Համակարգչային լրտեսում


 

Թույլատրելին ու անթույլատրելին հաճախ տարանջատվում է` արարքը բացահայտելուց հետո: Բացահայտում ասվածն էլ հաճախ հարաբերական է. մանավանդ պետական օթյակներում: Օրինակ, որ համակարգչային հատուկ վիրուսով հնարավոր է տեղեկատվություն քաղել ցանկացած օգտատիրոջից` գաղտնիք չէ: Եվ ոչ միայն համակարգչով. հեռախոսային գաղտնալսումները նույնպես տարածված պրակտիկա է: Նույնիսկ դժվար է ասել, թե դիցուք ոստիկանության կամ անվտանգության ծառայությունների կողմից այդ կերպ որոշակի տեղեկատվություն ճշտելը մարդկանց իրավունքի ոտնահարո՞ւմ է, թե՞ ոչ: Ոտնահարում է` հետամտվող քաղաքացու համար, իսկ նշյալ մասնագետների համար դա պաշտոնական պարտականություններ կատարելու գործընթաց է: Իհարկե, դա անթույլատրելի է ցանկացած պարագայում: Եվ ահա Վրաստանի ՆԳ նախարարության 12 աշխատակիցներ ձերբակալվել են համակարգչային վիրուս ստեղծելու և օգտագործելու համար: Այդ վիրուսի օգնությամբ նրանք մուտք են գործել քաղաքացիների համակարգիչներ և դրանցից տեսա-ձայնագրություններ են կատարել: Անցյալ ուրբաթ հրավիրված արտակարգ ասուլիսում այս մասին հայտարարել է երկրի դատախազ Արշիլ Կբիլաշվիլին:

- Այդ վիրուսի օգնությամբ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները տեսա-ձայնագրություններ են կատարել և տեղեկատվություն ձեռք բերել քաղաքական կուսակցությունների ու կրոնական կազմակերպությունների համակարգիչներից,- Կբիլաշվիլիի խոսքը մեջբերել է «Նովոստի Գռուզիա» գործակալությունը:

Մասնավորապես, ՆԳՆ-ն «հետախուզել» է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի, «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչների համակարգիչները: 12-ի ձերբակալումը խորհրդարանական ընտրություններին հաջորդած` կառավարության փոփոխությունից հետո Վրաստանում երկրորդ աղմկահարույց գործն է:

Հանցագործներին բացահայտելն ու պատժելը, ինչպես ասում են` «սուրբ գործ» է: Եթե, իհարկե, դա նախկինների հանդեպ սոսկ վրեժխնդրության արդյունք չէ: