Բանալին Թուրքիայում է


Ամանորն ու Հանրապետության նախագահի ընտրությունների` աստիճանաբար թափ առնող մրցավազքը կարծես մոռացության էր մատնել ղարաբաղյան հիմնահարցը: Սակայն, անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ստիպեց վերհիշել Արցախյան ազատամարտի ուղին, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու վերստին մտորել դրա հնարավոր զարգացումների մասին: Չնայած` համանախագահներն արդեն որերորդ անգամ հավաստիացնում են, թե խնդրի կարգավորման հարցում հակամարտող կողմերի դիրքորոշումներում նվազել են սուր հակասությունները, և հանգուցալուծումը յոթ սարի հետևում չէ, սակայն Բաքվից հնչող հայտարարությունները այլ բան են հուշում: Զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում համանախագահները նրան դիտողություն են արել ռազմատենչ հայտարարութ յունների համար: Արդեն Երևանում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան չի բացառել, որ մինչև ՀՀ նախագահի ընտրությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանավոր համաձայնություն կայանա: Մինչդեռ, էլեկտրոնային ԶԼՄ-ների փոխանցմամբ, Իլհամ Ալիևը շարունակում է իր հին երգը: Պարզվում է` Էլչիբեյն ու հայր Ալիևն ավելի զուսպ ու համեստ էին: Կրտսեր Ալիևը գերազանցել է նրանց` հայերի հանդեպ իր ատելությամբ ու ընկել զառանցանքների գիրկը. «Հայերը Երևանում հյուր են»,- հայտարարել է նա` Հայաստանն անվանելով Արևմտյան Ադրբեջան: Իրոք, այլ կերպ, քան զառանցանք, այս հայտարարությունը որակել հնարավոր չէ: Ինչևէ. տպավորություն է ստեղծվում, թե Մինսկի խմբի համանախագահներն ու պաշտոնական Բաքուն մրցում են. առաջինները` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց լավատեսությամբ, երկրորդը` հայերի ու ամեն հայկականի հանդեպ իր ատելությամբ, հակահայ քարոզչությամբ: Ի դեպ, ոգևորվելով երկրի ղեկավարի «սրամտություններից», «Զերկալո» թերթը գրում է, իբր Բաքվի հայկական ջարդերը հրահրել ու կազմակերպել են իրենք` հայերը… Սեկնաբանությունները, կարծես, ավելորդ են. թուրքական ցինիզմի տիպիկ օրինակ: Այս ամենի համապատկերում դժվար է հավատալ, թե ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը յոթ սարի հետևում չէ, ինչպես հավաստիացնում են Մինսկի խմբի համանախագահները: Ավելի տրամաբանական է` դա պարզապես նրանց բարի ցանկություն համարել: Այնուամենայնիվ, ո՞րն է այս հակամարտության լուծումը: Խնդրի բանալին, թերևս, Թուրքիայում: է: Գաղտնիք չէ` Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է տարածաշրջանում (թուրքական Կիպրոսը չհաշված): Որքան էլ այն ստեղծվել է բոլշևիկների ձեռքով և 70 տարի եղել է ԽՍՀՄ կազմում, այնուամենայնիվ, Ադրբեջանն, ըստ էության, այսպես ասած, կրտսեր Թուրքիան է` նույն մշակույթով, նույն պանթուրքիզմի գաղափարախոսությամբ, որը թեև արտաքնապես քողարկված է ժողովրդավարական լոզունգներով: Իրականում Ադրբեջանը Թուրքիայի կրկնօրինակն է: Վերջին մեկ տարում մի պահ կարծես Թուրքիան տատանվում էր` գնալ դեպի Եվրոպա, եվրոպական արժեքնե՞ր, թե՞ մնալ ազգայնամոլության ճիրաններում: Ցավոք, հաղթեց վերջինը. փաստերը բազմաթիվ են: Եվ մինչև Թուրքիան չփոխվի էությամբ, համամարդկային արժեքներ չդավանի` իրականում մերժելով ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականությունը և հրաժարվելով պատմությունը կեղծելուց…, դառնա իրոք ժողովրդավարական երկիր, նրա հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարգավորվի: Հազիվ թե բնականոն հունի մեջ մտնեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Արցախյան ազատամարտը, ոչ թյուրիմացաբար, ժողովուրդն համարում էր հայի ու թուրքի կռիվ: Այսօր Ադրբեջանը ցանկանում է վերատիրանալ Արցախին, մենք` հայերս, բնականաբար, չենք հրաժարվի արյան գնով ձեռք բերված պատմական Հայաստանի այդ բեկորից: Սա է խնդիրը` պարզ ու հասարակ: 1915 թիվը չէ: Կա Հայաստանի Հանրապետությունն իր բանակով: Աշխարհն էլ հարգում ու սատարում է սեփական ազատության համար պայքարողին:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ