Շորթման սպառնալիք` բաղնիքում նկարածը չհրապարակելու համար


 

Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցներին օրերս երկու կանանց վերաբերյալ հույժ ինտիմ և անձնական բնույթի մի տեղեկություն էր հայտնի դարձել: Եվ քանի որ շրջանառվող լուրը լուրջ հանցակազմ էր պարունակում, ուստի եղելությունը պարզելու նպատակով ոստիկանություն հրավիրվեց Վանաձոր քաղաքի բնակչուհի, ներկայացվող գործով տուժող հանդիսացող, 47-ամյա Հեղինե Ս.-ն:

Կինը սկզբում տատանվում էր ամոթալի պատմությունը ջրի երես հանել, սակայն քրեական հետախույզների կողմից որոշ մանրամասներ լսելուց և նրանց համառ պնդումներից հետո, ի վերջո տեղի տվեց և ներկայացրեց կատարվածը:

Հեղինեն համաքաղաքացուհու` 41-ամյա Անժելա Ա.-ի հետ վերջերս մեկնել էր Սյունիքի մարզ: Եվ ահա Կապան քաղաքի բաղնիքներից մեկում նա սեռական հարաբերություն էր ունեցել մի տղամարդու հետ, իսկ «անամոթ» ընկերուհին հաջողացրել և թվային տեսախցիկով նկարահանել էր տեղի ունեցածի ողջ մանրամասները:

Վանաձոր վերադառնալուց հետո Անժելան մի անսպասելի և դավադիր պայման էր դրել ընկերուհու առաջ` վարձատրություն լռության դիմաց: Նա մի քանի օր շարունակ 100 դոլար էր պահանջել Հեղինեից` այլապես սպառնալով զանգեզուրյան բաղնիքում նկարահանածը սոցիալական կայքերի միջոցով հրապարակել և խայտառակել նրան...

Ոստիկանները շորթման փաստով քննություն են սկսել և աշխատանքներ են տանում Անժելա Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: