Ես այն սուրն եմ…


Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունների փոխադարձ պայմանավորվածության շրջանակներում բանակ¬հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական գեղեցիկ միջոցառումը նվիրված էր համաբանակային` «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» և համադպրոցական` «Հավատում եմ քեզ, զինվոր» թեմաներով շարադրությունների մրցույթի արդյունքների ամփոփմանը և հաղթող մասնակիցների պարգևատրմանը: Նախարար Սեյրան Օհանյանը, ևս մեկ անգամ ընդգծելով դպրոց¬բանակ կապի ամրապնդման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունը, շեշտեց. - Պահը և´ հուզիչ է, և´ պատասխանատու: Չափազանց կարևոր է, որ մենք պատասխանատվությամբ մոտենանք և´ ուսուցմանը, և´ մեր հայրենիքի պաշտպանությանը: Կարևոր է, որ այդ գործում լինենք անձնվեր, լավ տիրապետենք զինվորի մասնագիտությանը, քանզի այսօր, հատկապես այս իրադրության մեջ, աշխարհաքաղաքական այս տարածաշրջանում ՀՀ ապագան պետք է լինի հուսալի ձեռքերում: Այն պիտի տեսնենք ոչ միայն բանակում, այլև կրթության մեջ: Հենց դրան են ուղղված այս միջոցառումները: Այսօր տեսնում ենք այդ կապը… Նախարար Արմեն Աշոտյանը ևս, կարևորելով 2 նախարարությունների համագործակցությունը` միտված ներքին և արտաքին սահմանների պաշտպան հանդիսացող սերունդ կրթելուն, նշեց. - Սիրելի´ աշակերտներ, երբ անցնում եք որևէ զորամասի, պաշտպանական որևէ կառույցի մոտով, երբ տեսնում եք զինվորական համազգեստով մարդ ուզում եմ, որ լցվեք, տոգորվեք նրանց հանդեպ հարգանքով, պատկառանքով, սիրով: Զինծառայողները և աշակերտները նախարարների կողմից արժանացան պատվոգրերի, շնորհակալագրերի և արժեքավոր նվերների: Շարադրություններին ծանոթանալով` համոզվում ենք, որ նրանցում արտահայտված մտքերը սոսկ բառեր չեն, այլ դպրոցականի` հայրենիքի վաղվա պաշտպանի հոգու խոսքերը: Տողերում երիտասարդը պահ է տվել խորը հավատը, վստահությունը, անկեղծ սերը հայրենյաց պաշտպանի նկատմամբ: Նա համոզված է, որ մեր երկրի սահմաններն անառիկ են, քանի որ ունենք հզոր բանակ: Ու պատրաստ է վաղն էլ ինքը` զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը: Այլ կերպ չես էլ մտածի` ծանոթանալով այս տողերին. - «Հավատում եմ քեզ, քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, տոկունությամբ, անհողդողդ կամքով…»: «Եվս մի քանի տարի, և ես կկանգնեմ քո տեղը, կշարունակեմ քո գործը: Ես հավատում եմ, որ դու ամուր կպահես իմ երկրի սահմանները: Մինչև հերթափոխ կգամ ես…»: «ես հավատում եմ քեզ, զինվո´ր, որովհետև այնքան հպարտությամբ ես կրում համազգեստդ ու զենքերդ: Երկու տարի հետո ես էլ կզորակոչվեմ: Ես պատրաստ եմ ծառայելու, քանի որ բոլոր մայրերի, քույրերի, տատիկների աչքերում կարդում եմ նույն միտքը` ես հավատում եմ քեզ, զինվո´ր…»: «Սիրում եմ քեզ, զինվոր: Հայրենիքիս խաղաղ կյանքը, անուշ երազներով քունը քո ձեռքերում են, քո ափերի մեջ իմ հայրենիքն է»: Իսկապես, մեծ ու խորունկ է հավատը զինվորի նկատմամբ: - Ես հավատում եմ, վստահում եմ հայ զինվորին: Հանգիստ քնում եմ և գիտեմ, որ նա պաշտպանում է ինձ: Հպարտ եմ, որ ապրում եմ այնպիսի մի երկրում, որի սահմանները պաշտպանում է հայ զինվորը,¬ ասում է 9¬րդ դասարանի աշակերտուհի Լենա Գևորգյանը: Հենց այդ վստահությունն է ուժ տալիս հայրենյաց պաշտպանին, որ ամուր ու անառիկ պահի մեր սահմանները: Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու նրա պատրաստակամությունն ենք տեսնում, հայոց բանակի զինվոր լինելու հպարտությունը: Իսկ ի՞նչ է մտածում զինվորը, նա, ում հավատում են… Զինծառայող Անդրանիկ Հարոյան - Հայրենասիրությունը մանկուց է գալիս, դաստիարակության հետ` սկսած հայրենի օջախից, և մեր փառահեղ պատմության ամեն մի դրվագը սովորելուց: Հայրենիքի պաշտպան լինելը պատիվ է: Բոլոր գիտակից մարդիկ առաջին հերթին պետք է զենքը ձեռքին պաշտպանեն իրենց հայրենիքը, քանի որ առանց ֆիզիկական գոյություն ապահովելու, չեն լինի մնացած ձեռքբերումները: Զինծառայող Հայկ Ուզունյան - Հայրենիքիս ծառայելն առաջին հերթին հպարտություն է: Մեր հայրենիքն է, պետք է պաշտպանենք, ամուր պահենք սահմանները: Եթե հայ զինվորը չպաշտպանի իր երկիրը, ոչ ոք նրա փոխարեն դա չի անի: Զինծառայող Գոռ Աբգարյան - Մենք` զինվորներս, պետք է զգոն լինենք, քանի որ մենք ենք հսկում մեր հայրենիքի սահմանները: Շարադրության վերնագիրն ամեն ինչ ասում է` մենք այն սուրն ենք, որ պաշտպանում է մեր երկիրը թշնամու ոտնձգություններից: Խորհրդանշական էր, որ նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթի ժամանակ առանձնացրեց և ընթերցեց զինծառայողներից մեկի շարադրության հետևյալ տողերը. «Ես այն սուրն եմ, որից երբեք մայր ու մանուկ չեն ընկել, որ չի խոցել թույլին ու տկարին, որը երբեք չի հարվածել թիկունքից: Ես այն սուրն եմ, որը երեք զարկից երկուսը բաշխել է, երրորդով մեջտեղից կես արել թշնամուն: Ես այն սուրն եմ, որը, երբ հանգստացել են Հայոց աշխարհի սահմանները, դարձել է գիր ու մագաղաթ, մաճ ու արոր, երգ ու տաղ, ցորենի արտ ու օրորոց, խաչ ու խաչքար…»: Հայ զինվորի խոսքերն են` անկեղծ, մաքուր, գիտակցված… Նա սիրում է մեր հայրենիքը, նա կանգնած է սահմանում, որ արշալույսը խաղաղ բացվի: Մենք հավատում ենք քեզ, զինվո´ր: