Շնորհավոր Ամանորդ, սիրելի զինվոր...


Եվ որքան էլ տարբեր լինեն հնչող բարեմաղթանքները, բոլոր բարի ու ջերմ ցանկությունների առանցքը, նվիրական երազանքների, հույսերի, սպասումների անհրաժեշտ նախապայմանը խաղաղությունն է: Հատկապես` ազատության արժեքն իսկապես գիտակցող և այն արյան գնով նվաճած մեր ժողովրդի համար: Իսկ անկախ պետականության ամրապնդման, ժողովրդի անվտանգության, խաղաղ արարման երաշխավորը Հայոց Բանակն է: Սեյրան ՕՀԱՆՅԱՆ. ՀՀ Պաշտպանության նախարար - Ժամանակ դեռ ունենք և Հանրապետության նախագահի հետ Ամանորի նախօրեին այցելելու ենք և´ զորամասեր, և´ առաջին գիծ: Ոչ միայն Ամանորի նախօրեին, այլև յուրաքանչ յուր օր, յուրաքանչյուր ժամ, ամեն րոպե ու վայրկյան իմ զինվորներին, ծառայակից ընկերներին մշտապես ցանկանում եմ քաջ առողջություն, անձնական, ընտանեկան երջանկություն, հաջողություններ` մեր սրբազան գործում: Հաջողություններ` իրականացվող այն խնդիրների ժամանակ, որոնք առաջին հերթին ուղղված են մեր սահմանների պաշտպանությանը, երկրի անվտանգության ապահովմանը: Եվ ամենակարևորը` ես ուզում եմ, որ մեր ունեցած ձեռքբերումները, զինվորի, ստորաբաժանումների կողմից ձեռք բերված հմտությունները, ունակութ յունները, ներդաշնակման մակարդակն օգտագործվեն միայն ու միայն զորավարժությունների ժամանակ: Իսկ զորավարժություններում ցույց տված արդյունքներն ամենակարևոր կանխարգելիչ միջոցառումներն են` ցանկացած ագրեսիայի դիմագրավման համար: Արկադի ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Գեներալ-մայոր - Ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ բոլորին: Առաջին հերթին կցանկանայի, որ մեր զինվորներն առողջ լինեն` ֆիզիկապես ու հոգեպես: Միշտ հիշեն, որ իրենք են ապահովում երկրի անվտանգությունը, իրենց հարազատների, սիրելիների, ողջ ժողովրդի խաղաղությունը, անդորրը, երջանկությունը: Եվ որքան ամուր ու աննկուն լինեն, այնքան հակառակորդը կվախենա, իսկ մեր խաղաղությունն ավելի կամրապնդվի: Պետք է հիշեն, որ այն սերնդի զավակներն են, ովքեր ժամանակին իրենց ուսերի վրա պատվով կրեցին պատերազմի ծանր բեռը, հաղթանակ տարան և այսօր էլ երաշխիքն են` որ եթե հակառակորդը որևէ արկածախնդրության դիմի, անկասկած կրկին կտապալվի: Զինվորից իսկապես շատ բան է կախված: Քաղաքացիական կյանքում դժվար է պատկերացնել, թե ինչ է նշանակում կանգնել հակառակորդին դեմ հանդիման: Սակայն այն բոլոր դժվարությունները, որոնք հաղթահարում է զինվորը, հետագայում նրան պայքարելու ուժ են տալիս: Չէ՞ որ կյանքն ինքնին պայքար է: Կցանկանայի, որ միջանձնային հարաբերություններում միշտ առաջնային լինեն փոխադարձ սերն ու հարգանքը: Սպան սեփական զավակի նման սիրի իր զինվորին` միաժամանակ արդարացի պահանջներով, որպեսզի զինվորն ինքը գիտակցի իր մեղքը: Սպան պիտի անընդհատ կատարելագործի գիտելիքները, բազմակողմանի զարգանա և նվիրված լինի իր գործին: Շնորհավորում եմ Ամանորի կապակցությամբ: Բոլոր սպաներին և գեներալներին մաղթում եմ ընտանեկան երջանկություն, առողջություն, հաջողություններ, և որպեսզի իրենց պատասխանատու աշխատանքով շարունակեն վստահություն ներշնչել թե´ զինվորներին, թե´ ողջ հասարակությանը, որ անառիկ են մեր սահմաններն ու ապահով: Միխայիլ ԳՐԻԳՈՐՅԱՆ Գեներալ լեյտենանտ - Հարգարժան գեներալներ և սպաներ. ջերմորեն շնորհավորում և սրտագին բարեմաղթանքներ եմ հղում ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, կամք ու եռանդ` ի շահ հայրենիքի պաշտպանության ամրապնդման և Հայոց պետականության հարատևման: Նորեկ տարին թող բարիք բերի Հայաստան աշխարհին, բոլորի հոգիներում թող խաղաղությունը թևածի, և հաջողությունը դառնա տերը ամենայն ձեռնարկումների: Թո´ղ Նոր տարում ձեր և ձեր մերձավորների յուրաքանչյուր օրը թաթախված լինի լույսով, ջերմությամբ և սիրով: Թո´ղ Աստծո ամենակարող աջը միշտ հովանի լինի ձեզ և ձեր մտերիմներին: Վրթանես եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդ - Որպես բանակի Հոգևոր առաջնորդ` ինձ համար մեծ ուրախություն է` խոսքով և օրհնությամբ դիմել մեր Զինված ուժերի սպայակազմին, զինվորներին` Ամանորի, ինչո՞ւ չէ, նաև Բանակի 20- ամյակի կապակցությամբ, քանի որ գալիք տարին նշանավորվելու է նաև այդ տոնով: Մեր նախնիներն ի սկզբանե մաքառել են` հանուն ազատության և անկախության` մշտապես ձգտելով ազատ արարել ու ստեղծագործել` որպես ազգ, միասնություն: Դրա վառ օրինակներից մեկը քրիստոնեության ընդունումից հետո Վարդանանց պատերազմն է: Մարտնչեցինք` հանուն ազատության և հավատքի, որպեսզի կարողանանք ազատ ապրել` աստվածահաճո և աստվածադիր օրենքով: Արցախյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ազատությունն ու անկախությունն են հայի հոգու ձգտումը: Իսկ անկախության երաշխավորն այսօրվա մեր բանակն է: Ուստի սրտանց շնորհավորում եմ Զինված ուժերի ողջ անձնակազմին և մեր հավատավոր ժողովրդին, քանզի հենց ժողովրդի ծոցից է ելել բանակը: Մաղթանքս և օրհնությունս այն է, որ հրամանատար-զինվոր փոխհարաբերություններում կարևորագույն զենքերը լինեն եղբայրասիրությունը, հանդուրժողականությունը, միմյանց ներելու քրիստոնեական մեծ առաքելությունը: Այդ դեպքում կարող ենք ապահովել մեր բանակի ներքին անդորրը, ինչի վրա էլ հիմնված են անվտանգությունն ու կարգապահությունը: Իսկ արտաքին թշնամին սպառնալիք լինել չի կարող: Թող այդ փոխհարաբերություններում քրիստոնեական սերն ու եղբայրասիրությունն իշխեն: Սա է մաղթանքս և պատգամս, որ կցանկանայի յուրաքանչյուրի համար առաջնային լիներ: Թո´ղ Նոր տարին և Սուրբ Ծննդյան ավետիսը խաղաղություն բերեն մեր զինվորներին, սահմանում կանգնած տղաներին, ովքեր անգնահատելի ծառայություն են մատուցում մեր հայրենիքին: Թո´ղ Աստծո օրհնությունն ու Քրիստոսի սերը բոլորի հոգիներին ջերմություն և խաղաղություն բերեն: