Ինչու՞ է Ադրբեջանը խուսափում խաղաղ լուծումից


ԱՆՑՅԱԼ դեկտեմբերին, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ իր տպավորությամբ` Ադրբեջանը ուղղակի չի ցանկանում հասնել Արցախյան հակամարտության արդարացի և խաղաղ լուծման: Անցյալ շաբաթ Ուկրաինայի արտգործնախարարի երևանյան պաշտոնական այցի շրջանակներում, երկու արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը նույն տեսակետը զարգացրեց: Հետևաբար, պաշտոնական Երևանը առավել քան համոզված է, որ չնայած Բաքվից խաղաղ հանգուցալուծման հասնելու փարիսեցիական հավաստիացումների պակաս չի զգացվում, սակայն այդ երկրի ղեկավարությունն իրականում չի ցանկանում հասնել Արցախյան հակամարտության արդարացի ու խաղաղ լուծման: Բաքուն ասում է մի բան, անում հակառակը` գործնականում ձգտելով վիժեցնել խաղաղ բանակցությունները: Դրա անխաբ վկայությունն են հակամարտության խաղաղ լուծման փնտրտուքներով զբաղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի հանդեպ Ադրբեջանի կողմից բավական հաճախացած անվստահության հայտարարությունները, այդ Խմբի ձևաչափը փոխելու, նրանում Թուրքիայի ներկայացուցչին ընդգրկելու, հարցի քննարկումը այլ միջազգային ատյաններ տեղափոխելու անիմաստ փորձերը: Ինչպես նաև շփման գծի երկարությամբ անվերջ սադրանքներ կազմակերպելը, հայկական ուժերի թիկունք դիվերսիոն խմբեր ուղարկելը և այլն: Միգուցե իսկապե՞ս հավատում են, թե երբևէ կկարողանան ուժի միջոցով ստանալ Լեռնային Ղարաբաղը: Ճիշտ այդպիսի մի հարցազրույցում մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարբաջում էր Լեռնային Ղարաբաղը կրկին Ադրբեջանի գերիշխանությանը վերադարձնելու հնարավորության մասին` դա համարելով որպես Հայաստանի հետ հակամարտությունը խաղաղ կարգավորելու նախապայման: Ոչ ոքի արգելված չէ երազ տեսնել, իսկ այդ երազում` կուտ: Ինչպես հաճախ է պատահում սոված հավերի հետ… Հեգնանքը` հեգնանք, իսկ ահա հակամարտությունը բանակցությունների ճանապարհով խաղաղ հանգրվանի հասցնելուց պաշտոնական Բաքվի խուսափողական կեցվածքն արժանի է լուրջ ուսումնասիրության: Ինչքան էլ ցածր կարծիքի լինենք Իլհամ Հեյդարօղլու և նրա գլխավորած ադրբեջանական պետական ու քաղաքական վերնախավի մտավոր կարողությունների և սթափ դատելու ունակությունների մասին, այնուամենայնիվ, դժվար է հավատալ, թե նրանք չեն գիտակցում իրենց պետության օգուտն ու վնասը: Այստեղ, երևի, այլ հանգամանքներ կան: Ադրբեջանական ղեկավարությունը հասկանում է, որ իրենց հակահայկական քարոզչությամբ չափն անցել են` սեփական ժողովրդի մի զգալի մասին հասցրել են հոգեգարության աստիճանի` անասնական ատելություն ներշնչելով հայերի և Հայաստանի հանդեպ: Այդ թույնից ու ատելությունց ուղեղներն ու հոգիները մաքրելը հեշտ չի լինելու, իսկ առանց դրա խաղաղ համաձայնագիր կնքելն անհնար է: Օրերս հայկական հեռուստաալիքները ցուցադրեցին Բաքվում կայացած մի հակահայկական (նաև հակաիրանական) շքերթ, որի մասնակիցների դեմքերն ատելությունից այնպես էին աղավաղված, որ հայացքներում մարդկային ոչինչ չէր մնացել: Հետևաբար, հակամարտությունը խաղաղ հանգրվանի հասցնելու առաջին խոչընդոտը հենց Ադրբեջանում առկա թշնամանքի խորացումն է Հայաստանի ու հայության հանդեպ: Մինչդեռ արդեն քանի˜ տարի` հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու փնտրտուքով զբաղված ԵԱՀԿ Մինսկի Խումբը հորդորում է` ժողովուրդ ներին նախապատրաստել հաշտության, ոչ թե պատերազմի: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող չհասկանալ, որ իրենց պետությունը պատրաստ չէ պատերազմի: Նախ, ոչ մի երաշխիք չկա, թե նոր պատերազմն իրենց համար ցանկալի ելք կունենա: Հակառակը շա´տ ավելի հավանական է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մեր Ազգային Բանակի մարտունակությունը կասկածի ենթակա չէ, ինչը կարող է ջախջախիչ նոր պարտության հասցնել իրենց: Նաև այն պատճառով, որ ադրբեջանական նոր ագրեսիան շատ վատ արձագանք կստանա միջազգային ասպարեզում: Ըստ տեղեկությունների` ԱՄՆ-ը արդեն 2 անգամ ուղղակիորեն զգուշացրել է Իլհամ Հեյդարօղլուն, որ նոր պատերազմ սանձազերծելու դեպքում Վաշինգտոնն անհապաղ կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ի դեպ, ԼՂՀ անկախությունը ճանաչելու ազդանշան է տվել նաև Իսրայելը, որն իբրև թե ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով անորոշ ժամանակով փակել է իր դեսպանատունը Բաքվում: Փակման իրական պատճառը, սակայն, ըստ որոշ աղբյուրների` Իլհամ Հեյդարօղլու այն գաղտնի հրամանագիրն է, որը հայտնի է դարձել իսրայելցիներին: Ըստ այդ փաստաթղթի` Հեյդարօղլին նախապատրաստում է Պաղեստինի անկախության փաստացի ճանաչումը Ադրբեջանի կողմից: Ուրեմն` ինչու՞ Հեյդարօղլին, հրաշալի հասկանալով պատերազմի անցանկալիությունն իրենց համար, այնուամենայնիվ, շարունակում է լեզվագարություններ անել և նոր պատերազմով սպառնալ: Նույնիսկ ցուցադրաբար հրաժարվում է անսալ շփման գծից երկկողմանիորեն դիպուկահարներին ետս կոչելու ԵԱՀԿ Մինսկի Խմբի Եռանախագահների դեռևս երեք տարի առաջ արված կոչին, որը հայկական կողմն ընդունել է, իսկ իրենք` մերժել: Իբր, «դիպուկահարների ետքաշումը խնդիրը չի լուծի»: Ո՞վ է ասում` կլուծի: Բայց նկատելիորեն կնվազեցնի լարվածությունը շփման գծում, ուստի և կպակասի տարերայնորեն նոր պատերազմ սկսելու հավանականությունը: Նույնիսկ ադրբեջանցի լինելը չպիտի խանգարեր` այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար: Բայց Բաքվում ձևացնում են, թե չեն հասկանում: Գելթոզի՞ են տալիս, թե՞ արջի նման իրենք իրենց ահից գոռում են: Հեյդարօղլին ուղղակի գիտի, որ ինքը ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ: Ասելն ու անելը հո նույն բանը չե՞ն: Հոխորտում է` հոխորտալու համար: Ո՞վ իմանա, մեկ էլ տեսար` դիմացինի նյարդերը տեղի տվեցին: Իսկ եթե դա էլ չլինի` սեփական ժողովրդին անվերջ պատերազմական հիստերիայով բորբոքված պահելը միշտ էլ իրեն ձեռնտու է: Որովհետև նոր պատերազմի հոգեբանական շոկի մեջ հայտնված սեփական ժողովուրդը, ելնելով «գետանցում ձիերը չեն փոխում» սկզբունքից, դեռ երկար կհանդուրժի իր բռնապետությունը: Ի վերջո, Հեյդարօղլին սիրում է հեռուստախցիկների առաջ թատերական կեցվածքներ ընդունելով հայտարարել, թե Ադրբեջանի ռազմական ծախսերը անշեղորեն մեծանում են: Օրինակ այս տարի, ըստ նրա, իրենք 3 միլիարդ դոլար են հատկացնելու բանակի վերազինմանը, որը 9,5 տոկոսով ավելի է, քան 2009-ին էր և «հավասար է Հայաստանի տարեկան բյուջեին»: Հետո՞ ինչ: Ո՞վ չի հասկանում, որ նշված 3 միլիարդի առնվազն կեսը մտնելու է անձամբ նրա ու իր հովանու տակ գտնվող մեծ ու փոքր չինովնիկների գրպանը: Որովհետև բանակը Ադրբեջանում ամենակոռումպացված պետական կառույցներից մեկն է, սպառազինության ձեռքբերման անվան տակ դուրս գրված գումարների ծախսը գործնականում անվերահսկելի է, ուստի և ռազմական ծախսերից հափշտակելն ամենից ավելի հեշտն է: Ադրբեջանական ժողովուրդը որտեղի՞ց իմանա, որ Հայաստանի Ազգային Բանակի կարիքներին ուղղվող շատ ավելի քիչ գումարները շատ ավելի արդյունավետորեն են ծախսվում, քան իրենց միլիարդները: Հայաստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ է, և իրեն անհրաժեշտ ռազմական ամենաարդիական սպառազինության առյուծի բաժինը ձեռք է բերում իր դաշնակից Ռուսաստանից: Ընդսմին` տասնապատիկ-քսանապատիկ ավելի էժան գներով, քան Ադրբեջանը, որը ՀԱՊԿ անդամ չէ, ուստի և Մոսկվան նույն սպառազինությունը Ադրբեջանին վաճառում է միջազգային գներով: Այնպես որ` ռազմական ծախսերի գումարների մեծությամբ լարախաղացություն անելը հիմարություն է: Մարտական խնդիրները լուծվում են զորքերի կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ, զորավարների հանճարով, սպաների գրագիտությամբ, զինվորների խիզախությամբ, զենքին ու զինտեխնիկային տիրապետելու վարպետությամբ, հանուն հայրենիքի պայքարելու պատրաստակամությամբ, թիկունքի ամրությամբ, ժողովրդի ոգու ուժով, նրա քաղաքակրթական մակարդակի ավելի բարձր աստիճանով… Նախորդ պատերազմում մենք այդ բոլոր առումներով գերազանցեցինք թշնամուն և փառահեղ հաղթանակ տարանք: Տարակույս լինել չի կարող, որ հարկը պահանջածին նույնը կկրկնվի: Ով-ով, բայց Հեյդարօղլին դա չի կարող չիմանալ: Եթե չգիտի, ուրեմն անմեղսունակ է… Եթե գիտի, բայց շարունակում է լկստվել, ուրեմն ոչ միայն արկածախնդիր ու անհեռատես ղեկավար է, այլև համոզված է, որ Արևմուտքն իր ականջները…չի քաշի: Ինչու՞: Ինչ խոսք, այս «ինչուի» պատասխանն էլ կարծես հայտնի է: Արևմուտքը չի զսպում Հեյդարօղլուն, որովհետև նրանից ավելի ձեռնասուն ղեկավար Ադրբեջանի գահին բազմեցնելն ուղղակի անիմաստ է: Ինչո՞ւ ջանք թափել և Ադրբեջանում ժողովրդավարություն ու ազատություն հաստատելու համար հրահրել Ալիև-կրտսերի տապալումը: Հերն էլ անիծած, թե ադրբեջանական ժողովուրդը տառապում է այդ սուլթանիկի ծանր լծի տակ: Փոխարենը նա, մինչև կոկորդը կեղտի մեջ թաղված` իր գահին մնալու համար պատրաստ է ցանկացած զիջում անել դրսի տերերին: Մանավանդ` Ադրբեջանի նավթային կարկանդակից նրանց առատորեն բաժին հանելու գնով: Այսօր ադրբեջանական նավթի ուղիղ 90 տոկոսը պատկանում է դրսի սեփականատերերին, դրանից ժողովրդի բացարձակ մեծամասնությանը ոչինչ չի հասնում: Եթե նավթադոլարները հանենք` Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի վատթար վիճակում է, քան մերը: Տարեկան 20 միլիարդ դոլարի բյուջետային թվերն ընդամենը դատարկ պարծենկոտություն են: ԱՊՀ միջպետական վիճակագրական հանձնաժողովի տվյալներով` անցյալ տարի, նախորդի համեմատությամբ, Հայաստանի արդյունաբերության աճը կազմել է 9,7 տոկոս, Ադրբեջանինը` 2,6: Այս ցուցանիշով մենք ԱՊՀ տարածքում 4-րդն ենք, Ադրբեջանը վերջին` 11-րդը: Բոլորը հասկանում են, որ նոր պատերազմի դեպքում ադրբեջանական նավթա-գազային խողովակաշարերը դառնալու են մեր հրթիռահրետանային կայանքների առաջին թիրախները, և իրենք այդ նավթադոլարները կորցնելու են: Հասկանում ու անհանգստանում են: Նաև փորձում են Բաքվին հասկացնել, որ 2,6 տոկոսանոց աճ արձանագրած իրենց արդյունաբերությունը ակնթարթորեն կքայքայվի` աճի թիվը վերածելով բազմապատիկ մեծ, բայց…մինուս նշանով…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ