1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Օտար պետհամարանիշերը հայկականով փոխարինելու հարցում կրակն ընկած վարորդները եթե մինչև հիմա իրենց համառությամբ էին զարմացնում, ապա նրանց վերջին անհեթեթ հայտարարությունն առնվազն վիրավորանք է` հենց իրենց հասցեին: Բողոքավորները հավաստիացրել են, որ եթե իրենց պահանջները պատկան մարմինները շարունակեն արհամարհել, ապա քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմելու են Վրաստանի կառավարությանը: Որ թանկարժեք պետհամարանիշը նրանց համար նույնիսկ քաղաքացիությանը համարժեք է դարձել, գուցե մի կերպ կարելի է հասկանալ: Բայց ՀՀ, այսինքն` հայրենիքի քաղաքացի լինելու արժանապատվությունը երբեք չի կարելի հավասարեցնել չմաքսազերծվող ավտոմեքենաների անվադողերին ու նման վերջնագրեր ներկայացնել: Ի վերջո, ինչ¬որ լուծում այս հարցն էլ կգտնի: Ուստիև ոստիկանների բռնաճնշումներին դիմակայելով` հարկ է պայքարել այնքան, մինչև հայրենի մաքսավորները գիտակցեն, որ իրենց սահմանած վճարաչափերը նույնիսկ «թալան» կոչվող հասկացության սահմաններն են գերազանցում: Վերջին հաշվով ամենաըմբոստ վարորդն անգամ չի հրաժարվում պետհամարանիշերը հայկականով փոխարինելու ծառայության դիմաց վճարելուց: Այս մարդկանց փողոց է դուրս բերել ապահովագրություն կոչվող անհեթեթությունը, որն այդպես էլ չի հաջողվում կայացնել: Ինչպես նաև ու տվյալ դեպքում` մեքենաների գնին շատ մոտ մաքսատուրք կոչվածը… Իսկ վրացահպատակ դառնալուն մղում է ոչ այլ ինչ, քան նրանց անպաշտպան վիճակը: Հենց սրանով հանդերձ` ո՞վ չի պատկերացնում, որ բողոքավորների շարքերում մերթընդմերթ հայտնվող Կարապետիչն ու Ժառանգության պատգամավորները պարզապես նախընտրական հյուրախաղերի շրջանակներում են հատկապես Գյումրիում ու Վանաձորում կամ այլուր հայտնվում: Մինչդեռ այս, թե ցանկացած ուրիշ դժգոհ ընտրազանգվածի խնդիրներով հետաքրքրվելիս, հուսադրելուց բացի` մարդկանց գործնականում է պետք աջակցել: