ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄՈԶՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱՅԻՆ


 

Ինչպես պարզվում է` Ադրբեջանին հաջողվել է Իսպանիայի Սենատի քննարկմանը ներկայացնել «հայկական ագրեսիայի» հարցը: Գրեթե աղքատացած, գործազրկության մեծ ցուցանիշներ ունեցող Իսպանիան, գուցե ինչպես Հունգարիան` կաշառվել է Ադրբեջանի կողմից և տեղի տվել: Չի բացառվում, որ այս հարցում օգնած լինեն որոշ արևմտյան տերություններ, որոնք շարունակում են երկակի խաղեր խաղալ` օգտվելով ադրբեջանական նավթադոլարներից:

Իսպանիան, իհարկե, միշտ էլ շատ հարցերում է դուրս է եղել եվրոպական համաձայնություններից և ընկալումներից: Այս երկիրը երբեմն հայտնվել է եվրոպական ընտանիքի լուսանցքում, սակայն այժմ կարևոր չէ, թե ինչպիսի դիրք է գրավում, այլ կարևորն այն է, որ սենատը կարող է ճանաչել գոյություն չունեցող ագրեսիան` այսպիսով և´ նախադեպ ստեղծելով, և´ հեղինակազրկելով հայ ժողովրդի հաղթանակն իր ինքնորոշման համար մղած պայքարում:

Ի տարբերություն մեր արտգործնախարարության որդեգրած «լռության քաղաքականության», ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի լռել և նամակ է հղել իսպանական ծերակուտականներին, որում մասնավորաբար ասված է.

- Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, օգտագործելով տարբեր առիթներ, խորհրդարանական հարթակներում փորձում է շահարկել Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր, որոնք, ինչպես իրականությունն է ցույց տալիս, միշտ էլ բացասաբար են անդրադարձել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Կան բազմաթիվ փաստեր և հրապարակված նյութեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածումը` փորձելով մոլորեցնել մեր խորհրդարանական գործընկերներին և միջազգային հանրությանը: Եվրանեսթի ԽՎ-ի Ադրբեջանի պատվիրակությունը շատ անգամներ, օգտագործելով վեհաժողովի հարթակը, փորձել է բարձրացնել այս հարցերը: Այդ փորձերը մշտապես կասեցվել են Եվրոպական Խորհրդարանի անդամների կողմից, ովքեր քաջատեղյակ են, որ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները անց են կացվում միջազգայնորեն լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Սա միջազգային հանրության և միջազգային կազմակերպություն ների կողմից ճանաչված միակ ձևաչափն է:

Արտակ Զաքարյանի հղած նամակը, անկախ իսպանական կողմի արձագանքից, լուրջ ներդրում է Ղարաբաղյան խնդրի շրջանակներում: Այս փաստաթուղթը մեկ անգամ ևս հիշեցնում է Եվրոպային, որ չի կարելի քաղաքական ու շահադիտական նկատառումներով, վասն Ադրբեջանից հորդացող կաշառքների, արհամարհել պատմությունը, որոշումներ կայացնել, որոնք կարող են նոր հակամարտություններ ծնել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ