ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ` ՏԱՐԵՄՈՒՏԻ ՇԵՄԻՆ


Լրագրողական ժանրերն օրավուր պակասում, մոռացության են տրվում մեր մամուլում: Դրանցից մեկն էլ ռեպորտաժն է: Տարեմուտի շեմին որոշեցինք այդ ժանրի օգնությամբ ներկայացնել այն տրամադրություններն ու մտորումները, որոնցով ապրում են մայրաքաղաքի բնակիչներից շատերը: Ոմանք հաճույքով կանգ էին առնում, խոսում, մի մասն էլ` խուսափում էին ձայնագրիչից… Հանրապետության հրապարակում առաջինը զրուցեցինք տարեց լուսանկարչի հետ… Գարեգին ԶԱՐԳԱՐՅԱՆ - 67 տարեկան, լուսանկարիչ. Վերջերս իմացա, որ պետական պաշտոնյաներից մեկը հրաժարական է տվել էն բանի համար, որ սիրտը չի տարել` տեսնելով մեր երկրի վիճակը… Ուրեմն ազնիվ մարդ է: Հա, մեր վիճակն էնքան էլ լավերից չի: Շատ բան դժվար է, ծանր է: Իհարկե, մեզանից դժվար ապրող երկրներ էլ կան, այ, թեկուզ Հունաստանը: Մեր հայերը գնում են էնտեղ, որ լավ ապրեն, բայց Հունաստանում վիճակը շատ ծանր է: Ճգնաժամն էդ հրաշք երկրին շատ է խփել: Էդ հարցում մեր բախտը մի քիչ բերեց: Շուտով նոր տարի է գալիս, էս հրապարակում շատ հարմար է աշխատել, ահագին մարդ է գալիս նկարվելու: Ասում էին, թե մեր արհեստը վերանում է, բայց չէ, էլի հաճախորդներ ունենք: Թող մարդիկ Նոր տարվա առթիվ նկարվեն, միշտ հիշեն էս նշանավոր պահը: Ես արդեն սկսել եմ մարդկանց շնորհավորել. մի տեսակ զարմանում են, հետո էլ` ժպտում: Այ, ինչքան լավ կլինի, որ միշտ ժպտանք… Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ - 19 տարեկան, ԵՊՀ ուսանողուհի. Երբ ինձ մոտեցաք` զարմացա… Շտապում եմ, քննությունների եմ պատրաստվում, պիտի գրադարան հասնեմ… Տրամադրությունս շատ բարձր է, լավ պատրաստվել եմ քննություններին, հիմա էլ գնում եմ գրքեր վերցնեմ… Նայում եմ տոնածառին և շատ եմ ուրախանում: Աշխարհի ամենասիրուն տոնածառն է: Քաղաքապետն էլ խոստացել է, որ տարեմուտին ճոխ հանդես է լինելու: Քննություններս հանձնեմ, որ կարողանամ լավ ուրախանալ: Ուզում եմ բոլորին-բոլորին շնորհավորել, ամենալավ բաները մաղթել, ցանկանալ, որ գալիք տարում մեր քաղաքն ավելի գեղեցկանա: Եվ շատ եմ ուզում, որ իմ հասակակիցները, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, ընդմիշտ գան Հայաստան: Երբ միասին ենք` մենք ուժեղ ենք: մտորումները, որոնցով ապրում են մայրաքաղաքի բնակիչներից շատերը: Ոմանք հաճույքով կանգ էին առնում, խոսում, մի մասն էլ` խուսափում էին ձայնագրչից… Հանրապետության հրապարակում առաջինը զրուցեցինք տարեց լուսանկարչի հետ… Առուստամ ԱՐՇԱԿՅԱՆ. 38 տարեկան, միկրոավտոբուսի վարորդ. Ահագին հոգնած եմ, առավոտվանից քշում եմ… Երևի Երևանի կեսն արդեն անցել եմ: Այս օրերին լարվածությունը մեծանում է` ավելի ես հոգնում: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ պայուսակներով ավտոբուս բարձրացող մարդկանց: Նշանակում է` մարդիկ հնարավորություն ունեն Սուրբ Ծնունդն ու Նոր տարին նշելու: Դա լավ է: Մի հինգ-վեց տարի առաջ այս օրերին շատերը չէ, որ կարողանում էին պատրաստվել Ամանորին: Ես սեղանների պարունակությանն այնքան էլ կարևորություն չեմ տալիս: Թող խաղաղ տարի լինի, թող իմ երեխաներն առողջ լինեն` ավելի կարևոր է: Իսկ Նոր տարվա սեղանին միշտ էլ տեղավորելու լավ ուտելիքներ կգտնվեն, որովհետև մենք` հայերս, կարողանում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ընտանիքներն ուրախ լինեն: Դե, ձեր գործերին հաջողություն, բոլորիս հաջողություն: Թող անպատերազմ տարի լինի… Տեր Ահարոն քահանա. ՍԱՖԱՐՅԱՆ. 66 տարեկան, Մուղնու վանքի վանահայր. Ուրախ եմ, որ ձեր թերթը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս և զրուցում է մարդկանց հետ: Ես միշտ կարդում էի ձեր թերթը, բայց հիմա Մուղնիում այլևս թերթ չի գալիս: Փոխանցեք ձեր բոլոր ընթերցողներին իմ շնորհավորանքները, օրհնանքը: Թող մեր տեր Հիսուս Քրիստոսի հովանավորությունը միշտ անպակաս լինի: Թող հավատքով ապրի ամեն մի հայ մարդ: Երբ հեռանում ես հավատքից` հայտնվում ես անորոշության և անհայտության մեջ, ոտքիդ տակից սահում է հողը… Թող Նոր տարում բոլոր մոլորվածները վերադառնան հարազատ եկեղեցու գիրկը, և միասնաբար պայքարենք աղանդների դեմ: Ես ուզում եմ այսօր շնորհավորել հատկապես հայ գյուղացիներին, քանի որ ես առավոտից իրիկուն տեսնում եմ նրանց աշխատանքն ու չարչարանքը: Թող Աստված նրանց չարչարանքը վարձատրի հազարապատիկ ձևով, թող իրենց համար երջանիկ տարի լինի: Ռիմա ՍԱՐՎԱԶՅԱՆ _ 68 տարեկան, «ԷՐԵԲՈՒՆԻ» բժշկական ինստիտուտի կադրերի բաժնի վարիչ. Նախ, ուզում եմ նշել, որ 2011 թվականը շատ լավ տարի էր մեր ընտանիքի համար. բանակում ծառայող թոռնիկս երկու անգամ արձակուրդ եկավ, ուրախացանք նրա ներկայությամբ… Մենք գնացինք Իջևան, տեսանք նրան: Նաև ունեցանք ֆինանսական հաջողություններ: Հույս ունեմ, որ 2012-ն էլ շատ լավ տարի է լինելու: Ամենակարևորն այն է, որ մեր երկիրը զերծ մնաց այն ցնցումներից, որոնք մեզ շրջապատող երկրներում եղան: Կարողացանք դիմակայել դժվարություններին: Գալիք տարում թող բոլորի տներում երջանկություն և ուրախություն լինի, թող Հայաստանում միշտ իշխի խաղաղությունը: Նաև հույս ունեմ, որ լավ ընտրություններ կունենանք, կկարողանանք այնպիսի մարդկանց ընտրել, ովքեր կմտահոգվեն մեր խնդիրներով: Գերասիմ ԹՌՉՈՒՆՅԱՆ _ 87 տարեկան, կենսաթոշակառու. Ուզում եք` ես ձեզ համար մի ոտանավոր արտասանեմ, ինքս եմ գրել: Նվիրել եմ Նոր տարվան և Սուրբ Ծննդին: Ծոռնիկիս համար եմ գրել, որ մանկապարտեզում արտասանի. Սուրբ Ծնունդ է և Նոր տարի, Ձյուն է տեղում փաթիլ-փաթիլ, Թող որ տարին լինի բարի, Ժպտան անվերջ ծաղիկ ու ծիլ: Թող մեր անուշ Հայաստանում Զանգեր հնչեն տարեմուտի, Տարին բերի խաղաղություն Բոլոր մարդկանց այս աշխարհի…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ