Նախանշաններ


Գուցե սնահավատ, բայց երջանկության ակնկալիքով: Ինչպես ասում են` կուզեք հավատացեք, կուզեք` ստուգեք: Իհարկե` կարող եք նաև անտեսել ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31. Ուրախ աղմուկն ու առատ սեղանը անհոգ և կուշտ տարի են խոստանում: Որոշ երկրներում ամենալավ ու նոր հագուստը և զարդերը հարուստ լինելու նախանշան են: Իսկ հին հագուստն ու կոշիկները շեմից դուրս են նետում, որպեսզի անհաջողությունները մնան անցյալում: Մթնշաղին տանտերը ձախ ձեռքի ափով 3 անգամ հարվածում է պտղատու ծառի բնին, որպեսզի բերքն առատ լինի: ՀՈՒՆՎԱՐԻ 1. Չի´ կարելի տունը մաքրել. մանավանդ` ավլել ու լվանալ հատակը, աղբը թափել. դա կորուստներ և վնաս է գուշակում: Չի կարելի նաև շատ աշխատել, այլապես նորեկ տարին կանցնի անընդհատ աշխատելով: Փոխարենը մինչև լուսաբաց փորձեք նայել երկնքին (ոչ անընդմեջ, իհարկե). եթե աստղերը շատ են, ուրեմն տարին բերքառատ կլինի: Հիշեք` որքան շատ մարդկանց շնորհավորեք` այնքան շատ հաջողություն կարող եք սպասել նոր տարուց: ՀՈՒՆՎԱՐԻ 2. Ասում են` հատկապես այս օրվա տրամադրությունը գերիշխող կլինի տարվա ընթացքում: Ժամանակն է թարմացնել սեղանը (թարմ ուտեստեղենով), հագուստը կարող է և շքեղ¬տոնական չլինել, բայց դեռևս ամենօրյա աշխատանքայինին, առավել ևս` անփույթ-տնայինին անցնել դեռ չարժե: Մի սպասեք, որ ուրիշները ձեզ այցելեն. ինքներդ գնացեք մտերիմների մոտ: Հիշեք` տոնը դեռ չի ավարտվել: Հաճելի անակնկալներ մատուցեք, և տարին ձեզ համար անակնկալներով հարուստ կլինի: ՀՈՒՆՎԱՐԻ 5, 6. Գոնե այս օրերին եկեղեցի չգնալ պարզապես անկարելի է: Չեք մոռացել, իհարկե, որ Նոր տարվա գլխավոր խորհուրդը Սուրբ Ծննդյան տոնն է: Առավել ևս` եթե կարողացել եք նաև ձեզ չզրկել պահեցողության վայելքից: Հունվարի 5¬ի երեկոյան ճրագալույցի լույսը ողջ տարվա ընթացքում Տիրոջ բարեհաճությունը կպարգևի, իսկ հունվարի 6¬ին ջրօրհնեքի մյուռոնաջուրը կամոքի ձեր մարմինն ու հոգին: Ինչպես հայտնի է` ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոները նշում է հունվարի 6-ին` հավատարիմ մնալով հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին: Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոն, պահոց շրջան է: Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Այդ օրերին տներ տարվող եկեղեցում վառված ճրագները խորհրդանշում են աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո կատարվող Ջրօրհնեքը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ