Վաճառվում է... քաղաք


 

Խոսքը Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքի մասին է, եթե իհարկե կարելի է միայն մեկ բնակիչ ունեցող բնակավայրը քաղաք անվանել: Որքան էլ տարօրինակ է` ասվածն ամենևին էլ չափազանցություն չէ: Իսկ միակ բնակիչը Դոն Սեմոնսն է` ինքնանշանակ քաղաքապետը, ով մտադիր է տեղափոխվել, այդ պատճառով ունեցվածքը վաճառքի է հանել: Աճուրդը նշանակված է ապրիլին: Նախնական արժեքը 100 հազար ԱՄՆ դոլար է: Սեմոնսը Բուֆորդում անցկացրած ժամանակը համարել է կյանքի լավագույն տարիները` իր և ընտանիքի համար, սակայն բոլոր հարազատները տեղափոխվել են բնակության այլ վայրեր, իսկ ինքը շուտով թոշակառու է դառնալու:

Շայեն և Լարամի քաղաքների միջև տեղակայված Բուֆորդը հիմնադրվել է 19-րդ դարում` միջմայրցամաքային երկաթուղու կառուցման ժամանակ: Այստեղ բնակվում էին շուրջ 2000 բանվորներ` իրենց ընտանիքներով: Նրանք, սակայն, ժամանակի ընթացքում փոխեցին բնակավայրը, քանի որ երկաթուղու շինարարական աշխատանքները ևս «տեղափոխվեցին» դեպի արևմուտք: Սեմոնսը թեև քաղաքապետ է, սակայն նրա սեփականությունը կազմում է տեղի լցակայանը և խանութը, որտեղ միայն առաջին անհրաժեշտության իրեր են վաճառվում: Փոստի մասնաճյուղը և բջջային կապի աշտարակը ևս որոշակի եկամտի աղբյուրներ էին նրա համար: Բացի այս ամենից, Բուֆորդի նոր տերը կստանա նաև շուրջ 10 հեկտար հողատարածք, բնակելի շենքեր և դպրոցը:

Բուֆորդը, ի դեպ` ԱՄՆ-ի` մեկ բնակիչ ունեցող միակ քաղաքը չէ: Մոնոուայ ավանի միակ բնակչուհին` Էլսի Էյլերը ևս ամուսնու մահից հետո իրեն հռչակել է քաղաքապետ: