ՃԱՆԱՉԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Հի մա, երբ Նախագահի թեկնածուները ավելի հաճախ են հեռուստաէկրանին երևում, ընտրողներս վերջապես հայրենի քաղգործիչների ուղղակի խոսքն առանց մեկնաբանությունների լսելու հնարավորություն ունենք: Իհարկե, ոմանց դա կարող է ընդհանրապես չհետաքրքրել, ոմանց` հիասթափեցնել, մի մասին էլ հնարավորություն ընձեռել «առաջին ձեռքից» ծանոթանալ նախագահացուների մտքի թռիչքին և այսպես շարունակ: Ինչպես բոլոր քարոզարշավներում, թեկնածուներից յուրաքանչյուրն այս անգամ նույնպես ձգտելու է հավատացնել, թե ինքն ամենա-ամենան է: Մարդիկ էլ փորձելու են հավատալ, կասկածել կամ անտարբեր մնալ: Ընտրողների «գործը» դժվար չէ. թեկնածուների թվական պակաս չի զգացվում, խոստումների հեղեղն էլ շուտով կվարարի: Կասկած չկա նաև, որ հեռուստաէկրանների մեր հյուրերը շատ արագ «լրջագույն» հիմնավորումներով չեզոքացնելու են իրենց ուղղվող մեղադրանքները: Բոլորին էլ հավատալով` վերջնարդյունքում, ասել կուզենք արդեն ընտրությունների նախօրեին, ընտրողներս ենք բարդ իրավիճակի առջև հայտնվելու` հատկապես դժվարանալով կողմնորոշվել, թե բոլոր արժանավորներից կոնկրետ ո՞ւմ բաժին հանենք մեր միակ քվեն: Բայց եթե լավատես լինենք, կարող ենք արձանագրել, որ բախտներս դեռ ինչ-որ տեղ բերել է: Չէ՞ որ նախագահա ցուների թիվը կարող էր մի քանի անգամ ավելի շատ լինել` կողմնորոշվելու մեր խնդիրն է°լ ավելի բարդացնելով… Հիրավի, աննախանձելի վիճակում ենք հայտնվել թե° մենք, թե° հայրենի քաղգործիչները: Ասենք, օրինակ, նույն Հրանտ Խաչատրյանը, ով թեպետ այս անգամ չի առաջադրվել, սակայն բավական էր, որ նա թեկնածուներից մեկին սատարելու որոշման մասին բարձրաձայներ, երբ անմիջապես դժվարին իրավիճակում հայտնվեց: Հայկ Բաբուխանյանն, առանց երկար ծանր ու թեթև անելու, հակադարձեց, թե կողմնորոշվելու, ՍԻՄ-ականների կարծիքներն ի մի բերելու իսկական իրավունքը միայն ու միայն իրեն է պատկանում: Արդյունքում` նորից ձեռնամարտ, հետո էլ` ոստիկանության տեղամաս: Մի պահ կարող է թվալ, թե գարեջուր վայելած ֆուտբոլիստների մասին է խոսքը, որոնց տուն տանող ճանապարհը ֆուտբոլային խաղից հետո նախ գարեջրատան, հետո նաև ոստիկանության բաժանմունքով է անցնում: Այստեղ, սակայն, մի մեծ տարբերություն կա: Ակտիվ ֆուտբոլասերները ոչ ժողովրդի քվեն են ակնկալում, ոչ էլ Նախագահի այս կամ այն թեկնածուին սատարելու հորդորներ են մեզ հղում: Ավելին, աստիճանաբար պարզ է դառնում, որ Խաչատրյանի ու Բաբուխանյանի հերթական ծեծկռտոցը բնավ էլ քաղաքական շարժառիթներով չի պայմանավորված եղել: Հիմա էլ նրա°նց տնտեսական շահերն են բախվել, և հարցն ընդամենը քաղաքի կենտրոնում գտնվող կուսակցության գրասենյակի շենքի վաճառքին է վերաբերում: Եվ այսքանից հետո այս մարդիկ դեռ շարունակում են խոսել տնտեսության օլիգարխիզացիայի դեմ ու այլ նման թեմաներից… Դեռ ոչ վաղ անցյալում Խաչատրյանն ու Բաբուխանյանը միասնաբար էին ներկայանում քարոզարշավաներին` ընտրողին առաջարկելով մաքուր ձեռքերով կառուցել երկրի ապագան: Հիմա արդեն ուրախությամբ է պետք արձանագրել. այս և նմանատիպ բոլոր մյուս «մաքուր» կոչերը հասարակությանն անարձագանք թողեց: Խոստանալը, ինչպես միշտ, դժվար չէ: Եվ այսօր, երբ քաղաքական «ռինգում» դարձյալ խոստում շռայլողների պակաս չի զգացվում, քաղաքական շառլատաններից խուսափելու, հայրենի քաղգործիչներին իրականում ճանաչելու լավագույն հնարավորություն է տրվում մեր հասարակությանը: Արդյունքներն ու գնահատականները, կարծում ենք, երկար սպասեցնել չեն տա: