Ի՞նչ կլիներ, եթե...


Մինչ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում են, թե մեծ գումարներ են ծախսվում քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու համար (ինչը գործնականում զինված աչքով անգամ հնարավոր չէ նկատել) մի ուրիշ «ուղտ է չոքել երևանցիների դռներին: Խստաշունչ ցուրտը վթարել է բազմաթիվ բազմահարկ շենքերի և կոյուղու համակարգը: Իրավիճակի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանից. - Մենք բավական լավ էինք նախապատրաստվել ձմեռը դիմավորելու համար: Թաղապետարանների կողմից լուրջ աշխատանք է կատարվել կոյուղագծերի և ջրագծերի ջերմամեկուսացման ուղղությամբ: Ես չեմ բացառում, որ սառեցման դեպքեր կան, իսկ եղած վթարներն էլ մենք արագ վերացնում ենք` ամենաշատը 2 օրում: Ի պատասխան` փաստենք, որ դիցուք 16-րդ թաղամասի N 25 շենքի բնակիչները չէին համաձայնի ոլորտի պատասխանատուի հետ, քանզի արդեն 8 օր է անցել, բայց նրանք շարունակում են թակել համապատասխան կառույցների դռները: Պատկերացնո՞ւմ եք, սա դեռ ձմռանը լավ նախապատրաստված լինելու դեպքում: Անհնար է մտածել անգամ, թե ի՞նչ կլիներ, եթե…