Ոչ թե ընդդեմ, այլ հանուն


Եվրոպային մեր երկրի ինտեգրման ճանապարհին առաջացող խնդիրները նույնիսկ նախատոնական օրերին ստիպում են Խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ողջ օրը զբաղվել իրենցով: Այնուամենայնիվ, Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հաճույքով զրույցի բռնվեց` առաջարկվող թեման իմանալով: - Այս հարցն «Ավանգարդը» բոլորին է ուղղել. ի՞նչ կմաղթեիք Հանրապետության նախագահին: - Երբ մեր ժողովրդին հարցնում են, թե ամենաշատն ինչի՞ց են դժգոհ, ինչի՞ պակաս են զգում, մեծ մասը պատասխանում են` արդարության: Ես Հանրապետության նախագահին մաղթում եմ, որպեսզի նրա բոլոր որոշումների հիմքում լինի բացառապես արդարության պահպանումը, կշեռքի նժարի ծանրությունը լինի արդարության պահպանման կողմը: Սա իսկապես շատ կարևոր է, որովհետև մենք այսօր սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց, կրկնեմ` երբ դուրս ես գալիս փողոց և մարդուն հարցնում ես, թե ինչի՞ց է այսօր ամենաշատը վիրավորվում որպես քաղաքացի, նա ասում է` անարդարությունից: Եվ իհարկե, մաղթում եմ, որպեսզի արվեն քայլեր, որոնք մեր երկիրն ի վերջո կդարձնեն քաղաքակիրթ և ժողովրդավար երկրների ընտանիքի լիարժեք անդամ: Մենք չենք կարող ժողովրդավար չլինելու «շռայլություն» մեզ թույլ տալ: Մեր միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է, և պարտավոր ենք կարողանալ ճիշտ օգտագործել այդ կարևորագույն ռեսուրսը` ավելի բարեկեցիկ, ավելի արդար ու ժողովրդավար երկիր կառուցելու համար: - Նմանատիպ հարց` ընդդիմության առումով: - Նույնը կմաղթեմ նաև ընդդիմությանը: Որ նրանց բոլոր գործողությունների հիմքում լինի արդար մղումը, հիմքն ազնիվ ու արդար լինի: Գործողությունների շարժիչ ուժը ոչ թե ընդդեմը, այլ հանունը լինի. հանուն ավելի հզոր և բարգավաճ Հայաստանի: - Ձեր ներկայացրած կուսակցությունն իշխող կոալիցիայի անդամ է. բնականաբար, չեմ մոռանա հարցնել կոալիցիային Ձեր մաղթանքի մասին: - Ես հիմա խոսում եմ որպես քաղաքացի, ում համար կարևոր է ավելի ուժեղ, ավելի արդար ու բարեկեցիկ Հայաստան ունենալը, ապա նույն մաղթանքը կուղղեի նաև կոալիցիային: - Եվ, իհարկե, ժողովրդին… - Ժողովրդին կմաղթեի համբերություն, հույս, հավատ և սեր: Ուզում եմ` մարդիկ հավատան, որ մի օր իսկապես ունենալու ենք մեր բոլորի երազած Հայաստանը: - Քանի որ նախկինում Դուք լրագրող եք եղել, հաջորդ հարցն այդ ոլոտից կլինի. ինչ կմաղթեք լրագրողներին: - Առջևում համապետական երկու լրջագույն ընտրություններ են սպասում մեզ: Չկա հատուկ լրագրողների երդում` ինչպես բժիշկների պարագայում Հիպոկրատի երդումն է: Բայց ինձ համար, երբ լրագրող էի, կար կարևորագույն սկզբունք` չվնասել: Մաղթում եմ, որ նրանք իրենց հրապարակներում երբեք չշեղվեն լրագրողի սուրբ պարտականությունից, այն է` հավատարիմ լինել բացառապես փաստերին և իրողությանը: Այդ դեպքում նրանք իրենց հոդվածներով չեն վնասի: - Վերջին հարցս` Դուք Ձմեռ պապիին հավատացե՞լ եք: - Ես ինձ լավատես մարդ եմ համարում: Գիտեք չէ՞ լավատեսի ու հոռատեսի տարբերությունը. մեկի համար բաժակը կիսով չափ դատարկ է, մյուսի համար կիսով չափ լիքը: Ինձ համար այդ բաժակը միշտ կիսով չափ լիքն է. ես միշտ հավատացել եմ հրաշքների, և ամենադժվար պահերին ինձ փրկել է իմ լավատեսությունը, իմ հավատը: Ես ընդհանրապես հավատացյալ մարդ եմ: Աղոթքը մարդու համար ամենափրկիչ ուժն է և կարող է մարդուն պաշտպանել ցանկացած արհավիրքից: Եվ ես հավատում եմ, որ մեր բոլորի ջանքերով կարողանալու ենք ունենալ բարեկեցիկ երկիր: Ընդամենը պետք է շատ պարզ բանաձև լուծվի. ի՞նչ է պետական ճիշտ կառավարումը` ճիշտ մարդը ճիշտ տեղում և պատասխանատ վություն: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր տեղում կարողանա ճշգրտորեն կատարել աշխատանքը և պատասխանատու լինի իր կատարածի համար, վստահեցնում եմ` այնքան էլ բարդ չէ կառուցել այն երկիրը, որը բոլորս երազում ենք: - Իսկ ի՞նչ հրաշք կխնդրեիք Ձմեռ պապիից` Ձեզ համար: - Հիմա, երբ արդեն ութ ամսական թոռնիկ ունեմ, իմ բոլոր ցանկություններն ու երազանքները կապված են նրա հետ: Ամեն օր Աստծուն աղոթում եմ, որ իմ բալիկի համար ամեն բացվող օրն անփորձանք լինի: Բնականաբար` այս առիթով ևս կխնդրեի Աստծո և հրեշտակների պաշտպանությունն իմ բալիկի համար: