Առողջապահական բարքեր


2008 թ. Պետական բյուջեով առողջապահական համակարգին հատկացվել է 54 միլիարդ 482 միլիոն 700 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 17,5 տոկոսով: Երևանի Քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը, վստահեցնում է, որ 2008 թվականին բուժսպասարկման առաջնային օղակին ավելի մեծ գումար է հատկացվելու, քան ստացիոնար համակարգին: Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար սերտացվելու է շտապօգնություն-պոլիկլինիկա-ստացիոնար հաստատություն կապը: - Մեր քաղաքացիների բուժումը պետք է լինի շարունակական: Այնպես չլինի, որ շտապ օգնության ծառայությանը դիմած հիվանդի մասին ոչ ոք չիմանա: Այդ մասին պետք է տեղեկացված լինի կամ տեղամասային, կամ ընտանեկան բժիշկը: Իհարկե, ողջունելի է ոլորտի պատասխանատուի այս մտահոգությունը: Մինչ օրս քիչ չեն դեպքերը, երբ հիվանդանոցից դուրս գրված ծանր հիվանդները, ովքեր բժշկի բուժման և, ինչո՞ւ ոչ, նաև բարի խոսքի ու խորհրդի կարիք ունեն, օրերով ու շաբաթներով են սպասում բժշկի այցելությանը, էլ չենք խոսում նեղ մասնագետի այցի մասին: Արմեն Սողոյանը լրագրողներին բարեկամաբար խորհուրդ է տալիս չհրապարակել չճշգրտված փաստերը, որպեսզի հետագայում ներողություն խնդրելու կարիք չլինի: Եվ հենց նույն պահին էլ լրագրողները մատնացույց են անում թարմ փաստ. շաբաթ օրը N 2 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 80-ամյա միայնակ մի կին: Բժիշկների «առաջին օգնությունը» տարեց կնոջը եղել է բուժծառայության և հիվանդասենյակի համար վճարի պահանջը: Սա, իմիջիայլոց, իսկ ավելի կոնկրետ 2008 թ. ավարտին կհասցվեն Սուրբ Աստվածամայր և Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցների վերանորոգման աշխատանքները: Եվ Ա. Սողոյանը վստահեցնում է. - Մենք կունենանք ժամանակակից տեխնիկայով և բժշկական սարքավորումներով հագեցած, օպտիմալ համակարգ ունեցող բժշկական կենտրոններ, որոնք մեր համաքաղաքացիներին կսպասարկեն բարձրակարգ ձևով: Իսկ թե քաղաքացին որքա՞ն պետք է վճարի բուժման և բժշկի աշխատանքի համար, վարչության պետը չի մանրամասնում, ուղղակի խոստովանում է, որ իրոք բժշկի աշխատավարձը ցածր է: Այստեղից կարելի է հետևություն անել, որ բարձրակարգ սպասարկումը թերևս այդպես էլ չձերբազատի հիվանդին, իր հույսին մնացած բժշկին վճարելու «պարտականությունից»: Հ. Գ. Հունվարի 25-ից փետրվարի 2-ը Երևանի պոլիկլինիկաներում անցկացվելու են առողջապահության օրեր: Այցելուներին սպասարկելու են համակարգի բարձրակարգ մասնագետներ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ