ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՁԳՎՈՂ ՌԵՏԻՆ ՉԷ


Ընտրություններին նախորդող շրջանում այս կամ այն ընդդիմադիր թևի հրավիրած հանրահավաքները իրենց` կազմակերպիչների կողմից սովորաբար բարձր գնահատականների են արժանանում: Խոսքը, տվյալ դեպքում, հանրահավաք ներին մասնակցող քաղաքացիների թվին է վերաբերում: Հռետորները մշտապես գոհունակությամբ նշում են, թե առնվազն մի 100-200 հազար մարդ է մասնակցում իրենց միտինգներին: Քիչ չեն նաև 88 թվականի հետ համեմատությունները, երբ Ազատության հրապարակն, իսկապես, մարդաշատ էր, կամ, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար, իսկ հավաքվածների շարքերն էլ անանցանելի էին ու խիտ: Անցել է երկու տասնամյակ, և կարելի է փաստել, որ մարդկանց ոգևորության ու ակտիվության տեսակետից նույնպես 88-ն իսկապես անկրկնելի էր: Հաջորդող երկու տասնամյակներին և ոչ մի քաղաքական ուժի կամ առաջնորդի այդպես էլ չհաջողվեց այդքան մարդ ժողովել շարժման արշալույսի գլխավոր խորհրդանիշներից մեկը դարձած հրապարակում (և ոչ էլ այլուր): Բացառություն չէին ոչ 96, ոչ 98, ոչ 2003 թվականները: Նախագահի ընտրությունների այս քարոզարշավը ևս չի հավակնում տարբերվել նախորդներից: Մինչդեռ իրականում, ըստ որոշ պնդումների, Ազատության հրապարակը պատկերացրածից շատ ավելի քիչ` առավելագույնը 50.800 մարդ կարող է տեղավորել: Իսկ նման «խոստովանություն» արձանագրվել է դեռևս 96-ին` Նախագահի ընտրություններից հետո, այդպես էլ հաջողության չհասած թեկնածուներից մեկի` Վազգեն Մանուկյանի ու նրա թիմի հետ ընտրական չափազանց ակտիվ գործունեության իրական հնարավորությունը քողազերծելու նպատակով: Այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի` բոլոր ժամանակների հավատարիմ զինակիցներից մեկի` Վանո Սիրադեղյանի կողմից այն ժամանակ ղեկավարվող Ներքին գործերի նախարարության «02» պաշտոնաթերթը նույն թվականի հոկտեմբերի 24-ի «Քանի՞ մարդ` Անկախության հրապարակում» վերնագրով հոդվածում նշում է. «Ընդդիմությունը սեպտեմբերի 25-ի իր հանրահավաքում, հետագայում` մամուլի էջերում հա պնդում է, թե հանրահավաքներին մասնակցել են ավելի քան 100 հազար քաղաքացի ներ: ՆԳՆ-ում ծառայողական նպատակների համար մասնագետների կազմած մի սանդղակ կա, որը թույլ է տալիս պատկերացնել Անկախության հրապարակում կայացող հանրահավաքների մասնակիցների թիվը: Նախ փորձենք կռահել, թե ինչ սանդղակի մասին կարող էր խոսք լինել, և ինչ էր ուզում ասել նախարար Սիրադեղյանը ժամանակի ընդդիմությանն ուղղված դիպուկ հակադարձումով: Ըստ ամենայնի` չափիչ սանդղակը նախարարը ժառանգություն էր ստացել խորհրդային ոստիկանությունից: Ավելին, հաշվումները խորհրդային իշխանությունները հավանաբար դեռևս 88-ի հանրահավաքների շրջանում են արել` ճշտելու թափ հավաքող ղարաբաղյան շարժման իրական հնարավորություններն ու հեռանկարները: Դրանց հավաստիութ յունը կասկածի տակ առնելու հիմքեր նույնպես չկան, քանի որ նախ ներքին օգտագործման, ասել է թե սահմանափակ թվով մարդկանց տրամադրված այս ուսումնասիրության արդյունքները կոչված էին քաղաքական զարգացումների իրական ծավալները ներկայացնել: Բացի այդ, հաշվառման ընտրված մոտեցումն է չափազանց պարզ ու մատչելի: Այսպես, նույն «02»-ը հեռավոր 96-ին շարունակում է. «Հաշվարկվել է, որ 1 քառակուսի մետրի վրա կարող է կանգնել առավելագույնը 4 (ամառային հաշվարկ) կամ 3 մարդ (ձմեռային հաշվարկ): Թերևս ավելորդ չէ հիշեցնել, որ նշված խտությամբ և մինչև Մաշտոց, Թումանյան, Տերյան փողոցների հարակից տարածքները մարդկային զանգված հավաքելու դեպքում, արմատականներին կհաջողվի առավելագույնը 50.800 ունկնդիր ներ ունենալ: Սակայն կարևոր մի նկատառում ևս: Հեռավոր 96-ին, առավել ևս 88-ին, Ազատության հրապարակի հարակից (ընդ որում, այս իմաստով ամենատարողունակ) տարածքները դեռ սրճարանախեղդ չէին եղել… Հիմա ո՞վ կարող է մտաբերել, թե քանի սրճարան է այս տարիներին նշված տարածքում կառուցվել, կամ, առավել ևս, քանի՞ քառակուսի մետր տարածք են զբաղեցնում դրանք` բոլորը` միասին վերցրած: Այնպես որ, հիսուն հազար կլորիկ թիվը արդեն վաղուց անիրական է: Իհարկե, ի տարբերություն շատ ու շատ էլեկտրոնային լրատվամիջոցների` մենք հակված չենք պնդել, թե Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներին մի 3-4 հազար մարդ է մասնակցում, բայց այդ թիվը նրանց նշած 90 հազարից էլ շատ հեռու է: Իսկ հարյուրհազարավորների դեպքում իշխանափոխությունը, թերևս, տեսանելի կլիներ: Շատ ու շատ թերահավատներ էլ ընդդիմադիրների հնարավոր հաջողությանը ավելի լրջորեն կվերաբերվեին: