Նախագահացուներն սկսեցին ծրագրերից


Քարոզչանյութերի այս առատությունը պահպանվելու դեպքում Նախագահի ընտրությունների քարոզարշավը կարող է ընդհուպ մինչև տպագրական թղթի ճգնաժամ առաջացնել Հանրապետությունում: Համենայն դեպս, մրցապայքարի մեկնարկը նշանավորվեց մայրաքաղաքի մի քանի հյուրանոցների դահլիճներում կազմակերպված նախընտրական ծրագրերի շնորհանդեսներով, որտեղ նախագահացուները, բնականաբար, առավելապես իրենց ծրագրերի մասին խոսեցին: Դատելով դրանց ծավալից` ընտրապայքարի գլխավոր դերակատարները քարոզարշավին խնամքով են պատրաստվել: Համենայն դեպս, նրանց նախընտրական ծրագրերը աչքի են ընկնում պատկառելի ծավալներով, որոնցում քննության են առնվել ու գնահատականների են արժանացել հանրային կյանքի բոլոր ոլորտները: Արդեն իսկ վստահաբար կարելի է փաստել, որ Նախագահի թեկնածուներին գոնե այս անգամ կհաջողվի խուսափել ծրագիր չունենալու արդարացի մեղադրանքներից: Ինչ խոսք, սա լուրջ առաջընթաց է, և այս քարոզարշավն արդեն իսկ վկայում է, որ անցել են միայն կենսագրական ճշմարիտ ու ճշմարտանման տեղեկություններով, չափից դուրս համեստ ծավալով ու նույնքան ընդհանուր բովանդակությամբ ծրագրերով (՞) ընտրողներին ներկայանալու ժամանակները: Լուրջ ընտրապայքարը, բնականաբար, իր հանդեպ լրջագույն վերաբերմունք է պահանջում, իսկ համարժեք ծրագիրը դրա կարևորագույն բաղադրիչներից է: Ի վերջո, թեկնածուն նախ պետք է իր անելիքը կարողանա ներկայացնել, հետո միայն ակնկալի հասարակության գնահատականը: Հետաքրքիր է, որ, ինչպես հաճախ, հայրենի քաղգործիչներին դարձյալ չի հաջողվել խուսափել ծայրահեղություններից: Երկու օր առաջ մեկնարկած համոզչական բնույթի միջոցառումներից մեկի ընթացքում թեկնածուներից մեկը նույնիսկ խոստովանել է, թե ներկայացվող ծրագրի ավելի համառոտ տարբերակն էլ է պետք պատրաստել` հույսով ավելի մատչելի ներկայանալ ընտրողին: Թերևս նման երևույթներն էլ են բնական. ամեն դժվարին ընթացք ինչ-որ սկիզբ է ունենում: Իսկ նշանակալին այն է, որ Նախագահի գրեթե բոլոր թեկնածուները քարոզարշավի մեկնարկը նախընտրական ծրագրերի ներկայացմամբ սկսեցին: