ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Դեռ երեկ նա ոգևորված պատմում էր, որ նախնական զինպատրաստության կադրերի ուսուցման կենտրոն ստեղծելու իր ծրագիրը հավանության է արժանացել ու շուտով կսկսվեն դասերը: Մեկ ամիս առաջ էր սրտի տագնապով հայտնվել հիվանդանոցում, բժիշկները հորդորել էին հանգիստ մնալ, խուսափել հոգնեցուցիչ աշխատանքից, բայց նա աշխատում էր նախկինի պես` ոգևորված, անմնացորդ, եռանդով ու նվիրվածությամբ: Ավաղ, սիրտը չդիմացավ: Գնաց մեր սիրելի ընկերը` Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ավագ զինղեկ, թիվ 139 դպրոցի զինղեկ, գնդապետ Ալբերտ Հայկազի Մուրադյանը: Գնաց` միանալու իր հարյուրավոր մարտական ընկերներին, որոնց հետ կիսել էր մեզ պարտադրված պատերազմի դառնություններն ու թանկ կորուստները: Այս տարվա մարտին վաթսունամյակն էր: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետի կոչում ստացավ: Անկեղծ հրճվանք ապրեց, քանզի ի ծնե զինվորական էր, սիրում էր այդ հայրենանվեր գործը, սպայական համազգեստը նվիրումով ու պատասխանատվության մեծ զգացումով էր կրում: Իննսունականների դժվարին օրերին մի ոտքը Երևանում էր, մյուսը` Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Պատերազմի թոհուբոհի մեջ համոզվեց, որ ինքն ավելի օգտակար գործ արած կլինի` հրացան բռնել չիմացող տղաներին ռազմական գործ ուսուցանելով: Պատերազմն ավարտվելուց հետո ռազմական գործ էր ուսուցանում Ոստիկանության ակադեմիայում, Ռազմական ինստիտուտում: Զորացրվելուց հետո էլ իրեն առանց համազգեստի, ապագա զինվորների չէր տեսնում: Երևանի թիվ 139 դպրոցում նրա վարած նախնական զինպատրաստության դասերն աչքի էին ընկնում պրոֆեսիոնալիզմով, պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարա կության բարձր մակարդակով: Պատահական չէ, որ այս դպրոցի սաներից շատերը բռնեցին զինվորական դառնալու ճանապարհը, դպրոցը բազային դարձավ համայնքի համար: Ալբերտ Մուրադյանը հմուտ զինվորական, հայրենիքի նվիրյալ զինվոր լինելուց բացի նաև սրտացավ ընկեր էր, ընտանիքի անթերի հայր ու ամուսին: Գնաս բարով, սիրելի ընկեր, թող մայր հողը թեթև լինի վրադ, հիշատակդ` հավերժ: