Ցո՞ւրտը խանգարեց էքս Նախագահին


Ազատության հրապարակում Լ. Տեր-Պետրոսյանի և նրան սատարող քաղաքական ուժերի` երեկ հրավիրած հանրահավաքը նախորդներից ավելի սակամարդ էր: Աննպաստ եղանակային պայմանները պատճառ դարձան նաև ելույթների սահմանափակման: Բացի այդ, նոր ասելիք, հանրահավաքի տպավորությամբ, ընդդիմադիր այս բևեռում, թերևս արդեն չկա. սա խոստովանեց նաև ինքը` Նախագահի թեկնածուն: Բայց նա այս առիթն էլ օգտագործեց` պնդելու, որ ինքն ու իր թիմն արդեն հաղթել են, և փետրվարի 19-ն ընդամենը ամփոփելու է հայտարարված ենթադրյալ հաղթանակի արդյունքները: Էքս նախագահի հրավերով հավաքվողների նվազող քանակը, փաստորեն, չի ընկճում բանախոսին: Ավելին` վերջինս երեկ ամփոփեց, թե իր օգտին քվերակելով, մարդիկ վերընտրելու են նաև Ստեփան Դեմիրճյանին և երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին: Հետաքրքիր էր մեկ այլ կարևոր եզրահանգում ևս. Լ. Տեր-Պետրոսյանը գտնում է, որ ինքն արդեն լավագույնս ապացուցել է գործող իշխանության հակաժողովրդական լինելը, ուստիև հետայսու քիչ է խոսելու: Որքան էլ դժվար լինի քարոզարշավի մեկնարկի ընթացքը լռությամբ շարունակելը, այնուամենայնիվ, գլխավոր բանախոսի կարծիքով արդեն հասունացել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Եվ մինչ դրա լռելյայն ընթացքի սկիզբը, նշենք, որ համենայնդեպս, Նախագահի այս թեկնածուի երեկվա ելույթը եզրափակվեց քնարական ամփոփմամբ: Ներկաները նրա կատարմամբ լսեցին Ե. Չարենցի լավագույն ստեղծագործություններից մեկը: Ռոմանտիկ մի միտք էլ Արամ Զ. Սարգսյանը արտահայտեց: Նրա հավաստմամբ` սեպտեմբերի 21-ի անդրանիկ ելույթից հետո Տ. Պետրոսյանը թե° արտաքինով, թե° հոգով երիտասարդացել է: Վերջինիս տպավորությամբ` հակառակ իրենց պաշտպանյալի, մյուս թեկնածուները քարոզարշավը մի տեսակ անհավես են սկսել: Հաղթանակի անխուսափելիության հավաստիքներ հնչեցին նաև Հանրապետություն կուսակցության առաջնորդի կողմից: Մեկ ժամից էլ պակաս տևած այս տարվա առաջին հանդիպումը եզրափակվեց երթով` տևական ժամանակով խաթարելով Երևանի մի քանի կենտրոնական փողոցների երթևեկը: Հավանաբար միտինգավորները հաշվարկել էին, թե ակտիվ քայլերթը միգուցե փոքր-ինչ կջերմացնի սառած հանրահավաքավորներին: