Բարի ծառայություն և բարի վերադարձ


 

Մեկնարկել է աշնանային զորակոչը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ զորակոչի նախօրեին էր վստահեցրել, որ ինքը «հետևել և հետևելու է, որ զորակոչն անցնի բնականոն հունով, և որևէ խախտում չլինի»: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում նախարարը նշեց նաև, որ այս զորակոչին արդեն որոշ փոփոխություններ են իրականացվել.

- Նախևառաջ` բարձրացնելու ենք նախազորակոչային միջոցառումների իրականացման մակարդակը, դա կցագրումն է և 16 արեկանից սկսած` հետևելը տղաների առողջութ յանը: Ծնողները պետք է հետևեն և փորձեն բուժել երեխաներին 16-18 տարեկանում: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծեց, որ բարձրացվել է մարզային բժշկական հանձնաժողովների դերակատարությունը. այժմ զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովներն են որոշում տարկետման իրավունքը:

- Սա հաջորդ զորակոչերի ավելի արդար անցկացման համար հիմք է լինելու: Նախորդ զորակոչերի արդյունքում բազմաթիվ վատ երևույթներ ենք բացահայտել, եղել են պաշտոնանկություններ այն անձանց, ովքեր իրենց գործառույթը չգիտեն և մեր գաղափարական գործընկերները չեն:

Ակնհայտ է, որ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի զորակոչն անցնի անթերի և թափանցիկ, վերահսկված: Սակայն որքան էլ բանակը ցանկանա, եթե չլինի նաև հասարակության ու տեղական կառավարման մարմինների աջակցությունը, անթերի զորակոչ կազմակերպելը վերածվում է բարդ, անվստահության շղարշով պարուրված միջոցառման, և դեռ հնուց եկած բարքերը ծնողներին «ստիպում են» «լավ զորամաս փնտրել» և այլն:

Համապետական կարևոր այս միջոցառման իրականացումը լայն զանգվածների աջակցության և, ինչու չէ նաև վերահսկման կարիք ունի, քանզի բարոյական չէ զորակոչի ողջ պատասխանատվությունը թողնել բանակի ուսերին ու անհարգի քննադատել պաշտպանական գերատեսչությանը` բանակ զորակոչված յուրաքանչյուր հիվանդ զինվորի համար:

Բանակին աջակցելու, զորակոչը հստակ կազմակերպելու ավանդույթ է ձևավորվել, օրինակ, Արմավիրում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ:

Օրերս էլ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը ասվածի վկայություն է:

Ակնհայտ է, որ բանակ մեկնող նորակոչիկը միշտ հիշելու է տոնական այս գեղեցիկ միջոցառումը և, բնական է, հենց առաջին օրվանից փոխվելու է վերաբերմունքը բանակի ու ընդհանրապես ծառայության նկատմամբ:

Մարզպետը նաև հոգացել էր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու հարցը: Հավելենք նաև, որ Աշոտ Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում է բանակում ծառայող թե´ զինվորների, թե´ նրանց ծնողների խնդիրները: Բազմիցս կազմակերպել են ծնողների այցեր զորամասեր, իսկ միջոցառման ժամանակ Արմավիրի մարզից զինծառայության զորակոչված և Զինված ուժերում բարեխղճորեն ծառայող մի շարք զինծառայողների ծնողների հանձնվել է հրամանատարության անձնակազմի շնորհակալական նամակները:

Ցանկացած ծնողի համար իրոք հպարտություն է, որ հիշվում և մեծարվում է, արժանանում է հանրության գովասանքին: Հետագայում այլևս անվստահության, ասեկոսեների, կասկածամտության և վախի զգացումով չէ, որ իրենց որդիներին կճանապարհեն ծառայության:

Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե ցանկացած գյուղական համայնք, քաղաքատիպ ավան, մարզպետարան նման գեղեցիկ միջոցառումներով աջակցեն զորակոչի ընթացքին, բնական է, որ զորակոչը կընթանա հավուր պատշաճի:

Ասվածի վկայությունն է «Սարդարապատի» միջոցառման մասնակից տիկին Անահիտի խոսքերը.

- Գոհ եմ ջերմ ընդունելությունից: Անցած տարի էլ պարոն Ղահրամանյանը նման միջոցառում կազմակերպեց այստեղ. ես մյուս տղայիս էի բանակ ուղարկում: Էս տարի էլ ամեն կերպ օգնում է մեզ, զինվորի կողքին է: Առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթ է տվել տղաներին:

Տիկին Անահիտը երկրորդ որդուն է բանակ ճանապարհում: Թեև մի փոքր հուզված է, սակայն հպարտ ու համոզված է, որ իր այս որդին էլ ծառայությունից կվերադառնա կոփված և հոգեպես հասունացած, ինչպես ավագը` Արթուրը:

Հաջորդ զրուցակիցս` երիտասարդ մի տղա, ինքն առաջարկեց զրուցել իր հետ.

- Ինձ հետ էլ զրուցեք:

Երբ փորձեցի պարզել` ինչո՞ւ հենց իր հետ, ասաց, որ ինքը նույնպես զորակոչիկ է.

- Անունս Գեղամ ա, լավ հիշեք, որ հետո իմ մասին նյութ եք գրելու, ես ինձ հլը ցույց կտամ բանակում:

Արմավիրցի Գեղամն էլ էր հախուռն ոգևորությամբ բանակ գնում, ասաց` ուզում է հետախույզ դառնալ, հինգ մատի պես գիտի զինվորական կանոնագիրքը: Այս օրվան շատ է սպասել: Երբ ցանկացա ազգանունը ճշտել, չհայտնեց.

- Անունս էլ ա հերիք,- ասաց ու նստեց զինվորական մեքենան:

Գագիկ ՂԱԶԱՐՅԱՆ