ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐ ՇԱՀԵՐՆ Է ԱՌԱՋ ՏԱՆՈՒՄ


 

Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկու նախագահի հանդիպման առանցքում ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության հարցն է:

Ինչպես գիտենք, Հայաստանը վերջնական պատասխան չէր տվել անդամակցության մասին` նպատակ ունենալով շարունակել իր ակտիվ համագործակցությունն Արևմուտքի հետ և պուտինյան այս կառույցին մերձենալու դիտորդի կարգավիճակով: Սակայն, ինչպես պարզվում է, Մոսկվան շատ է ուզում, որպեսզի Հայաստանը լիիրավ անդամ դառնա` այսպիսով նորից Ռուսաստանին ընդունելով «ավագ եղբայր»: Պուտինյան ծավալապաշտական ծրագիրը բնավ էլ ձեռնտու չէ Հայաստանի համար, ինչի մասին նախորդ քննարկումների ժամանակ ակնարկել է Ս. Սարգսյանը: Շարունակելով վարել կոմպլիմենտար քաղաքականություն, ՀՀ նախագահն իրատեսորեն է գնահատում Հայաստանի վիճակը, այն մարտահրավերները, որոնց հանդիման կանգնած է մեր երկիրը: Հետևաբար նախագահ Սարգսյանը չի կարող միանշանակ լուծում տալ խնդրին` այսպիսով հեռանալով Արևմուտքից, որից են կախված համազգային նշանակության մի շարք խնդիրներ և, մասնավորաբար, Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի ճանաչումները:

Ռուսաստանը Ցեղասպանության ճանաչման հարցում Դումայի մակարդակով ժամանակին հայտարարություն է արել, իսկ ահա ԼՂ հարցում շարունակում է մանևրել` շատ հաճախ պաշտպանելով Բաքվի դիրքորոշումները, երբեմն էլ` միտումնաբար խոչընդոտելով... Հայ վերլուծաբանները նշում են, որ`

- Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել ԵվրԱզեսի կամ Եվրասիական Միության վերաբերյալ որևէ դեմ կամ կողմ մեկնաբանություններով, ինչը չես կարող ասել մեր վարչապետի վերաբերյալ, ով ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանի համար միակ հնարավոր տարբերակը Եվրոպայի հետ ինտեգրվելն է:

Նախագահ Սերժ Սարգսյանն, իհարկե, Արևմուտքից նեղսրտելու և նեղանալու բոլոր հիմքերն ունի: Արևմուտքը չափազանց կրավորական կեցվածք ընդունեց Ադրբեջան-Հուն գարիա գործարքի նկատմամբ` այսպես ի ցույց դնելով արևմտյան անբարոյականությունը: Նույն Արևմուտքը հետաձգեց նաև 1,5 մլրդ վարկերի ու դրամաշնորհների տրամադրումը` հարված հասցնելով Հայաստանի տնտեսությանը, որը չի կարողանում զարգանալ նաև նույն Արևմուտքի որդեգրած անտարբերության պատճառով: Շրջափակման մեջ հայտնված Եվրախորհրդի անդամ երկրի հարցերը չեն հետաքրքրում նույն Արևմուտքին, որը չի կամենում վճռական դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքակա նության նկատմամբ: Ռուսաստանն, իհարկե, ինչ-որ բան անում է Հայաստանի համար, նպաստում է, որպեսզի մեր երկիրը շնչահեղձ չլինի, սակայն առնվազն անհասկանալի է ԵվրԱզեսի երկրների հետ ընդհանուր սահմաններ չունեցող երկրին այդ կազմակերպության անդամության պարտադրումը...

Քաղաքագետները կարծում են, որ`

- …նախագահի մոսկովյան հանդիպումներից անմիջապես հետո զսպանակի առաձգականությամբ կսրվի ներքաղաքական պայքարը Հայաստանում ու կսկսվի նախընտրական թոհուբոհը: Իսկ իրադարձությունները, պայքարի սրության աստիճանը, ինչպես նաև պայքարի մասնակիցների ճամբարների ընտրությունը պայմանավորված կլինեն, թե ինչ արդյունք ներ կգրանցվեն Մոսկվայում, կամ կգրանցվի՞ արդյոք որևէ արդյունք…