Ատելությունը` «Աստծո հրահանգ»


Դժբախտաբար Աստծո անունը վկայակոչողներից շատերը չգիտեն, որ Բարձրյալը երբևէ չարության ու չարագործության չի մղում: Իսկ ահա 21-ամյա Օսկար Ռամիրո Օրտեգա-Էրնանդեսը օրեր առաջ գնդակոծել է Սպիտակ տունը` երկու գնդակ արձակելով Վաշինգտոնում երկրի նախագահի գլխավոր նստավայրի ուղղությամբ: Իր այս արարքը նա բացատրել է «Աստծո հանձնարարությամբ` Բարաք Օբամայի, կառավարության և ընդհանրապես ողջ մարդկության հանդեպ անձնական ատելության պատճառով»: Նրան, իհարկե, արդեն ձերբակալել են, և ինչպես The Washington Post¬ն է նշել` Օրտեգա-Էրնանդեսն արմատական որևէ խմբավորման չի հարում ու ահաբեկչություններ չի ծրագրել: Կրակոցներից հետո ճողոպրելով հանցանքի վայրից, նա ճանապարհին է թողել իր Honda ավտոմեքենան և Կալաշնիկովի ինքնաձիգը: Ոստիկանությունն Օսկարին հայտնաբերել է անցյալ ուրբաթ` Փենսիլվանիա նահանգի Ինդիանա քաղաքում: HTV¬ն հավելել է, որ գնդակը հարվածել է Սպիտակ տան պատուհանին, բայց չի կարողացել կոտրել հատուկ բաղադրությամբ ապակին: Երկրորդ գնդակն ընկել է նստավայրին հարող տարածքում: Այդ պահին Օբաման Հավայան կղզիներում մասնակցում էր գագաթնաժողովին: