Թե ինչ եղավ հետո, երբ բենզալցակայանի աշխատակիցը տանուլ տվեց խաղատանը


 

Նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ հնչեց: Ժամը 06.40-ի սահմաններում դիմակավորված երեք անձինք, որոնցից երկուսը` ատրճանակներով զինված, մուտք են գործել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Լիդեր» բենզալցակայան և զենքի սպառնալիքով բենզալցակայանի աշխատակից, 27-ամյա Ռոբերտ Վլասյանից հափշտակելով 130.000 դրամ` «BMW X-5» մակնիշի առանց պետհամարանիշի սև գույնի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ահազանգը սովորականներից չէր, ավազակային հարձակում էր կատարվել, այն էլ` հանդուգն եղանակով: Անմիջապես ոտքի հանվեցին բավականաչափ ուժեր` հանցագոր ծությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական մի շարք միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Ռ. Վլասյանը իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններ է հայտնել, և ոչ մի ավազակային հարձակում էլ չի եղել: Իրականում նա բենզալցակայանին պատկանող գումարը նույն օրը տանուլ է տվել Ջրվեժ թաղամասում գտնվող «Գոլդ» խաղատանը: Հետո փորձել է ուղիներ մտմտալ` իր անխոհեմ ու անհեռանկար քայլի պատճառով առաջացած պակասորդի տակից դուրս գալու համար: Զոռ է տվել երևակայությանն, ու նրա ուղեղում ծնվել է մեկ դերասանի թատրոնին վայել կեղծ ավազակային հարձակման անհաջող սցենարը:

Տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: