ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՂԹԱՆՔԸ


Գրադարանում անցկացվող միջոցառման հյուրն էր մեծանուն դերասան Սոս Սարգսյանը: Հորիզոնը որոշել էր ելույթ ունենալ. մտքում պատրաստվում էր: Բայց ծրագրի ծավալի պատճառով ցուցակում անունը նշված չէր, ինքն էլ այդ մասին չգիտեր: Դահլիճում նստած Հովհաննես Չեքիջյանին էլ չհաջողվեց հանդես գալ: Սարգսյանի ուշադրությունից չվիրպեց այդ վրիպումը: Ներկա գտնվողներին նա շնորհակալություն հայտնելու ժամանակ առաջինը տվեց Չեքիջյանի անունը, ապա` Հորիզոնի: Դա անսպասելի էր վերջինիս համար: Բոլորը նայեցին Հորիզոնին, նա էլ իր հերթին շփոթված նայեց իրեն նայողներին: Գուշակեց` խոսքն իր մասին է, ժպտաց: Բայց քանի որ ընկերս լսողության խնդիրներ ունի, ես կողքանց բարձր շշուկով բացատրեցի: Բայց, ցավոք, ասացս չհասկացվեց: Տեսնելով ժպտացող մարդկանց, երևի Հորիզոնը մտածեց` լավ բան ասած կլինեն ու այդ մտքերից ավելի լայն ժպտաց: Հանդիպման վերջում, երբ մարդիկ օրվա հերոսի շուրջը խմբված, զրուցում ու լուսանկարվում էին, Սոսը երգիծաբանին ասաց. - Հորիզոն, գիտես չէ՞, թե քեզ ինչքան եմ հարգում: Վերջերս որտե՞ղ ես ելույթ ունենալու` զանգի, գամ ուրախանամ… - Վարպետ, երկու օր առաջ գնացել էի Ստեփանավան: - Ապրես, Հորիզոն, ապրես, տեսնո՞ւմ ես, թե ես ու ծննդավայրս քեզ ինչքան ենք սիրում, չենք մոռանում…