ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ Բանասիրական գիտությունների դոկտոր, գրող


ՀԱՍՑՆԵՆՔ ՎԱՅԵԼԵԼ Անցնող տարին ինձ համար հոբելյանական էր` դարձա 75 տարեկան: Շատերը շնորհավորեցին, շատերը բարեմաղթանքի խոսքեր ասացին: Հանդիսություններ եղան… Ուրախացա, սակայն նաև տխրեցի. մի տարով էլ մեծացա, մի տարով էլ հեռացա երիտասարդությունիցս, մի տարով էլ հեռանալու ժամանակը մոտեցավ… Ուրախությունն ու տխրությունը միշտ իրար հետ են, միշտ` իրար կողքի: Ասում են` սա բնության ու աշխարհի ներդաշնակությունն է: Սակայն ներդաշնակությունները միշտ չէ, որ ընդունելի են… Ես բոլորին առողջություն ու երիտասարդություն եմ մաղթում: Ծերունի Գյոթեին մահից օրեր առաջ հարցնում են, թե` ինչ չի հասցրել անել կյանքում: «Ֆաուստի» հեղինակը պատասխանում է. «Չհասցրեցի լավ վայելել երիտասարդությունս»: Հիմա ես մաղթում եմ, որ բոլորը լավ վայելեն իրենց երիտասարդությունը… Նաև մաղթում եմ, որ գալիք տարում առավել ուշադիր և հոգատար լինենք մայրենի մշակույթի և հատկապես նրա հենասյան` լեզվի հանդեպ: Մենք շատ դաժան ենք վարվել մեր լեզվի հետ, հաճախ ենք աղավաղել այն, սակայն լեզուն «դիմացել է» մեր կողմից իրեն տրված չարչարանքներին: Բայց այլևս չի կարող դիմանալ… Ամեն ինչ անենք, որ գալիք տարին դառնա լեզվի պահպանության տարի: