Դատախազը` պոռնոֆիլմում


 

Ուր էլ ապրես, ինչով էլ զբաղվես` միևնույն է, մի օր արարքներիդ համար հաշիվ պահանջում են: Իսկ պոռնոգրաֆիկ ֆիլմում նկարահանվելը, պարզվում է, այնքան էլ «անշառ» արարք չէ` որ երկրի քաղաքացի էլ լինես: Նյու-Յորքի նահանգի Կորտլենդ մարզի դատախազ Մարկ Սաբենն անցյալ դարի 70-ական թվականներին պոռնոֆիլմերի երկրպագուներին «գեղագիտական» հաճույք էր պատճառել, իսկ օրերս նախընտրական քարոզարշավում ստիպված է եղել խոստովանել հին «փեշակը»: Իր անցյալի այդ մանրամասներին նա անդրադարձել է հատկապես այդ առթիվ հրավիրած մամլո ասուլիսում: Համացանցում հայտնված տեսահոլովակի առնչությամբ նա պարզապես չէր կարող բացատրություն չտալ (հաղորդել է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը):

Մարզային դատախազի պաշտոնը Սաբենը զբաղեցնում է 2008 թվականից ու հիմա հավակնում է վերընտրվել երկրորդ ժամկետով: Չորս տարի առաջ նման խնդիր չէր ծագել, բայց հիմա` քարոզարշավի ամենաթեժ ու վճռորոշ պահին, թեժացել են նաև խոսակցությունները` նրա արտիստական անցյալի մասին: Պաշտոնյան նախ փորձել է հերքել, սակայն You Tube-ում հայտնված արխիվային տեսանյութերը համառ փաստեր են:

Հետաքրքիր է, անկեղծ խոստովանությունը կօգնի՞ նրան վերընտրվել: