«Պետք է աշխարհ արարես ու նվիրես աշխարհին»…


ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարը (Վոլոդյա Մարգարյան) ծնվել է Գյումրիում, 1948¬ին: Նրա ստեղծագործական գործունեությունը պսակվել է 40¬ից ավել անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներով` Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում: Վալմարն արժանացել է նաև «Վազգեն Առաջին» և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ամենադժվարը պայքարելն է… Պետք է կարողանաս քո առջև խնդիր դնել և այդ խնդիրը լուծելու համար հասկանաս` Աստված ինչ է և ինչքան է տվել քեզ… Պետք է պայքարելով հասնեն նրան, ինչն ի վերուստ քեզ համար է նախատեսված… Պետք է ստեղծես քո աշխարհը և նվիրես աշխարհին: Հենց այդ պայքարն է դժվար: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կցանկանայիք լինել: - Իրականությունը և ամեն ինչ պետք է դիտել ժամանակի մեջ. հիմա ես այս ժամանակի մեջ եմ ծնվել, ապրում եմ Հայաստանում, հայ եմ, ուրեմն` ճշմարտությունը դա է: Ես հայ եմ ծնվել և էլ չեմ կարող մտածել` եթե հայ չլինեի` ինչ կլինեի… Հայից բարձր ազգ ինձ համար չկա: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չարվածը, ինչն այժմ կցանկանայիք բարձրաձայնել: - Չկա այդպիսի բան: - Ի՞նչն է Ձեզ համար առեղծվածային: - Արվեստով զբաղվելն արդեն առեղծվածային է: Որովհետև այս պարագայում գործ ունես սիրո, բնության և արվեստի այլ խորհուրդների հետ: Արվեստն էլ կնոջ նման է` առեղծվածային. ունի խորհուրդ. քանի դեռ բացահայտված չէ, սիրում ես, սակայն երբ բացահայտվի` շոշափելի ու ընկալելի դառնա, այլևս անհետաքրքիր կլինի: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Փարիզում էինք. հայկական երգեր էինք լսում ու քննարկում: Հայաստանցի մի հայ նկատեց. «Այս մեկի մեջ ջիգյար չկար»: Ֆրանսահայ մեր ընկերն էլ հարցրեց. «Իսկ ջիգյարն ի՞նչ է»: «Դա այն է, որը դուք չունեք»,¬ հնչեց պատասխանը: Անեկդոտներ լսում եմ, սակայն չեմ մտապահում. հետո էլ` անեկդոտներով բան ասել չեմ սիրում: Եթե ասելիք ունեմ, ուղիղ եմ ասում: - Մանկության այն հուշը, որը մինչև այժմ ուղեկցում է Ձեզ: - Երբ փոքրիկ էի` 4 կամ 5 տարեկան, պառկած էի և հանկարծ մի ձիավոր տեսա` հենց աչքիս առաջ` անցնելով: Հետո մերոնք եզրակացրեցին, որ սա Սուրբ Սարգիսն է եղել: Քանի որ հիշողություններից է խոսք գնացել, ասեմ, որ էությամբ ոչ թե անցյալով ապրող, այլ պայքարի ճանապարհը հարթելու մտածումներով տոգորված մարդ եմ…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ