ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆ


Անցյալ շաբաթ Երևանում անցկացված «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկար» խորագրով երկօրյա միջազգային կոնֆերանսը ելնում էր այն իրողությունից, որ Սևծովյան տարածաշրջանի երկրները, հենց թեկուզ իրենց աշխարհագրական դիրքի բերումով, տրանսպորտային և էներգետիկ համագործակցության տեսակետից հրաշալի խաչմերուկ են Արևելքի և Արևմուտքի համար: Սակայն քանի դեռ փակ են մնում վրաց-ռուսական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները` այդ խաչմերուկի հնարավորությունները ոչ միայն սահմանափակ են օգտագործվում, այլև առաջ են բերում մտահոգիչ մարտահրավերներ: Այդ մարտահրավերներից մեկը եղել և մնում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Կոնֆերանսում, թերևս, ամենաանկեղծ խոսքը հնչեցրեց արցախյան կարգավորման հարցով երբեմնի միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը` առանց դիվանագիտական թերասացությունների Ադրբեջանի իշխանություններին ուղղակի մեղադրելով նոր պատերազմի շեփորներ հնչեցնելու, երկրում հակահայ տրամադրությունների հիստերիա բորբոքելու մեջ: Կազիմիրովը նաև խիստ քննադատության ենթարկեց ԵԱՀԿ-ին` պետական ամենաբարձր մակարդակով ռևանշիստա կան տրամադրությունները խրախուսելուն ուղղված Ադրբեջանի մերժելի քաղաքականությունը չդատապարտելու, դրան սկզբունքային գնահատական չտալու համար: Նրանք կարող էին դա անել, բայց չեն անում` ահա արդեն երկար տարիներ` ելնելով հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելու իրենց տխմար մարտավարությունից: Ավա¯ղ, հարևան երկրի ղեկավարը դրանից անհարկի ոգևորվում է: Խնդրեմ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կառավարության հունվարի 11-ի նիստում հանդես էր եկել հերթական հակահայ հայտարարությամբ, նշելով, թե «Հայաստանը համաշխարհային հանրությանը չի կարող ոչինչ տա`լ ո°չ քաղաքական, ո°չ տնտեսական, ոչ էլ մշակութային տեսակյունից»: Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը Ալիև-Կրտսերի այս հերթական բարբաջանքի առթիվ հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե «Ադրբեջանի նախագահի ասածները այնքան զուրկ են ռացիոնալ իմաստից, որ դրանք գրեթե անհնար է մեկնաբանել», ուստի «մնում է միայն ենթադրել, որ պարոն Ալիևի երևակայության թռիչքը Նոր Տարին երկար և բուռն տոնելու տխուր հետևանքն է»: Սա այլ բան չէր, եթե ոչ ուղղակի ակնարկ, որ հարևան երկրի նախագահը տոնական օրերին, ինչպես երևում է, շատ է հարբել և նրա խումհարը դեռ չի անցել: Ուղղակի զարմանալ ու զայրանալ կարելի է` թե ինչու՞ եվրոպական կառույցների ղեկավարները դարձյալ խուլ ու համր ձևացան ու իրե°նք սուր գնահատականներ չտվեցին Ալիև-Կրտսերի այս նոր բարբաջանքին: Այդ առթիվ տարածաշրջանային այցով Երևան և Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից Մեթյու Բրայզան հայ լրագրողներին տված ասուլիսում ստիպված էր համաձայնել, որ Նոր Տարվա առթիվ իր երկրի քաղաքացիներին ուղղված դիմումի մեջ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հակառակ պարագայում հայերը պետք է ինքնորոշվեն Ադրբեջանից դուրս գտնվող մեկ այլ վայրում», այլ բան չէ, քան Ղարաբաղում, դարձյալ էթնիկ զտում անցկացնելու Ադրբեջանի մտադրության արտահայտություն, իսկ Հայաստանին ու հայ ժողովրդին թերագնահատելու առթիվ նկատել, թե «ցավում է, որ Ադրբեջանի նախագահը իրեն թույլ է տվել երկրի ղեկավարին ոչ վայել նման արտահայտություն անել»: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն իր հերթին հավելեց. «Դուք, բնականաբար, տեղյակ չեք միջազգային կառույցի «կոշտ» արձագանքներին: Մենք անմիջապես ենք անդրադառնում նման դիրքորոշումներին»: Այսինքն պարզորոշ հասկացրեց, որ Իլհամ Ալիևի հոխորտանքն իրենց «ականջի կողքով» չի անցել և ԵԱՀԿ-ն, թեկուզև ոչ հրապարակայնորեն, Ալիև-Կրտսերին իր դժգոհությունը փոխանցել է: Միգուցե փոխանցել է, չենք վիճում: Բայց դրանից անմիջապես հետո Իլհամ Ալիևը այս անգամ արդեն ոչ միայն իր երկրի, այլև աշխարհի բոլոր ադրբեջանցիներին կոչ ուղղեց` «միավորվել` հանուն ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրաման», դարձյալ հոխորտալով, որ «եթե խաղաղ բանակցությունները արդյունք չտան` ադրբեջանական ժողովուրդը ինքը կընդունի իր որոշումը»: Ընդսմին, դա կլինի ոչ թե արդարության ու միջազգային իրավունքի, այլ` ուժի վրա հիմնված որոշում: Այլապես Ալիևը անթաքույց կերպով չէր հորդորի «ստեղծել ուժեղ բանակ», որն, իր կարծիքով, հնարավորություն կտա «նույնիսկ առանց ռազմական գործողություններ իրականացնելու», այսինքն` ընդամենը նոր պատերազմի սպառնալիքով` «վերադարձնել մեր տարածքները»: Ահա, թ ե ինչպե¯ս են ազդել Ալիև-Կրտսերի վրա Եռանախագահների հանդիմանությունները: Այստեղ են ասել` «գայլի գլխին Ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, ոչխարը սարն անցավ»: Իսկ ինչ վերաբերում է եռանախագահների հերթական այցին, ապա «ի՞նչ տվեց եռանախագահների հերթական այցը» հարցին կարելի է կարճ պատասխանել` առայժմ ոչինչ:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ