ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ


Քսաներորդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկին` Առնո Բաբաջանյանին է նվիրված «Բաբաջանյան ֆեստ» փառատոնը, որը կազմակերպել են ՀՀ Մշակույթի նախարարութ յունն ու «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամ» կազմակերպությունը` համագործակցելով «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրինության հետ: Փառատոնի հայտագրում ընդգրկված են նշանավոր կոմպոզիտորի ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունները, այնպես էլ երգերը, որոնք մեծ ճանաչում և հռչակ բերեցին հրաշալի Առնոյին` ինչպես նրան կոչում էին շատերը: Գողտրիկ այդ երգերը հնչեցին աշխարհի տարբեր բեմերում, կինոէկրաններից և մինչև օրս էլ չեն կորցրել իրենց հանդեպ հետաքրքրությունը, քանզի ժամանակների հոլովույթում Բաբաջանյանի երգերը չեն ծերանում: Առնո Բաբաջանյանը երևանցի էր, այս քաղաքում ծնված, այս քաղաքի մշակույթով դաստիարակված: Պատմում են, որ նրա հայրը` մասնագիտությամբ հաշվային աշխատող, շատ նման էր խորհրդային ղեկավարներից մեկին` Նիկիտա Խրուշչովին: Միշտ խոհուն քայլող, մտազբաղ, շրջապատին անհաղորդ այս մարդն իր հոգում հարուստ կուտակումներ ուներ: Նա շատ էր ուզում, որ որդին երաժիշտ դառնար: Ընդամենը հինգ տարեկան էր Առնո Բաբաջանյանը, երբ նրան լսեց երիտասարդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, հիացավ նրանով և խորհուրդ տվեց ամեն ինչ անել, որպեսզի երեխան երաժշտական կրթություն ստանա: Ութ տարեկան հասակում ապագա կոմպոզիտորն ընդունվել է Պետական կոնսերվա տորիային առընթեր երաժշտական դպրոց, ապա` Կոնսերվատորիա: Հենց այստեղ էլ ձևավորվեց այն հրաշալի հնգյակը, որը քսաներորդ դարի ազգային երաժշտության մեջ մեծ ավանդ ներբերեց, ձևավորեց մի նոր կոմպոզիտորական դպրոց. Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան և, բնականաբար, Առնո Բաբաջանյան: Երևանի կոնսերվատորիան ավարտելուց հետո` 1948-ին, մեկնել է Մոսկվա, կրթությունը շարունակել Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, կատարելագործվել Մոսկվայի հայկական մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950-ին եկել է Երևան, վեց տարի դասախոսական աշխատանք կատարել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ապա վերադարձել և ողջ կյանքն ապրել է Մոսկվայում` 1983-ի նոյեմբերի 11-ին այնտեղ կնքելով իր մահկանացուն… Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում նրա երգերը, գործիքային երկերը, սիմֆոնիկ երաժշտությունը: Կոմպոզիտորը ստեղծագոր ծել է տարբեր ոճերով` դասական, փոփ, ջազ: Իսկ դասական երաժշտության մեջ նրա ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցություններով: Դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադը», Դաշնամուրային տրիոն, «Հայկական ռապսոդիան», կոմպոզիտոր Շոստակովիչի հիշատակին գրված լարային քառյակը քսաներորդ դարի համաշխարհային երաժշտության գոհարներից են: Իսկ գործիքային այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Նոկտյուրնը» և «Էլեգիան», սիմֆոնիկ-էստրա դային նվագախմբերի համար գրված լավագույն երկերից են: Ա. Բաբաջանյանին մեծ ճանաչում բերեցին կինոյի համար գրված նրա ստեղծագործությունները: Առաջին ֆիլմը «Առաջին սիրո երգն» էր, որի երաժշտությունը Բաբաջանյանը գրեց Ղազարոս Սարյանի հետ: Կոմպոզիտորների համատեղ աշխատանքով արարվեց խորհրդային կինոյի ամենանշանավոր երկերից մեկի` «Առաջին սիրո երգի» երաժշտությունը` նպաստելով կինոյում մելոդրամի ժանրի նորացմանն ու նոր ավանդույթների ձևավորմանը: Այս ֆիլմի երգերը մեծ ժողովրդականություն վայելեցին և մինչև օրս էլ հնչում են համերգային բեմերից, զարդարում ամենատարբեր տոնախմբությունները: Հետագայում Առնո Բաբաջանյանը գրեց «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա» ֆիլմերի երաժշտությունը, ստեղծեց դրանց համար երգեր, որոնք սկսեցին ապրել ինքնուրույն կյանքով: Հումորով ու կենսախնդությամբ լի մարդ էր Առնո Բաբաջանյանը, գիտեր վարակել հումորով, համուհոտով խոսակցություններով: Նաև սրամիտ էր, սրախոս… Ու այդ ամենն արտացոլվում էր իր ստեղծագործության մեջ: Ու հիմա, երբ նշվում է նրա ծննդյան 90-ամյակը, շատերը խոսում են ոչ միայն հրաշալի կոմպոզիտորի և հանճարեղ դաշնակահարի մասին, այլև հիշում մարդ-Բաբաջանյանին, ում կերպարը դարձել է Երևանի պատմության անկապտելի մասերից մեկը…