Մեր հույսերի ու սպասումների Ամանորը


Հատկապես նախկինում` տարեմուտի նախապատրաստական աշխատանքներում, առանցքային դեր ունեին մաքրագործման արարողությունները, որոնց մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները: Սակայն առաջին հերթին հոգևոր մաքրություն էր անհրաժեշտ: Գալիք տարվա շեմին փորձում էին մոռանալ բոլոր տեսակի դժբախտությունները, վիրավորանքները, ազատվել տհաճ հիշողությունների ծանր բեռից: Մտերիմներն ամեն գնով հաշտեցնում էին գժտվածներին: Ամանորի գլխավոր խորհրդանիշ տոնածառն ամենևին էլ գունավոր լույսերով զարդարված փայլփլուն եղևնի չէր, այլ ձիթենու կամ խնկենու չոր ճյուղ, որը զարդարում էին գալիք տարվա պտղաբերությունն ու առատությունն ապահովող զանազան անուշեղենով, մրգերով, ցորենի հասկերով և չարխափան միջոցներով: Յուրաքանչյուր օջախում իր պատվավոր տեղն ուներ նաև մեկ այլ` ավելի փոքր` Չաթալ կոչվող ծառը, որի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր բաժին մոմն էր վառում: Տոնի գլխավոր արարողություններից էր զանազան ուտեստների պատրաստումը: Ու թեև նախկինում էլ Ամանորի սեղանն առատ ու ճոխ էր, սակայն բացակայում էին կենդանական ծագում ունեցող մթերքներով պատրաստված ուտելիքները, քանի որ հունվարի 1-ը մտնում է Սուրբ Ծննդյան մեկշաբաթյա պահոց օրերի մեջ: Սեղանները հարուստ էին կյանքն ու պտղաբերությունը խորհրդանշող հատիկեղենով` սիսեռ, ոսպ, ոլոռ, բրինձ, ձավարեղեն, զանազան կանաչեղենով պատրաստված կերակուրներ, փոխինդի գնդիկներ, չոր և թարմ մրգեր: Իսկ հիմնական զարդը լոբին էր, քանի որ դրա պատիճը խորհրդանշում է ընտանիքը, իսկ հատիկը` սաղմը: Ամանորի նախօրեին պարտադիր հաց էին թխում: Խմորը շաղում էր մանկահասակ աղջնակ` առանց թթխմոր խառնելու: Այն պետք է ինքնաբերաբար թթվեր և դառնար գալիք տարվա առաջին թթխմորը: Ապա թխում էին տոնի ամենակարևոր խորհուրդը` ծիսական հացը կամ տարեհացը: Դրա մեջ որևէ նշան էր դրվում, ավելի հաճախ` դրամ, որն ընդունված էր անվանել «դովլաթ»: Տարեհացը բաժանում էին ընտանիքի բոլոր անդամներին, և ում բաժին հասներ դովլաթը, նա մեծ հաջողություն կունենար գալիք տարում: Սեղանների զարդն էին զանազան այլ խմորեղեններ ևս, որոնք ունեին կանխատեսելու, հմայելու, չարը խափանելու նպատակ: Օրինակ հայտնի ասիլիկ-վասիլիկներ կոչվող մարդակերպ գաթաները: Գուշակությունն արվում էր հետևյալ կերպ. Դիցուք, տան նորահարսի պատկերով գաթա էին թխում, ու եթե այն փքվեր, հավատում էին, որ այդ տարում տանը նոր ծնունդ կլինի: Տոնն ուղեկցվում էր բազմաթիվ այլ հետաքրքիր արարողություններով: Կեսգիշերին դուռը բաց էին թողնում, որ դժբախտությունները հեռանան: Կամ, դռան շեմին կարմիր կտոր էին փռում, քանի որ հենց այնտեղ են հանդիպում չարն ու բարին: Ամանորը նորի սպասում էր: Ակնկալիքների ու հույսերի սպասում: Այս ամենի հետ կար անխախտ հավատ, որ գալիք տարին ավելի բարեկեցիկ կլինի, և տոնի անբաժանելի մասը կազմող բոլոր արարողություններն ու ծեսերն ուղղված էին դրան: Այսօր ժամանակին համընթաց բազմաթիվ ավանդույթներ դուրս են մղվել մեր կենցաղից: Փոխվել է հոգեբանությունն ու տրամաբանությունը: Իսկ տոնի ողջ խորհուրդը կարծես պարփակվել է միայն ուտել-խմելու մոլուցքի մեջ: Սակայն ամանորի սեղանների առատության ու ճոխության մեջ ավելորդ չի լինի գոնե մեկ ավանդական ուտեստի առկայությունը: Սիսեռից գնդիկներ Սիսեռ, հոնի չիր, ընկույզ, աղ, չամիչ, ալյուր, ջուր, հիլ Սիսեռը նախօրոք թրջում են և գոլ ջրում պահում որոշ ժամանակ, որից հետո ձեռքով շփելով` միջուկն անջատում են կեղևից: Եփում են 10-15 րոպե և կրկին նույն գործողությունը կատարում: Ապա սիսեռն աղում են մսաղացով, ավելացնում գոլ ջրում թրջած և կորիզներից անջատված հոնի չիր, ընկույզի ծեծած միջուկը, քիշմիշ, աղ, հիլ: 2 ճաշի գդալ ալյուրը բովում և քիչ ջրով բացում են ու եփված թանձր խյուսը լցնում սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստում են կոլոլակներ: Մատուցելիս կոլոլակները շարում են սկուտեղի վրա և համեմում կանաչիով:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ