ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ… ՄԵԿ ԱՆՍԱՄԲԼՈՎ


Այսօրվանից Քուվեյթում անց են կացվում հայ մշակույթի օրեր: «Մշակույթի օրեր» բնորոշումը Մշակույթի նախարարությանն է, որն արդեն երկար ժամանակ տարբեր երկրներում կազմակերպում է նմանօրինակ միջոցառումներ: Անշուշտ, ողջունելի է, որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացվում է հայ մշակույթը, ձևավորվում է պատկերացում մեր ժողովրդի ու նրա մշակույթի մասին: Հատկապես ողջունելի է, որ հիմա մշակույթի օրերը կազմակերպվում են մեզ համար ոչ ավանդական երկրներում` աստիճանաբար Եվրոպայից տեղափոխվելով Արևելք` Ասիա: Նախարարության որոշմամբ` Քուվեյթում հանդես կգա վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարի պետական անսամբլը: Հաճելի է, որ վերջին տարիներին իր կենսագրության տխուր օրերն ապրող փառաբանված անսամբլն արևելյան այդ երկրում ներկայացնելու է ազգային պարը: Քուվեյթում կներկայացվեն նաև յոթ նկարիչների ստեղծագործություններ: Սակայն թե այս, թե նախկինում կազմակերպված մշակույթի օրերը լուրջ մտահոգություններ են ծնում, պարտադրում խոսել այն մասին, որ որդեգրվել է ձևականությունը, սխալ քաղաքականությունը: Մշակույթի օրեր հասկացությունը ընդգրկուն է, համապարփակ, քանզի մշակույթը չի սահմանափակվում համերգային ծրագրով կամ ցուցահանդեսով: Մշակույթի մաս են կազմում թատրոնները, գրականությունը, կիրառական արվեստը, բանահյուսությունը և այլն: Մինչդեռ մեր Մշակույթի նախարարությունը բավարարվում է խղճուկ հայտագրերով` աղճատված պատկերացումներ ձևավորելով մեր մշակույթի մասին: Եվ ուրեմն, մշակույթի օրերի անվան տակ պետք է հասկանալ հյուրախաղեր և ցուցահանդես, ուր երբեմն ներկայացվում են ոչ թե տաղանդի ու ինքնատիպության չափանիշներով, այլ` սեփական քիմքին կամ ծանոթության շրջանակին մոտ նկարիչներ: Այս քաղաքականությունը, ցավոք, նոր չէ հիմնավորվել, այն արդեն մոտ երկու տասնամյակի պատմություն ունի և հաջորդաբար շարունակվում է` այսպես օտար ունկդիրների և ակնդիրների մոտ սխալ ու թյուր պատկերացումներ ձևավորելով մեր մշակույթի մասին: Բայց եթե նախկինում կարելի էր համակերպվել այդ մոտեցումների հետ, ապա հիմա անթույլատրելի է, քանզի մեր առջև մարտահրավերներ կան, որոնց պետք է դիմագրավենք նաև մշակույթով և արվեստով: Քուվեյթը աշխարհի հարուստ երկրներից մեկն է, հետևաբար համաշխարհային քաղաքականության մեջ նա իր տեղն ու դերն ունի: Ուրեմն, ինչո՞ւ չօգտագործել այս առիթը, ինչու՞ մշակույթի միջոցով չներկայացնել Ցեղասպանությունն ու Ղարաբաղյան հիմնահարցը` ներկայացնելով գրքեր ու ալբոմներ, վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Ֆիլմերի ցուցադրութ յունն անհրաժեշտ է ոչ միայ այս առումով. մշակույթի օրերը կարող են վերածվել նաև համագործակցության, բիզնես ծրագրերի կենսագործման հրաշալի հնարավորության: Բացի այդ, ինչո՞ւ մենք չենք ներկայացնում մեր կոմպոզիտորական դպրոցը` դասական ու արդիական: Եթե խնդիրը վերաբերում է ֆինանսներին, ապա կարելի է քչով բավարարվել և Քուվեյթ տանել դիցուք` Կոմիտասի անվան լարային քառյակը, մենակատարների, կարելի է հայտագրում ընդգրկել այնքա˜ն փառաբանված «Սպարտակ» բալետից Ադաջիոն` այսպես նաև ներկայացնելով աշխարհի կողմից արդեն ճանաչված Ռուբեն Մուրադյանին… Կարելի է շատ բան անել` մեր մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու համար, պարզապես այդ ամենի համար պետք է, որ կազմակերպիչներն իրավասու և մշակութային մարդիկ լինեն, մինչդեռ մեզ մոտ հակառակն է…

Էջի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ