Երնեկ թե այս Նոր տարին վերջ տա հայի ցավերին


Որ Հայաստանը դառնա հայ մարդու տունը Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգևի արժանացած մի շարք քաղաքական գործիչների թվում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Ու ինչպես ինքն է այսօր ասում` երբևէ գործունեություն չի ծավալել պարգևի ակնկալիքով, սակայն իրեն շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը ոչ միայն հաճելի անակնկալ էր, այլև երիցս պարտավորեցնում է: Ի՞նչ է ակնկալում նա գալիք տարուց: - Անցնող տարին բավական հագեցած էր: Կարծում եմ` ամենահիշարժանը Անկախության հոբելյանն էր: Դա պիտի ամեն հայի համար կարևորվի, որովհետև անկախությունը բացարձակ արժեք է, որը յուրաքանչյուրս պարտավոր ենք կրել որպես հոգեբանություն: Հոբելյանը նաև խորհելու առիթ էր. ի՞նչ ձեռքբերումներ ու նվաճումներ, ի՞նչ բացթողումներ ունեցանք 20 տարիների ընթացքում: Այդ համատեքստում, անշուշտ, պետք է հպարտությամբ նշենք, որ մեծ նվաճումներից մեկը Հայկական բանակն է` մեր անվտանգության երաշխավորը: Պետական կառույցները, բանկային համակարգը… դրանք մեր ձեռքբերումներն են, բայց պիտի համարձակություն ունենանք` խոսել նաև բացթողումների մասին: Եվ ոչ թե` քննադատելու, այլ պիտի խոսենք սրտացավորեն: Մեր երկրի, ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան: Զբաղվածության, սոցիալական խնդիրներ և արտագաղթ. սրանք մեկը մյուսով են պայմանավորված: Ավելացրած ժողովրդագրությունը, որը Հայաստանում մարտահրավեր է, նույնիսկ ազգային անվտանգության խնդիր: Այս ամենը միասնական ուժերով պետք է լուծենք` չառաջնորդվելով միայն անձնական ու կուսակցական շահերով: Այդ հարցերը պիտի դարձնենք մեր ամենօրյա մտահոգությունը, որպեսզի դուրս գանք ստեղծված իրավիճակից: Եվ եկող տարիների հեռանկարում պիտի կարողանանք ստեղծել այնպիսի մթնոլորտ, կերտել այնպիսի Հայաստան, որտեղից հատկապես երիտասարդությունը չի ուզենա հեռանալ: Շա˜տ կուզենայի, որ շոշափելի դառնար հայրենասիրությունը, ինչի պակասն այսօր շատ է զգացվում: Ու ցավալի է, որ հատկապես` երիտասարդության շրջանում: 2012¬ին կուզենայի տեսնել այնպիսի Հայաստան, որի քաղաքացիների մեծամասնության համար հայրենասիրությունն ապրելակերպ է, այլ ոչ թե բարձրագոչ խոսքեր: Կուզենայի, որ Հայաստանը դառնար երկիր, որտեղ ցանկացած հայ ապրել կձգտի հպարտորեն, արժանապատվորեն: Որ Հայաստանը դառնա հայ մարդու տունը, որը սրտացավ տանտերերն են շենացնում` չանտեսելով սեփական թերությունները: Տարեմուտին միշտ հիշում եմ Ռաֆայել Պատկանյանի տողերը` Երնեկ թե այս Նոր տարին Վերջ տա հայի ցավերին, Չարը կորչի ու բարին Բուն դնի մեր սրտերին: Ցանկություններն ու նպատակները շա˜տ կարող են լինել ու անչափ գեղեցիկ: Բայց դրանք իրականացնելու համար պետք է կամեցողության համընդհանուր մթնոլորտ ստեղծել, նպաստավոր պայմաններ: Հաճախ խոսում ենք մեր արժեքների մասին, բայց գործելակերպով, այդ արժեքներն իրականություն դարձնելու ճանապարհին խարխափելով` հայտնվում ենք մեկ այլ դաշտում: Ուզում եմ, որ հստակ ուրվագծված լինեն և´ մեր երազանքները, և´ գործելակերպը, և´, իհարկե` դեպի նպատակներ տանող ճանապարհը: - Ձեր մաղթանքը` հայ մարդուն, հայ ժողովրդին: - Մեր ժողովուրդը սիրում է իդեալ ունենալ. նպատակ, որը նրա որոնումների բարձրակետն է: Մաղթում եմ, որ բոլոր բարի նպատակներն իրականացվեն արժանապատվորեն: Փիլիսոփա Մոնտենը ասում է` «Ժողովուրդ, ասա ո՞րն է քո իդեալը, և ես կասեմ քո ապագան»: Մենք ունենք այդ իդեալը` ապագայի տեսլականը: Բայց որպեսզի գալիքը ուրվագծված լինի և տեսանելի` Հայաստանում արժանապատվության, հայրենասիրության մթնոլորտ պետք է ստեղծվի: Ոմանք կարծում են, թե աղավաղվել է հայ մարդու իդեալը: Համամիտ չեմ. իրականում աղավաղված է մեզանում առկա մթնոլորտը, ինչն էլ խանգարում է գերագույն նպատակին հասնել: