ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ


 

Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում լարվածության նոր ու աննախադեպ պատճառներ են ի հայտ եկել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի` միջազգային հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն 275 տոկոսով բարձրացրել է Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գինը: Ընդ որում, նոր սակագինը սկսել է գործել հենց տարեսկզբից, սակայն Բաքվի իշխանությունները, չգիտես ինչու` նոր են միայն հարկ համարում իրենց ավագ եղբորը տեղեկացնել գնային կտրուկ փոփոխության մասին: Լավ պատկերացնելով հայտարարության հետևանքները` Ն. Մամեդովը նաև ինչ-որ առևտրային գաղտնիքի մասին է խոսել: Մինչդեռ Բաքվի որոշումը չհրապարակելն, ու հիմա էլ դրա շուրջ հյուսվող հեքիաթներն էլ ավելի մեծ զայրույթ են առաջացրել թուրքական իշխանությունների շրջանում:

Վերջիններս իրոք աննախադեպ են համարում իրենց մատուցված տհաճ անակնկալը` փաստելով, որ մինչև տարեվերջ 1000 խորանարդ մետրը 120 դոլար արժեցող գազի սակագինը միանգամայն անհիմն կերպով է 330 դոլարի հասցվել: Նրանք լսել անգամ չեն ուզում Ադրբեջանի իշխանությունների պատճառաբանությունները, թե Բաքուն Ռուսաստանին նույն ծավալի գազը` 450, իսկ Իրանին` 420 դոլարով է վաճառում:

Թուրքիայում հավատացած են, որ եղբայրությունը հեռու է բիզնես-շահերից և բարեկամ երկիրը կա´մ պետք է խորհրդանշական չափով իրեն մատակարարվող երկնագույն վառելիքը թանկացներ, կա´մ ընդհանրապես զերծ մնար գնաճից:

Չի բացառվում նաև, որ ադրբեջանական անակնկալի` Իրանին վերաբերող հատվածը լրիվ կեղծ դուրս գա` է´լ ավելի անհարմար դրության մեջ գցելով Հեյդարօղլու իշխանությանը: Այս դեպքում առնվազն տարակուսելի է, թե ինչպես է Ադրբեջանն Իրանին (այն էլ նման բարձր գնով) գազ վաճառում, երբ այդ երկիրն ի´նքն է գազ վաճառող համարվում: