցական քարոզարշավի ցուցադրական մասի հետ: Է°լ կարտոֆիլ ու ներկված նստարաններ, է°լ համերգներ ու համահանրապետական հարսանիք, գումարած ասֆալտ ու մարզակառույցներ... Արդյունքում` կարտոֆիլն այս տարի 1,5 անգամ ավելի թանկ արժե, նստարանները շուտով ձյունով կծածկվեն, իսկ համերգային տպավորությունները խամրում են` հյուրախաղերի եկած այլազգի արտիստների ետնաբեմային «կարդեբալետներով»: Եվ ի՞նչ. փորձենք այս ամենի մեջ քաղաքականությո՞ւն փնտրել, գաղափարներ ու ծրագրե՞ր տեսնել: Հավատացեք, որ դժվար գործ է... Այնքան, որքան դժվար է պատկերացնելը նման անհատների աշխատանքը օրենսդիր մարմնում: