Նրա շուքը երբեք չի խամրի…


Հուշերի անտես դարանից հառնած` անմահ վերհուշի հիշարժան պատառիկներ... Անվանի անհատականությունների մասին պատմում են հետևորդները` կրկին ու կրկին վերարժևորելով նրանց կյանքն ու գործը, կյանք, որը ժողովրդին է ծառայել` հարստացնելով ազգային արժեքների գանձարանը... Ճանաչված հեռուստալրագրողուհի Թերեզա ԿԱՍՅԱՆԸ պատմում է մոր` հայկական երգարվեստում հեղաշրջում կատարած, ժամանակի հանրաճանաչ երգչուհի Բելլա ԴԱՐԲԻՆՅԱՆԻ մասին: -Ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց Բելլա Դարբինյանի ընթացքը դեպի մեծ բեմ: - Թեև նա որոշել էր քիմիկոս դառնալ, բայց ճակատագիրը նրան այլ ուղիով տարավ… Շքեղ գեղեցկությունն ու բնատուր ձայնը մեծ հնարավորություններ էին բացել նրա առջև: Երևանի պետական Կոնսերվատորիան ավարտելուց հետո (ի դեպ` Տաթևիկ Սազանդարյանի դասարանում է սովորել) նա մեկնել է Մոսկվա և 2 տարի ուսանել Մեծ թատրոնի ստուդիայում: Իսկ այնտեղ ուսանել եզակի մարդկանց էր հաջողվում. դրանից հետո ուղիղ ճանապարհ էր բացվում դեպի ԽՍՀՄ ամենամեծ օպերային բեմ: Բ. Դարբինյանը որպես օպերային երգչուհի նույնպես կարող էր փայլուն կարիերա ունենալ, սակայն նա ամեն ինչ թողեց և վերադարձավ Երևան: Պատճառը սերն էր: Սկվեց նրա բուռն սիրավեպը Երևանի էստրադային նվագախմբի ղեկավար Կոնստանդին Օրբելյանի հետ: Դա շատ մեծ, ինչպես նաև` ճակատագրական սեր էր: Դա ճակատագիր էր, որն անընդհատ հետապնդել է Բելլային, և գրեթե միշտ հաղթել սթափ և սառնասիրտ բանականությանը: Երկար տարիներ ձգվող սերը հիանալի կատարումների ոգեշնչողը դարձավ: Նա վերջնականապես հրաժարվեց օպերայից: Այդ որոշումն ամենից շատ դուր չեկավ Տաթևիկ Սազանդարյանին, ով նույնիսկ նեղացել էր Բելլայից: Սակայն այդ որոշման արդյունքում Բելլան նոր ոճով` կատարելով էստրադային գործիքավորմամբ, ունկնդրին վերադարձրեց ժողովրդական երգերը: Դա իսկապես հեղաշրջում էր, որի ակունքում մայրս էր` Բելլա Դարբինյանը: - Ստեղծագործական բուռն վերելք ապրելով հանդերձ, նաև այն տարիներին անկարելի էր անմասն մնալ փորձություններից… - Մայրիկի կյանքը շատ բարդ է եղել և շրջապտույտներով լի: Բեմն ու ճանաչումը, ունկնդրի բուռն սերը հաճախ են երգչուհուց զոհողություններ պահանջել: Այսօրվա երգիչների հնարավորությունները, ինչ խոսք, չի կարելի համեմատել Խորհրդային տարիներին ստեղծագործող երգիչների հնարավորությունների հետ: Խորհրդային բարքերը շատ արհեստական խնդիրներ էին ստեղծում` իրենց քարացած գաղափարախոսությամբ: Երկար ժամանակ Բելլային թույլ չէին տալիս հյուրախաղերի մեկնել արտասահման: 8 տարի նա զրկված էր այդ իրավունքից. երևի կոմկուսը վախենում էր, որ մեկնելուց հետո նա կհաստատվի արտերկրում, սակայն իրականում դրա համար հիմքեր չկային. մայրս սիրում էր իր Հայրենիքը: - Ասում են` Բելլան այն անհատներից էր, ովքեր կարողանում էին նաև «ընկերախմբի հոգին» լինել: - Բոլոր տեսակի հավաքույթների ու ելույթների ժամանակ նա միշտ ուշադրության կենտրոնում էր, քանի որ սուր հումոր ուներ և հրաշալի նմանակում էր իր պատմությունների հերոսներին: Նրա ելույթները երբեք միայն երգերով չէին սահմանափակվում: Բելլա Դարբինյանը միշտ «շոու էր անում» ու գերում հանդիսատեսին` իր արտիստիկ պատմություններով: Խոսում էր հանդիսատեսի հետ, պատմում ինչ¬որ բան` հաճախ հորինելով ինչ¬որ միջադեպի շարունակությունը և համեմելով իր հումորով ստեղծած դրվագներով: Մի անգամ մի խումբ երգիչներ Արցախ էին այցելել ու պետք է ելույթ ունենային գյուղերից մեկում: Նոր¬նոր ճանաչում ձեռք բերող երիտասարդ Բ. Դարբինյանը հանկարծ անսպասելի մեծ ուշադրության և ծաղկեփնջերի է արժանանում: Հավաքված ամբոխից մի ծեր կին է դուրս գալիս, փաթաթվում է նրան ու ասում. «Վա˜յ, Օֆելյա Համբարձումյան ջան…»: Բելլան խիստ նայում է կնոջն ու ասում. «Ես Օֆելյա Համբարձումյանը չեմ»: «Բա ո՞վ ես»: «Ես Հովհաննես Բադալյանն եմ»… Մայրս միևնույն ժամանակ շատ ուժեղ կին էր. այն աստիճան, որ երևի չարժեր, որպեսզի կինն այդքան ուժեղ լիներ: Նրան այնպիսի ուժեղ տղամարդիկ չէին հանդիպել, որ ինքն իրեն թույլ տար ուժեղ չլիներ. նա այնքան զորեղ էր, որ իրեն արժանի տղամարդու չի հանդիպել` չնայած սերեր և ամուսնություններ ունեցել է: - Մարդկային ուժը նաև սկզբունքայնության մեջ է: Ինչ հարաբերություններում էր Բելլայի սկզբունքայնությունն առավել վառ արտահայտված: - Նա տարբեր երկրներում ապրելու և ելույթ ունենալու առաջարկություններ է ստացել. կարող էր ռուսական էստրադա մուտք գործել ու կայուն դիրք զբաղեցնել, սակայն միշտ նախընտրել է իր փոքր Հայաստանը: Այդպես է նրան հուշել ներքին ձայնը: Նաև ամուսնության բազմաթիվ առաջարկներ են եղել: Հայտնի ու շատ հարուստ տղամարդիկ են նրան սիրել և ամուսնության առաջարկներ արել, սակայն նա ուղղակի դրանց կարևորություն չի տվել: - Ձեզ համար ի՞նչ նշանակություն է ունեցել հայտնի մարդու դուստր լինելը: - Հայտնի մարդու զավակ լինելը բավական դժվար էր: Ամենադժվարը կայանալն էր. կայանալ ոչ թե որպես հանրահայտ մարդու դուստր, այլ` ինքնուրույն` ինքդ քեզանով: Երբ փոքր էի, կար մի տարիք, որ ուշադրության կենտրոնում լինելը շատ հարմար էր ու հաճելի: Սակայն եկավ տարիք, որ այդ ամենն արդեն նյարդայնացնում էր ինձ: Ի դեպ, ասեմ, որ շատ հայտնի մարդու դուստր լինելը թույլ չտվեց ինձ զբաղվել երգով` թեև ես տվյալներ ունեի: Ինքս մտածում էի, որ պետք է այնքան լավը լինեմ, որքան Բելլան, կամ` Բելլայից վատը չլինեմ: Աստված, կարծում եմ, նրա չափ տաղանդ չի շնորհել ինձ: - Ինչպիսի՞ն էր Բելլա Դարբինյանն ընտանիքում: - «Սարսափելի» հոգատար մայր, «սարսափելի» հոգատար տատիկ: Անհանգիստ ծնող` չափազանց ուշադիր: Կար մի տարիք, որ մտերիմ չէինք, նույնիսկ տարաձայնություններ կային. դա անցումային տարիքս էր, երբ թվում է, որ ամեն ինչ գիտես, սակայն փորձում են քեզ ամեն ինչ սովորեցնել: Հետագայում, երբ հասունացա և ինքս էլ էի մայր, մենք շատ¬շատ մտերմացանք: - Բնավորության ինչպիսի՞ գծեր եք ժառանգել մայրիկից: - Ինձ ասում են, որ շատ արտիստիկ եմ: Իրենից ժառանգել եմ նաև երաժշտական ճաշակ. առաջին մի քանի նոտաներից կարողանում եմ լավ ու վատ երգերը և կատարումները տարբերել: Նման արվեստագետի հետ ապրելն ու մեծանալն արդեն իսկ մեծ դպրոց էր… Նաև համեղ ճաշեր պատրաստելն եմ իրենից ժառանգել: Նա շատ լավ խոհարար էր: - Ամենաշատը նրա էության ո՞ր գիծն էր հիացնում: - Մարդկանց շատ¬շատ էր սիրում: Շատ բարի էր: Նույնիսկ այն ժամանակ, երբ հիվանդ էր, ոչնչի ու ոչ մեկի հանդեպ չէր չարացել, չնայած` բարդ կյանք էր ապրել, չնայած` առողջությունն արդեն դավաճանել էր…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ