ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


 

Գյումրու քաղաքապետն արդեն կազմել ու ավագանուն է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքները: Համաձայն հաստիքացուցակի` քաղաքապե տարանը կունենա  691 աշխատակից: Ընդորում, ուշագրավն այն է, որ քաղաքապետն իրեն հատկացրել է հինգ խորհրդական: Այսքան խորհրդական երկրի նախագահն ու վարչապետն ունեն: Դե, Բալասանյանն էլ որոշել է հետ չմնալ նրանցից: Ու որպեսզի իրեն լավ խորհուրդներ տան, խորհրդականների համար աշխատավարձ է սահմանել 180 հազար դրամը:

Ուրեմն, ամիս ամիս պետական սուբսիդիայից  և քաղաքային բյուջեից պիտի 900 հազար դրամ տրամադրվի խորհրդականներին:

Ինքն իրեն սահմանելով 270 հազար դրամ աշխատավարձ` քաղաքապետն իր տեղակալների համար էլ որոշել է 216 հազար դրամը: Նշենք, որ ՏԻՄ օրենքով արգելվում է երկու փոխքաղաքապետ ունենալը, բայց ահա քաղաքապետը չի կարող նեղացնել իր փեսային և սանիկին, ուստի հանուն նրանց` որոշել է օրենք խախտել…

Քաղաքագլխի տեղակալներից ամեն մեկն էլ 170 հազար դրամ աշխատավարձ ստացող օգնական է ունենալու: Բաժինների պետերի համար Բալասանյանը սահմանել է 180 հազար դրամ աշխատավարձ, բայց ահա առաջատար և առաջին կարգի մասնագետները ստանալու են 80-60 հազար դրամ աշխատավարձ: Սա արդեն անարդարություն է. ստացվում է, որ բաժնի պետի աշխատավարձը 100-120 հազար դրամով գերազանցելու է մասնագետի աշխատավարձին: Թե ի՞նչ տրամաբանությամբ է քաղաքապետը դիմել սոցիալական և մասնագիտական նման անարդարության` դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ նա էլ իր հերթին է անարդարություն սերմանում…