«ԵՍ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆԸ»


Մարտի 6-ին ինձ իր տանն ընդունեց նշանավոր երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ավետ Տերտերյանի այրի Իրինա ՏԻԳՐԱՆՈՎԱ -ՏԵՐՏԵՐՅԱՆԸ: Մեր զրույցն ավարտելուց հետո խնդրեց, որ հարցազրույցի պատրաստի տեքստը հանձնեմ իրեն` որոշ շտկումների համար: Մարտի 16-ին, 74 տարեկան հասակում, ականավոր երաժշտագետը հեռացավ կյանքից: - Տիկին Տիգրանովա, Ձեր անունը մշտապես կապվել է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի` Ավետ Տերտերյանի հետ: Դուք ոչ միայն եղել եք նրա կյանքի ընկերը, նրա միակ զավակի մայրը, այլև նրա մասին ստեղծված հիմնարար աշխատության հեղինակը: Ո՞վ էր Ձեզ համար Ավետ Տերտերյանը` որպես երաժիշտ: - Դժվար հարց եք տալիս: Դժվար, որովհետև շատ պատասխանատու է մեկ հարցազրույցի շրջանակներում ներկայացնել, թե ով էր ինձ համար Ավետ Տերտերյանը որպես երաժիշտ: Բայց կփորձեմ ինչ-որ բան ասել: Ավետ Տերտերյանի մասին շատ ավելի լսել են մարդիկ, քան` գիտեն նրան: Սա պարադոքս է, իհարկե, սակայն բուն ճշմարտությունն է: Շատ հաճախ ենք լսում, թե ինչպես են մեծարում նշանավոր կոմպոզիտորին, սակայն քչերն են թափանցում նրա ստեղծագործության մեջ, քչերն են կարողանում բացատրել նրա երաժշտության առանձնահատկությունը: Մինչդեռ Ավետ Տերտերյանն իր ստեղծագործությամբ հեղափոխական էր, ճշմարիտ նորարար: Նա կանգնեց 20-րդ դարի մեծագույն նորարարների` Էդիսոն Դենիսովի, Ալֆրեդ Շնիտկեի, Գուբայդուլինայի կողքին և ստեղծեց այն մոդեռնը, որի մասին միայն երազում էին սովետական շրջանում: Այն տարիներին ձևավորվել էր կեղծ պատկերացումների համակարգ, ամեն ինչ հպատակեցվում էր սոցիալիստական ռեալիզմի մեթոդին, մինչդեռ Ավետն ապացուցեց, որ հնարովի տեսությունից զատ կա նաև շարժում, կա մի այլ երաժշտություն, որն առավել համամարդկային է: Ավետ Տերտերյանի ստեղծագործության շրջանը շատ քիչ է ուսումնասիրվել մեր երաժշտագիտության կողմից, չնայած որ դա ամենահետաքրքիր և ամենաինքնատիպ շրջանն էր ողջ համաշխարհային երաժշտութ յան մեջ: - Ուրեմն կարելի՞ է ասել, որ Ավետ Տերտերյանն ազգային լինելով, նաև համաշխարհային նշանակության կոմպոզիտոր էր: - Անառարկելիորեն: Ես պիտի ասեմ, որ 20-րդ դարի հայ երաժշտությունը համաշխարհային նշանակություն ձեռք բերեց և´ Արամ Խաչատրյանի, և´ Ավետ Տերտերյանի, և´ Տիգրան Մանսուրյանի շնորհիվ: Ավետի էքսպերիմենտները մաս էին կազմում այն ամենի, ինչը տեղի էր ունենում համաշխարհային երաժշտության մեջ: Գուցե զարմանալի թվա, բայց ճշմարտություն է, որ մի քանի սովետական կոմպոզիտորներ, արգելքների պայմաններում անգամ, ստեղծեցին նոր երաժշտություն, որը հետագայում բնութագրող եղավ ողջ համաշխարհային երաժշտական մշակույթի համար: Ավետ Տերտերյանը թեմատիկ առումով` շոշափեց պատմության ու նրա ողբերգական արտացոլման թեմաները, ազգային ճակատագրի խնդիրները: Ես գերադասում եմ այն երաժշտությունը, որը մերձենում է ազգային գիտակցությանը: Հենց այդ պատճառով էլ Ավետի երաժշտությունը թանկ ու նվիրական էր ինձ համար: Նրանում զարմանալի ուժով հառնում է մեր միջնադարյան տածողությունը: Եթե չափազանցություն չի թվա, ապա ասեմ, որ Տերտերյանի ստեղծագործությունների մեջ նարեկացիական թափանցումները կային: - Որքան էլ ցավալի է, կոմպոզիտորը քիչ է ստեղծագործել, հարուստ չէ նրա ժառանգությունը: - Դա այդպես չէ: Ավետ Տերյանն ակտիվ ստեղծագործական ընթացքի մեջ մտավ 1985 թվականից և ստեղծեց ութ սիմֆոնիա, «Երկարաշարժ» սիմֆոնիկ ստեղծագոր ծությունը, որոնք իսկապես նորություն էին: Նա գլխավորապես ստեղծագործել է սիմֆոնիկ երաժշտության ասպարեզում: Իհարկե, նրա երաժշտությունը բազմազան չէ, սակայն խորքային է: Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախմամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին համաշխարհային երաժշտության մեջ: Նա օգտագործում էր դուդուկի, զուռնայի, թառի ձայնածավալներ, դրանք դարձնելով սիմֆոնիաների նվագարաններ: - Իսկ դժվար չէ՞ր ապրել նման հզոր անհատականության կողքին. չէ՞ որ նման մարդիկ սովորաբար կամակոր են լինում, իրենց կենցաղով տարբերվում են բոլորից: - Ավետ Տերտերյանն իր ներաշխարհով բարդ մարդ էր, խորը մարդ: Լռակյաց էր, ինքնամփոփ, չէր արտահայտում այն ամենը, ինչ զգում էր: Իր կյանքի մեծ մասն ապրեց Դիլիջանում, կոմպոզիտորների ստեղծագործական տանը, ուր ստեղծում էր իր երաժշտությունը: Դիլիջանյան անտառներն օգնում էին նրան ամփոփվելու, զգալու աստվածայինի ներկայությունը: Ես աշխատում էի շատ չխանգարել նրան, չհիշեցնել կենցաղային խնդիրների մասին: Նա իր աշխարհում էր, իր երաժշտության մեջ: Երբեմն ես Դիլիջանում նստում էի պատշգամբում և հետևում, թե նա ինչպես էր ստեղծագործում: Դա մեծագույն վայելք էր: Ինքնամոռաց նվագում էր, ապրում իր երաժշտությամբ: Սակայն պատահում էր, որ ավերում էր իր ստեղծածը, ամեն ինչ նորից սկսում… - Դուք բարեկամական կապեր ունեիք Մհեր Մկրտչյանի հետ: Ինչպիսի՞ն էին հարաբերությունները մեծ արտիստի հետ: - Մհեր Մկրտչյանի դուստրը` Նունեն, իմ հարսն էր: Ցավոք, ճակատագիրը դաժան եղավ Մհեր Մկրտչյանի ընտանիքի հանդեպ. Նունեն շատ վաղ հեռացավ կյանքից: Մենք շատ քիչ էինք շփվում Մկրտչյանի հետ: Անգամ` ինչ-որ պաշտոնականություն կար մեր շփումների մեջ, չնայած Մհերը շատ մարդամոտ էր, բարեկամասեր: Հանգամանքներն էին այդպիսին: Մենք հաճախ էինք բացակայում երկրից, մեկնում էինք Ռուսաստան, մասնավորապես` Սանկտ-Պետերբուրգ, որն ինձ համար հարազատ քաղաք է, ուստի քիչ էին հանդիպումները: Սակայն երբ հանդիպում էինք, այդ շփումներն ինձ համար տոնի էին վերածվում: Ողբերգություն կար Մհեր Մկրտչյանի հոգում, ու նա վարպետորեն թաքցնում էր այդ ողբերգությունը, աշխատում էր ժպտալ, կատակներ անել… Երբեք չէր խոսում իր հոգսերի ու տրտունջների մասին: Զարմանալի-զարմանալի մարդ էր… Մի անգամ Ավետ Տերտերյանի հետ շախմատ էին խաղում: Երկուսն էլ շախմատ չէին սիրում, բայց տեսնել էր պետք, թե ինչպես էին խաղում. իմաստուն դեմքերով, կենտրոնացած: Ավետը շախմատի տախտակին նայում էր այնպես, կարծես իր առջև հնգատողն էր, իսկ Մհերն էլ` կարծես բեմն էր, ուր ինքը պետք է «դասավորեր» դերասաններին: Հասնելով մի պահի և այլևս չկարողանալով նոր քայլեր հորինել` նրանք փռթկացին ու վեր կացան` խնդրելով ինձ` թեյ տալ իրենց: Հետո թեյ խմելիս` «վերլուծում» էին իրենց խաղացած պարտիան… - Չե՞ք ուզում հուշեր գրել մեր մեծերի հետ ունեցած հանդիպումների մասին: - Ոչ: Հուշեր չեմ սիրում, չնայած եթե գրեմ` մի քանի հատորն էլ չի բավականացնի: Թող հուշեր գրեն նրանք, ովքեր արդեն փակել են իրենց հաշիվներն աշխարհի հետ, իսկ ես սպասում եմ նոր իրադարձությունների… … Ես այստեղ չեմ շարունակում մեր գրառումների մատուցումը, որովհետև նոր իրադարձություններ այլևս նշանավոր երաժշտագետի կյանքում չեն լինելու: Նա հեռացավ կյանքից` այն երջանիկ զգացմամբ, որ որդին վերադարձել էր արտասահմանից և մտադրվել հիմնավորվել հայրենիքում, ծավալել ակտիվ գործունեություն: Հ.Գ. Ավետ Տերտերյանի լուսանկարը զետեղվել է մեր զրուցակցի` հանգուցյալ Իրինա Տիգրանովայի խնդրանքով: