Սեփական քարոզչամեքենայի ստի զոհերը


Խոսքը Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Արընչի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի մասին է: Առաջինը օրերս Ստամբուլում կայացած մի բավական ներկայացուցչական համաժողովում, ուր քննարկվել են Թուրքիայում բարեփոխումներ կատարելու խնդիրները, խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին. -Հայաստանի հետ խնդիրներ ունենք,-ասել է նա,-կամենում ենք և պարտավոր ենք լուծել այդ խնդիրները: Որովհետև անցյալում այս հողերում հայեր են ապրել, ընդ որում` մեծ թվով: Կառավարությունում հայ նախարարներ են եղել: Ունեցել ենք հայ երաժիշտներ: Մեր պալատները կառուցած հայ ճարտարապետներ են եղել: Նրանք բոլորն էլ այս երկրի հարստությունն էին: Նրանք գնացին, և մենք զրկվեցինք այդ հարստությունից…Անկախ այն բանից, թե ովքեր են մեղավոր, Թուրքիան ջանալու է բնականոնացնել իր հարաբերությունները հարևան Հայաստանի հետ… Այստեղ Արընչը, մեղմ ասած, կատարել է մի քանի սկզբունքային աղավաղում: Նախ, «անցյալում այս հողերում մեծ թվով հայեր» ոչ թե պարզապես ապրել են, այլ եղել են դրանց բնիկ տերերը: Թուրք-քոչվորների հայտնվելուց մի քանի հազարամյակ առաջ ոչ թե «այս հողերում», այլ բուն պատմական Արևմտյան Հայաստանում ծաղկել է հայոց հինավուրց քաղաքակրթությունը: Այն դժբախտ օրվանից, երբ իրենց վայրենի ցեղը տարերային աղետի պես թափվեց տարածաշրջանի բնիկ ժողովուրդների գլխին, բռնազավթեց մեր հայրենիքն ու նստակյաց կյանքի անցնելով` հիմնեց երիցս նզովյալ թուրք պետականությունը, հատկապես բռնի հպատակեցված հայերը հսկայական ավանդ ներդրեցին Թուրքիայի կայացման, քաղաքակրթման, նրա տնտեսության ու մշակույթի, նույնիսկ թուրքերեն լեզվի զարգացման մեջ: Հարցը միայն հայ ճարտարապետների կառուցած մի քանի տասնյակ իսկապես շքեղ պալատներին չի վերաբերում: Ամբողջ երկիրը կառուցվել է մեծ մասամբ հայերի, ոչ երբեք` թուրքերի ձեռքով: Ինչ-ինչ, բայց թուրքերն իրենց ողջ պատմության ընթացքում կառուցող չե´ն եղել, ավերո´ղ են եղել, հափշտակիչ և ավարառու: Թուրք պետության մեջ թատրոնի, կինոյի, լրագրության, գրականության, երաժշտության, լուսանկարչության, գիտության ու մշակույթի մյուս բոլոր բնագավառների զարգացման հիմքերը դրել են հիմնականում հայերը: Անգամ Թուրքիայի սահմանադրական և քրեական իրավունքի առաջին մշակողը հայ հանճարեղ գրող Գրիգոր Զոհրապն էր, ով անցյալ դարասկզբին Ստամբուլում փաստաբանական պրակտիկայով էր զբաղվում: Թուրքիայի առաջին երկսեռ ու բազմաձայն երգչախումբն էլ ստեղծել է մեր մեծ Կոմիտասը… Ինչպե՞ս երախտապարտ եղան թուրքերը… կոնկրետ այս երկուսին: Թրքավարի´: Զոհրապի գլուխը քարով ջախջախեցին, Կոմիտասին հասցրին խելագարության: Մեծ երաժշտապետի բանականությունը չդիմացավ` մի հին ու հանճարեղ ժողովուրդ արմատից պոկելու, նրա հայրենիքն ու ունեցվածքը բորենու ագահությամբ հափշտակելու, միլիոնուկեսից ավելիին նախամարդու վայրագությամբ ցեղասպանության ենթարկելու զարհուրանքին: Մինչդեռ Բյուլենթ Արընչը խոսում է ընդամենը իրենց` թուրքերի´ կրած վնասի մասին: Որովհետև հայերը…«Թուրքիայի հարստությունն էին, նրանք… գնացին», և իրենք «զրկվեցի˜ն այդ հարստությունից»: Դեռ լավ է, որ մեղադրանք չի ուղղում հայերիս, թե ինչո՞ւ այդքան «վա˜տ վարվեցինք»…թուրքերի հետ, ինչու՞ ԳՆԱՑԻՆՔ: Լեզուն չի զորում խոստովանելու, որ հայերը ոչ թե գնացին, այլ` թուրք պետության մշակած «կայսրության օսմանացման» ծրագրով ենթարկվեցին բնաջնջման: Իրենց մարդակեր նախնիների սանձազերծած այդ զարհուրելի ոճրագործությունից հրաշքով փրկված հայ խլյակներն էլ հարկադրյալ բռնեցին հայրենալքության ճանապարհը, ցրվեցին աշխարհով մեկ… Ո՞վ ավելի շատ վնասվեց: Միլիոնուկես անմեղ նահատակ տված, հայրենիքից զրկված, տուն ու տեղը, արտն ու կալը, մալ ու մուլքը շան երախում թողած հայ ժողովու՞րդը, թե՞ այդ ժողովրդի քրտինքը դարերով լափած Թուրքիան ու թուրքերը: Արդյո՞ք Արընչը սեփական նախնիների դեմ ներքուստ զայրացած չէ միայն այն բանի համար, որ Հայոց ցեղասպանության հետևանքով իրենք զրկվեցին շինարար ու ստեղծագործ հայ ժողովրդի հանճարից նաև այսօ´ր օգտվելու հնարավորությունից: Եթե այս իրողությունը, Հայոց ցեղասպանությունից համարյա 100 տարի հետո, այնուամենայնիվ, կարծես թե ինչ-որ չափով հասնում է թուրքերի գիտակցությանը, ապա նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները նույնիսկ դրանի´ց են հեռու: Նրանք ամենաբարձր պետական մակարդակով թշնամանք են բորբոքում Հայաստանի ու հայության դեմ: Նենգափոխում են արդեն նորօրյա պատմությունը, ամեն կերպ ձգտում են խափանել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը` անհնարին դարձնել երկու պետությունների միջև հաշտության պայմանագրի կնքումը: Անցյալ շաբաթ ադրբեջանական քարոզչամեքենան տարածեց, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ դիպուկահարի կրակոցով ադրբեջանցի երեխա է սպանվել: Երեխան ի՞նչ գործ ուներ… շփման գծում: Հայ դիպուկահարը երեխա կսպանե՞ր: Անշուշտ, ո´չ: Դա հայ մարդու ձեռագիր չէ´: Իսկ եթե երեխան զոհվել է շփման գծից հեռու, ապա ինչպե՞ս կարող էր մեր դիպուկահարի գնդակը հասնել ադրբեջանական դիրքերի խորը թիկունք: Ինքն իրեն այս տարրական հարցերը չտալով, հալած յուղի տեղ ընդունելով սեփական պետության քարոզչամեքենայի հնարած սուտը, Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան Մեջլիսի նիստում հուզախռով մի հայտարարությամբ դիմում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, հորդորելով, թե «թույլ մի´ տվեք ձեր ժողովրդին` սպանելու երեխաներին»: Ադրբեջանում, երևի, շատերի համար անսպասելի էր Սերժ Սարգսյանի միանգամայն զուսպ ու կիրթ պատասխանը: Ընդգծելով, որ Մուրադովայի հայտարարությունը «իրականության հետ կապ չունի» և հույս հայտնելով, որ «մանկասպանության դեպքի անաչառ հետաքննությունից հետո» հիշյալ տիկինը, որքան էլ իր համար դժվար լինի` իր մեջ ուժ կգտնի «մեկ այլ հայտարարությամբ էլ հանդես գալու», Հայաստանի նախագահն ավելացրել էր. - Մենք պետք է կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնոլորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կարողանանք կոտրել միջավայրը, որը բռնություն է ծնում…հանգեցնում երիտասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմութ յուններով դարձնել շահարկումների առարկա` միայն թեկուզ մի ամբողջ ժողովուրդ պիտակավորելու պարզունակ նպատակով… Հիրավի, երբ Բուդապեշտում ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը նախամարդու վայրագությամբ քնած տեղը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, մեզանում ոչ մեկը ամբողջ ադրբեջանական ժողովրդին ոճրագործ չհայատարարեց: Մենք ցեխ չշպրտեցինք այդ ժողովրդի վրա նույնիսկ, երբ Բաքվում շատ-շատերը քսու մարդասպանին քիչ էր մնում ազգային հերոս հռչակեին: Վատ չէր լինի, եթե ավելի ազնիվ կիրառության արժանի եռանդով Բահար Մուրադովան հաշիվ պահանջեր Իլհամ Հեյդարօղլուց` նույն Միլլի մեջլիսի նիստում նրան հարց ուղղելով, թե ինչու՞ է պնդաճակատորեն հրաժարվում շփման գծից դիպուկահարներին ետ քաշելու առթիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների առաջարկից: Ինչու՞ է սեփական ժողովրդին նոր պատերազմի նախապատրաստում: - Մենք խնդիր ունենք լուծելու,-գրել էր Սերժ Սարգսյանը Մուրադովային,- և միասի´ն պիտի լուծենք: Միասի´ն: Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին… Ի՞նչ էր սա, եթե ոչ ներկայի ու ապագայի առաջ անձնական պատասխանատվության խորին գիտակցության արտահայտություն: Այդ գիտակցությունը պահանջում է սթափ նայել իրողություններին, չտրվե´լ կեղծիքների գայթակղությանը, չդառնա´լ սեփական քարոզչամեքենայի ստի զոհերը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ