ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻՆ, ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ` ԱՇԽԱՐՀԻՆ


Օրերս ՄԱԿ-ի հակաիրանական բանաձևի քննարկման ժամանակ Հայաստանն իր անհամաձայնությունը հայտնեց այդ բանաձևին: Հայաստանի հետ աշխարհի գերհզորների կամքին հակառակվեցին նաև Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էկվադորը, Նիկարագուան, Վենեսուելան և Զամբիան: Միջազգային վերլուծաբանները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակած որոշման առթիվ գրել են. - Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացումը, որ ամրագրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումով, ուշագրավ է թերևս ոչ այնքան բովանդակությամբ ինքնին, որքան նրանով, որ փաստորեն ԱԽ որևէ երկիր չօգտվեց վետոյի իր իրավունքից: Որոշումն ինքնին նշանակում է, որ համաշխարհային մի շարք քաղաքական կենտրոններ, որոնք կառավարվում են հատկապես Միացյալ Նահանգների կողմից, վճռական են տրամադրված Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և այդ երկրում ևս հեղափոխության ներմուծման հարցում: Ուրեմն, աշխարհը սկսում է բաժանվել երկու գույնի` սև ու սպիտակ: Իբրև սպիտակ գույն` հանդես է գալիս այսպես կոչված համաշխարհային հանրությունը, որն, իբր, կամենում է Իրանում հաստատել ժողովրդավարություն, այս պետությանը հեռու պահել միջուկային ծրագրերի իրականացումից: Իսկ ահա սև գույնով են ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետությունը և նրան սատարող ուժերը, որոնց մեջ է նաև Հայաստանը: Հայաստանի դիրքորոշումն ի սկզբանե կանխատեսելի էր, որովհետև ԻԻՀ-ն Հայաստանին ամենամոտ պետությունն է, ստեղծվել են դրացիական հարաբերություններ, Իրանը Հայաստանի համար կենսական ճանապարհ է հանդիսանում: Ավելին, Իրանը նաև պատվար է` որոշ արտաքին մարտահրավերներ ճնշելու հարցում: Եվ համաշխարհային հանրությունը պիտի գիտակցի, որ Հայաստանի քայլը պայմանավորված էր մի շարք գործակիցներով, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր պետության գոյության համար: Իրանում կա մոտ 300 հազարանոց հայկական համայնք, բացի այդ` այն ապահովում է Հայաստանի մի շարք կենսուղիների գոյությունը: Սակայն, ինչպես պնդում են որոշ միջազգայնագետներ, համաշխար հային հանրությունը կարող է չըմբռնել այս ամենը և Հայաստանին դասել «սևերի» շարքին` բարդացնելով մեր պետության դրությունը միջազգային զարգացումներում: - Պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանի իշխանությունը կրել իրանական խնդրի կապակցությամբ միջազգային պատասխանատվության իր մասը: Եվ ավելին` Հայաստանը պատրա՞ստ է, արդյոք, ստանձնել, առաջարկել պատասխանատվության իր մասը, թե՞ պետք է սպասի, մինչև աշխարհը կասի, թե ինչի համար է Հայաստանը պատասխանատու Իրանի շուրջ սեղմվող օղակի հարցում: Թերևս հենց այդ ուղղությունն է, որ Հայաստանի իշխանությունից պահանջում է նախաձեռնողականություն, քանի որ Իրանը Հայաստանի միակ հարևանն է, որի հետ հարաբերությունը կարծես թե բավական կանխատեսելի է և դրական,- հարցնում են մի շարք միջազգայնագետներ: Այս հարցի պատասխանը Հայաստանի իշխանությունների հետագա գործողությունների մեջ է: Այսօր արդեն պարզ է դառնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը չպետք է կրավորական կեցվածք ընդունի և Իրանի հանդեպ իր դիրքորոշումը բացատրի առկա իրավիճակով: Մոտ երկու տասնամյակ շրջափակման մեջ հայտնված Հայաստանն իր գոյությունը կարողացել է ապահովել Իրանի բացած ճանապարհներով, այս երկրի ընձեռած հնարավորություններով: Միջազգային հանրությունն անտարբեր է եղել Հայաստանի ճակատագրին, չի փորձել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որոնք շրջափակել են ՄԱԿ-ի և Եվրախորհրդի անդամ երկրին` ստիպելով նրան անընդհատ ուղիներ որոնել, անընդհատ պայքարել գոյատևման համար: Հետևաբար, Հայաստանը չէր կարող դավաճանել դաշնակից երկրին և համաձայնել մի որոշման հետ, որի գոյությունն առավել բարդացնում է մեր վիճակը, զրկում արտաքին աշխարհի հետ ունեցած մի կապից ևս: Այսօր Հայաստանի իշխանությունները պիտի ջանքեր գործադրեն` Իրանի դեմ կայացված որոշման համատեքստում բարձրացնելու սեփական խնդիրները և նույն համաշխարհային հանրությունից կորզելու այն, ինչն անհրաժեշտ է պետության գոյության ապահովման համար: Այստեղ, իհարկե, ճկուն դիվանագիտություն, շրջահայացություն և համախոհների բանակ է անհրաժեշտ: Պատմական պահը հրաշալի հնարավորություն է ստեղծել Հայաստանի համար` բարձրացնելու իր քաղաքական կշիռը, դառնալու տարածաշրջանի կայունության երաշխավորը: Հայաստանն ինքը պիտի որոշի իր դերակատարության տեսակն ու չափը և հանդես գա որպես համաշխարհային հանրություն-Իրան հարաբերությունների միջնորդ: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Իրանի հետ կոնֆլիկտի լուծման համատեքստում համաշխարհային հանրությունը և գերտերությունները, կարևորելով Հայաստանի շահերը` հենվեն նաև նրա վրա, նրան համարեն տարածաշրջանային այն առանցքային պետություններից մեկը, որը կարող է իր քաղաքականությամբ բախտորոշ դեր կատարել: Այսօր Հայաստանի քաղաքական առաջնությունների շարքում առաջին տեղում Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններն են, որոնք ինչ-որ չափով հոգնեցրել են աշխարհին: Ուստի հարկավոր է առաջադրել նաև Իրանի հետ հարաբերությունների հարցը` այսպիսով փորձելով լուծումներ գտնել քաղաքական կոլապսի հաղթահարման համար: Միշտ չէ, որ պատմությունն ու քաղաքական իրավիճակը Հայաստանին նման առիթ կարող են ընձեռել: Միշտ չէ, որ քաղաքակրթությունների և աշխարհաքաղաքական խաչմերուկում հայտնված Հայաստանը կարող է մեծացնել իր կշիռն ու ազդեցությունը: Այսօր այդ հնարավորությունը տրված է: Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի պահ առաջ հայաստանյան իշխանությունները հնչեցնեն իրենց ձայնը: Հարկ է, որ Ազգային ժողովն էլ արտահերթ նիստ գումարի և քննարկելով իրանական խնդիրը` իր դիրքորոշումը հայտնի աշխարհին: Անտարակույս, բոլոր նախաձեռնությունները կարող են շատ մեծ ազդեցություններ չունենալ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն դրանք կնպաստեն, որ իրանական խնդիրների քննարկումներում և ապագա զարգացումներում աշխարհը հաշվի նստի նաև Հայաստանի հետ: Այն երկրի, որը չհամաձայնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը` արդեն իսկ աշխարհին մտորելու առիթ է տվել…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ