ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ


 

Հայկական հին  ասացվածք կա. «Մինչև ջորու դնչին չխփես, չի խոստովանի, որ էշի ցեղից է»: Երևի Թուրքիայում և Ադրբեջանում հաճախ են կարոտում այս «խփոցներին», երևի շատ են ցանկանում, որ իրենց անհեթեթությունները պատասխանվեն: Եվ Հայաստանն էլ պատասխանում է: Ի դեպ, օրերս էլ Անկարայի քաղաքապետն է հրապարակավ ասել, թե Հայաստանը չի դադարում պահանջներ ներկայացնել, բարձրացնել Ցեղասպանության հարցը... Երևի թուրք քաղաքապետին թվում է, թե հայերն ու Հայաստանը պիտի լռեն, իսկ իրենք շարունակեն իրենց ապօրինությունները:

Որքան էլ սեղմվում է օղակը Թուրքիայի շուրջ, այնուամենայնիվ այս երկիրը հանգիստ չի գտնում և շարունակում է կատարել իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանի պահանջներն ու հարձակումներ գործել Հայաստանի վրա: Հայաստանում, իհարկե, արդեն «իմունիտետ» են ձեռք բերել և երբեմն չեն արձագանքում: Սակայն վերջին շրջանում հայաստանյան իշխանութունները որոշել են լռություն չպահպանել և ճիշտ տեղին պատասխանել թուրք պաշտոնյաներին` այսպես նաև հասկացնել տալով աշխարհին, որ այդ երկիրը վարժվել է «մեկ լարի» վրա նվագել:

Օրերս Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Բնականաբար, Հայաստանը չէր կարող չարձագանքել այս հայտարարությանը: Թուրք պաշտոնյայի այս ճամարտակումին արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

- Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է: Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը` նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների`  հայերի հույների և  ասորիների  նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետութ յան հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը: Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ: Հետևությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ