«ՀԶՈՐ ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐ ԲԱՆԱԿՆ Է»


Կարեն ՄԱՐԳԱՐՅԱՆ Արցախյան պատերազմի վետերան, մարտական շքանշանների ասպետ, գնդապետ Ամանորը հրաշալի առիթ է հետադարձ հայացք ձգելու Հայոց Ազգային Բանակի անցած մարտական ուղու վրա, վերստին հպարտություն ապրելու մեր մեծ ձեռքբերումներով: Այո, ես հպարտ եմ, որ հաղթանակներով պսակված բանակի զինվորն եմ: 18 տարեկանից, դեռ Խորհրդային տարիներից, իմ ճակատագիրն ընդմիշտ կապել եմ բանակի հետ: Ծառայել եմ Կարելիայում, ապա` Մուրմանսկում: Ազգային բանակի ծնունդն ինձ բերեց Հայաստան, մասնակցեցի արցախյան ազատագրական մարտերին ու առավել խորը հասկացա, թե ի˜նչ դժվարությամբ է բերք տալիս այն ծառը, որի արմատները չեն սնվում հայրենի հողից: Սակայն ես մտքով միշտ էլ հայրենիքում էի, Հայաստանն իմ մեջ էր, իմ արյան, իմ երազանքների ու կարոտների մեջ: Հայաստանը իմ պապերի կանչն է, ու ես չէի կարող չանսալ հեռուներից տուն բերող այդ զորավոր կանչին: Հայրենիքը միևնույն ժամանակ մեր անսասան հավատն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Եվ պատահական չէ, որ լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանն ու նրա զինակիցներն անում էին ամեն ինչ` զինվորների մեջ ամուր պահելու հայրենիքի անպարտելիության, հաղթանակի նկատմամբ հավատը, որը ոգեշնչում է սխրանքի: Արցախյան պատերազմի տարիներին հանրապետության հյուսիսային սահմանները պաշտպանող հրաձգային զորամասի շտաբի պետն եմ եղել: Այդ ժամանակ 28 տարեկան էի` կապիտան: Ես տեսել եմ մեր զինվորների խիզախության ու տոկունության բազում օրինակներ: Տեսել եմ, թե ինչպես էին նրանք անձնվիրաբար նետվում մարտի, իսկ առջևում մահացու վտանգն էր, հակառակորդի` կրակի հեղեղ թափող ռազմական հենակետերը… Ու ես հաճախ եմ մտածում այն մասին, որ մենք տոկուն ազգ ենք` զորավարական դարավոր ավանդույթներ ունեցող և, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն է ասել, կարող ենք սեփական ուժերով հասնել ազգային հաղթանակների: Ավելի քան 10 տարի է` Երևանի կայազորում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն եմ: Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական նվագախմբից բացի, ընդգրկված է նաև պատվո պահակային վաշտը, որը բազմիցս բարձր գնահատանքի է արժանացել արտերկրներից Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի կողմից` պաշտոնական արարողությունների ժամանակ ցուցաբերած բարձր պատրաստվածության համար: Որպես հրամանատար, բազմիցս ներկա եմ եղել այդ արարողություններին, ոգեշնչանքի, հպարտության պահեր ապրել` տեսնելով հայ զինվորի խրոխտ քայլքը: Այդ պահերը չեն մոռացվում երբեք, ինչպես չեն մոռացվում մեր սուրբ ազատամարտի արիության օրերը: Հիմա մեր զորամասի անձնակազմը նախապատրաստվում է Հայոց Ազգային Բանակի ստեղծման 20¬րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը, բանակ, որի հզորությամբ է պայմանավորված երկրի հզորությունը, մենք դա միշտ պիտի հիշենք: Օգտվելով ընձեռված առիթից, ուզում եմ իմ սիրելի թերթի` «Ավանգարդի» միջոցով շնորհավորել իմ մարտական ու ծառայակից ընկերների Ամանորը, նրանց մաղթել քաջառող ջություն, երջանկություն, խաղաղ երկինք ու աննկուն ոգի: