ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՍԽԱԼՎԵԼ


 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս արած այն հայտարարությունը, թե գյուղացիներից շատերը հրաժարվում են 100-120 հազար դրամ աշխատավարձից, վաճառում իրենց անասունները` նպաստ ստանալու համար, պարզվում է, ունի իր հիմնավորումները: Առաջինը վարչապետի հայտարարությանն արձագանքել է Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` հաստատելով, որ հանուն նպաստի` մարդիկ իրենց ունեցած անասունը վաճառում էին: Եվ դա էդ մարդկանց նյութական վիճակը բավականին վատացրեց:

Սյունիքի մարզում շատ գյուղացիներ են այդպես վարվել, հրաժարվել են անգամ իրենց հողատարածքներից: Ինչպես մարզպետն է վկայում` մարզում մոտ 40 հազար հեկտար հողատարածք կա, սակայն գյուղացիները հրաժարվում են զբաղվել հողագործությամբ:

Հրաժարվում են նաև մեծ գլխաքանակով անասուններ պահելուց: Իհարկե, անհասկանալի ու զարմանալի է թվում, թե հանուն 30-50 հազար դրամի` ինչու՞ են մարդիկ հրաժարվում իրենց ունեցվածքից: Եվ, անշուշտ, սա կարող է տարօրինակ թվալ: Բայց գաղտնիքը բացահայտեցինք` հետաքրքրվելով այն արտոնություններով, որոնցից օգտվում են նպաստառուները: Այս նպաստառուների գերակշռող մեծամասնությունը ազատվում է մի շարք հարկերից, նրանց երեխաները բարձրագույն ուսումնական հաստատություններում օգտվում են զեղչային համակարգից, ոմանք ազատվում են հողի հարկից: Իսկ դե փոքրիկ տնտեսություն կարելի է ունենալ, ինչն էլ հնարավորություն կտա հոգալ ընտանիքի պետքերը: Ասվածի ապացույցն այն է, որ Սյունիքի մարզի շատ գյուղերում երիտասարդությունը սկսել է հագնվել ժամանակակից, վարել թանկարժեք մեքենաներ: Այդ մեքենաների մեծ մասը հաշվառված է տարբեր հարազատների անուններով, որպեսզի ընտանիքը չզրկվի նպաստից:

Մենք ծանոթացանք նաև Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի տվյալներին: Գեղարքունիքի մարզում քիչ չեն նպաստառուները, սակայն նրանք չեն վաճառել իրենց անասունները` նպաստից օգտվելու համար: Անասնակերի թանկացող գները, անասուններին պահելու դժվարությունները, հողի հարկը, գյուղատնտեսական աշխատանքների համար գանձվող ծառայությունների և բուժանյութերի բարձր գներն էլ ստիպել են մարդկանց հրաժարվել իրենց ունեցվածքից:

Վարչապետը, այո´, չի սխալվում, սակայն շատ լավ կլիներ, որ պետությունը կատարեր իր խոստումը, ստեղծեր մեքենատրակտորային կայաններ, բուժանյութի տրամադրումն իրականացներ իր վերահսկողությամբ: Այդ դեպքում գուցե ոմանք զսպեին իրենց ախորժակն ու չփորձեին հարստանալ գյուղացիների աղքատացման հաշվին: