Ամերիկացիները լրտեսում են ՆԱՏՕ¬ի ղեկավարությանը


Հետզհետե հիմնավորվում են ի սկզբանե հնչեցրած (այդ թվում և´ «Ավանգարդի») այն կասկածները, որ ՎիկիԼիկսի շուրջ աղմկահարությունը բնավ պատահական չէր: Դա պարզապես մի հուշում էր, որ աշխարհի գրեթե ցանկացած պետության ղեկավարների, գրեթե ցանկացած երկրի արտաքին քաղաքական նկրտումների մասին որոշ մանրամասներ կարելի է քաղել այս կայքից: Այլ խնդիր է, որ այնտեղ հրապարակվելիք գաղտնազերծումներն ուղղորդող(ներ) ունեն և կոնկրետ նպատակակետ: Այսպես թե այնպես, միևնույն է` ամենքն իր «քիմքով» հետաքրքիր փաստեր այնտեղ կարող են գտնել: Ռուսական լրատվամիջոցներից մեկն, օրինակ, անցյալ շաբաթ առանձնացրել էր վերոնշյալ թեման («Ամերիկացիները լրտեսում են ՆԱՏՕ¬ի ղեկավարությանը»)` ընդգծելով, որ «Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը ամերիկացիների «ծածկույթում» է հայտնվել: Այդ են վկայում ԱՄՆ¬ի պետդեպարտամենտի գրագրությունները»: Գերմանական առաջատար հրատարակություններից մեկը` «Վելտ» թերթը, ՎիկիԼիկս կայքից տպագրել է «Ամերիկյան խլուրդը` ՆԱՏՕ¬ի ղեկավարի շրջապատում» հոդվածը: …Ինչպես նշել է գերմանական թերթը, դատելով պետդեպարտամենտի ճեպագրություններից` լրատվության աղբյուրը «ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղարի անձնական քարտուղարության տնօրենի ամերիկացի տեղակալն է»: Օրինակներ են բերվում լրատուի աշխատանքից և նրա զեկույցների հիման վրա Վաշինգտոնի քայլերը: Այսպես, 2009 թ. սեպտեմբերին ամերիկյան «խլուրդը» Վաշինգտոն է փոխանցել Ժողովրդական Համագործակցության Համաեվրոպական Կազմակերպության (ԿԺԽը) գլխավոր քարտուղարին ուղղված Ռասմուսենի նամակը` դրան կցելով իր եզրահանգումները. ՆԱՏՕ¬ի բարձրագույն պաշտոնյան պատրաստակամ է այդ կազմակերպության հետ «ավելի հեռուն գնալ», քան նախատեսում է Ամերիկայի և ընդհանրապես Դաշինքի շահերը: Արդյունքում` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՆԱՏՕ¬ում ամերիկյան ներկայացուցիչ Այվո Դադլերին հանձնարարել էր անձամբ զրուցել ՆԱՏՕ¬ի գլխքարտուղարի հետ և նրան հասկացնել ԺՀՀԿ¬ն եվրոատլանտյան անվտանգության կառույցում ներգրավելու անցանկալիությունը: Դա, իբր, կարող էր ի ցույց դրվել` որպես ««սառը պատերազմի» ժամանակաշրջանի հատվածային մտածողության դրսևորում»: Իր դեսպանի միջոցով Քլինթոնը Ռասմուսենին «համառորեն խնդրում» էր հանդես չգալ նոր` դեռևս Դաշինքում չքննարկված նախաձեռնությամբ` Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ենթատեսքով: Նույն թվականի սեպտեմբերի 18¬ին Անդրես Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում արտահայտվել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու օգտին, բայց ԺՀՀԿ¬ի մասին չի հիշատակել: Վաշինգտոն են «ներհոսել» նաև 2009 թ. դեկտեմբերի 17¬ին Մոսկվայում Դմ. Մեդվեդևի և Վլ. Պուտինի հետ Ռասմուսենի զրույցների մանրամասները: «Խլուրդը» զեկուցել էր, որ Բրյուսել վերադառնալով, գլխքարտուղարը Դաշինքի անդամ պետությունների ներկայացուցիչներին պատմել է «կառուցողական, ապագային միտված բանակցությունների» և այն մասին, որ «լիովին համագործակցության տրամադրված ռուսական կողմը կառուցողական երկխոսության պատրաստակամություն է հայտնել` բոլոր թեմաներով. ներառյալ և այն թեմաները, որոնցում տեսակետները չեն համընկնում»: Սակայն «Մոսկվայում զրույցներին ներկա աղբյուրը» անհրաժեշտ է համարել Վաշինգտոնի ուշադրությունը հրավիրել այն պահերի վրա, որոնց մասին Ռասմուսենը «նախընտրել էր լռել»: Խոսքն այն մասին է, թե իբր «Հանդիպման ընթացքում Պուտինը կշտամբել է ՆԱՏՕ¬ին` Բուլղարիայում հրթիռների արձակում ծրագրելու համար. ասել է, որ Դաշինքի գոյությունն անիմաստ է և ռուսական հետաքրքրություններից ելնելով` ավելի լավ կլինի, որ Դաշինքը գոյություն չունենա»: …Հիշատակվում է նաև 2009 թ. օգոստոսի 19¬ին ամերիկյան կողմի` երկրում իսլամական իրավունքի տարրեր ներմուծելու մասին նամակը Ռասմուսենի միջոցով Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային հանձնելը: Ամերիկայի աղբյուրը նշել է, որ ՆԱՏՕ¬ի գլխքարտուղարը խախտել է Դաշինքի համատեղ պայմանավորվածությունը` մինչև օգոստոսի 20¬ի ընտրություններն այդ հարցը Քարզայի մոտ չբարձրացնելու վերաբերյալ: ՆԱՏՕ¬ին առընթեր ամերիկյան առաքելության համապատասխան հեռագրում ընդգծվել է, որ այդ փաստը «բնորոշ է գլխավոր քարտուղարի աշխատանքային ու ղեկավարման ոճին»: «Վելտ»¬ը հաղորդել է, որ ձեռքի տակ ունի ՆԱՏՕ¬ում ամերիկյան ներկայացուցչության 200 նամակ: Դրանց առնչությամբ հրապարակումները կշարունակվեն… (Տպագրվում է կրճատումներով)