«ՄԻ´ ԳՆԱՑԵՔ ԿՈՐԾԱՆՄԱՆ…»


 

Մեր իրականության մեջ ամենաշատ արծարծվող ու քննարկվող խնդիրներից մեկը, թերևս, տարատեսակ աղանդների գործունեությունն է` դրանից բխող վնասակար հետևանքներով: Այս թեման, սակայն, երբեք ժամանակավրեպ համարվել չի կարող, այն պարզ պատճառով, որ աղանդավորական շարժումներն օրավուր ավելի ու ավելի են ակտիվանում, ստվարացնում իրենց շարքերը: Հստակ վիճակագրություն դեռևս գոյություն չունի, սակայն ըստ որոշ աղբյուրների` այսօր Հայաստանում ապրում է տարբեր աղանդների շուրջ 300 հազար հետևորդ, ինչն արդեն իսկ խիստ մտահոգիչ է: Խնդրի շուրջ մեր զրույցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և Բարեգործական ընդհանուր միության Հայորդաց տների տեսուչ, տնօրեն Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ է:

- Շատ մտահոգիչ խնդիր է: Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես Քրիստոսի, քրիստոնեության անունով հայտնված ինչ-որ խմբեր, առանց դավանաբանական հիմքի, ժողովրդի ուշադրությունն իրենց վրա են սևեռում: Այդպիսով նրանք պատճառ են դառնում, որ նման կառույցների հետևորդները դառնան ընդդիմադիր ուժ: Ընդդիմադիր` իրենց իսկ ազգին: Գաղափարական ընդդիմությունը միանգամայն հասկանալի է, բայց երբ գոյություն ունի կրոնական ընդդիմություն, ես դա չեմ կարող ընդունել: Դժբախտաբար շատերը չեն վերլուծում, որ այս կամ այն երկրներից եկած, տարբեր շարժումներ հիմնադրած այս մարդկանց գործունեությունն ինքնանպատակ չէ: Հենց այնպես ոչ ոք գումար չի տրամադրում: Նույնիսկ բարեգործություն անելու դեպքում մարդիկ նպատակ են հետապնդում: Իսկ այս երևույթը բարեգործության անվան տակ քաղաքական ծրագրի իրականացում է:

Ի՞նչ է հավատքը. Աստծո և մարդու միջև գոյություն ունեցող կապը: Այն մտայնությունը, թե միայն Ավետարան ընթերցելով կարելի է դառնալ կատարյալ քրիստոնյա, սխալ է: Ճշմարիտ քրիստոնյան չարից ոչինչ չունի հոգում: Հիշենք` ինչո՞ւ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից. որովհետև դարձան մեզանից մեկը, ճանաչեցին չարն ու բարին: Հենց չարի առկայությունն է, որ մարդուն հեռացնում է Աստծուց: Քանզի երբ հոգում առկա է չարը, չի կարող լինել նաև Տիրոջ առկայությունը. ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել: Մենք պիտի հասնենք այս գիտակցությանը, ի՞նչ ունեն նրանք մեզ տալու` դատարկ, անհիմն խոսքից բացի: Եթե ես իսկապես աստվածապաշտ եմ, կարիք չունեմ, որ ինչ-որ մեկը դրսից գա և ինձ հիշեցնի, որ ես Աստծուն եմ հավատալու: Աստծուն հավատալ նշանակում է ներսի աստվածային ներկայությունն արժևորել, որպեսզի այն միշտ կապի մեջ լինի համատիեզերական այն հոգու հետ, որին կոչում ենք Աստված:

Այս ամենի պատճառը մեր ժողովրդի ազնվությունը, բարությունն ու միամտությունն են: Քրիստոնեություն ասելով` մենք հասկացանք միայն Աստված կանչել, չհասկացանք Քրիստոսի կարևորագույն պատգամը:

Նա մեզ սովորեցնում էր` եղեք բարի աղավնիների նման, և օձերի նման եղեք խորագետ: Հիմա մեզ հարկավոր է օձերի պես խորագետ լինել, որովհետև մեր բարությունը շահագործում են: Ո՞ւր ենք գնում, ո՞ւր են մեզ տանում: Աստվածաշունչը հաստատում է` պետք է լինի հոտ և հովիվ, բայց խոսքը բանական հոտի մասին է, ոչ թե խոտակեր ոչխարների, որոնք գնում են ինչ-որ մեկի հե-տևից` առանց հասկանալու, թե իրենց ուր են տանում:

Մեկ այլ խնդրի ևս կցանկանայի անդրադառնալ, ինչը ևս անտեսվում է: Դառնալով որևէ աղանդավորական շարժման հետևորդ` Հայ Առաքելական Եկեղեցում մկրտված քրիստոնյան կրկին մկրտվում է: Մկրտության ժամանակ 3 խորհուրդ է կատարվում` 3 հատուկ աղոթքներ են կատարվում: Աղոթքը խոսք է, խոսքը` ուժ: Յուրաքանչյուր բառ իր հատուկ նշանակությունն ունի և հենց դրանց հավաքականությունն է, որ մեզ կապում է Աստծուն: 3 խորհուրդներով ենք դառնում հայ քրիստոնյա: Մկրտվում ենք ջրով, և մաքրվում է ադամական մեղքը: Երեխան, ջրով լվացվելով և աղոթքներով իր ջրային համակարգն է փոխում: Ջուրը հիշողություն ունի, և երբ աղոթք ենք կարդում, այն փոխում է իր ամբողջ բջջային կառուցվածքը: Մենք, ջուրը օրհնելով, երեխայի 75 տոկոսանոց ջրային համակարգն ենք ձևափոխում, ուղղորդում դեպի բարությունը: Ապա օծում ենք սուրբ մեռոնով, դրոշմում զգայարանները, հաղորդություն տալիս: Եվ հանկարծ աղանդները ջնջում են մեր վրայից այդ երեք խորհուրդների զորությունը: Մենք հայտնվում ենք երկնքի արքայության մեջ` առանց այդ դրոշմի նշանի: Սա նշանակում է, որ արքայության դռները փակվում են մեր առաջ: Ես կուզեի կոչ անել մեր ժողովրդին` մի´ գնացեք կործանման: Դրանք կեղծ մարգարեներ են: Դրանք քաղցկեղ են` իրենց մետաստազներով, երբ ամեն օրգան, առանձին գործելով, սպանում է մարմինը: Հիմա այս մարդիկ մետաստազային կետեր են ձևավորում, որ մարմինը մեռցնեն:

- Հայր Սուրբ, ինչպես շեշտեցիք` մոլորեցնողները հիմնականում խոսում են Հիսուս Քրիստոսի անունից: Գաղտնիք չէ, որ այսօր շատերը չեն կարող խորամուխ լինել և գիտակցել, որ բացակայում են դավանաբանական հիմքերը: Այս դեպքում` միջին քաղաքացին, որն ամեն րոպե կարող է ընկնել հոգեվորսների ծուղակը, ինչպե՞ս պետք է տարբերակի, թե որն է քայքայիչ աղանդը:

- Ես կարիք ունե՞մ, որ ինչ- որ մեկն իմ երկրում ինձ ասի, որ ես հայ քրիստոնյա եմ: Ես հարցին հարցով եմ պատասխանում. եթե թուրքը գա և փորձի ապացուցել, որ ես հայ եմ, բայց որպեսզի ավելի լավ հայ լինեմ, պետք է իր մոտ հայանամ: Այսինքն ես թուրքի մո՞տ պետք է հայանամ: Հնարավո՞ր է այդպիսի բան:

Նրանք պատրաստված են: Թակարդն առանց լարելու կարելի՞ է մուկ որսալ: Դեռ մի կտոր էլ պանիր են դնում` գրավելու համար: Նրանց խոսքն այդ մի կտոր պանիրն է: Ցավոք, կան մարդիկ, որ հանուն փողի ամեն ինչ վաճառում են: Մեզ հարիր չեն նման երևույթները: Մեզ հարիր չէ մեր հոգիները վաճառելը: Հուդա են դարձնում մարդկանց: Հուդայի վախճանն ինքնասպանությունն էր: Իսկ նրանք բոլորը դժբախտ մարդիկ են: Եկել ու իբր Քրիստոսի փրկության խորհուրդն են բերել մեր ժողովրդին: Այսպես չեն փրկվում: Փրկությունն ատելությամբ չի լինում: Այն միայն սիրո ճանապարհով է: Իսկ եթե ես ինձ սնած եկեղեցին չեմ սիրում, չեմ կարող որևէ մեկի սիրել:

- Հաճախակի համացանցում տեղ են գտնում Ձեր մտահոգությունները մեկ այլ բացասական երևույթի մասին: Օտարամոլությունը ևս մտահոգիչ է: Հատկապես երիտասարդ ների շրջանում ինչ- որ տեղ արհամարհելով մեր սեփական արժեքները, կուրորեն ընդունում են օտարինը` հաճախ չտարբերակելով վնասակարն ու օգտակարը.

- Օտարամոլությունն ախտ է, ինչպես ցանկացած մոլություն և մարդուն տանում է մեղքի ճանապարհով: Օտարասիրությունը մեզանում մոլության է հասնում երբեմն. այն ինչ օտարներից է գալիս, լավն է, իսկ ինչը իմն է, վատն է: Նշանակում է` կորցնում ենք մեր ինքնությունը: Մենք պարտավոր ենք հասկանալ, որ այն, ինչ դրսից է գալիս, դեռ չի նշանակում, որ լավն է: Մենք անբարոյականություն սերմանող արժեքների կարիքը չունենք: Այսօր ի՞նչ է քարոզվում, որ երիտասարդներն առանց ամուսնության կարող են միասին ապրել, ինչպես արևմուտքում, բայց ո՞ւր է հասցնում դա. դժբախտության: Մենք սա՞ ենք ուզում, ա՞յս վիճակին ենք ուզում հասնել: Այս վիճակին են հասցրել Եվրոպան, որտեղ այսօր արաբները մեծամասնություն են դառնում: Այսօր Ֆրանսիայում բուն ֆրանսիացիները ընդամենը 17 տոկոս են կազմում: Այսինքն` փոքրամասնություն են: Նույն միասեռականությունը. հայ տղամարդը չգիտեմ ինչ է դարձել: Կարո՞ղ եք ինձ բնության մեջ միասեռականության գոնե մեկ օրինակ ցույց տալ: Ասում են` ինչ-որ միջատ են գտել, որի արուն արուի հետ թե ինչ է անում, ես էլ չգիտեմ, որովհետև բնության մեջ նման բան լինել չի կարող: Միանման լիցքերը վանում են միմյանց: Արևմտյան արժեքն ինձ համար Բեթհովենն է, Բախն է, Մոցարտն է: Հանեք այս արժեքները Եվրոպայից, ոչինչ չի նա: Եվ հիմա մեզնից են խլում մեր ազգային սրբազնագույն արժեքները: Եվ ուզում են թողնել միայն կոմայգու դիմաց կանգնող մարմնավաճառ տղաների և երևանյան լճի մոտ կանգնող անբարոյական աղջիկների արժեքը: Այս ձևով ազգը չի կարող գոյատևել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ