Գլխացավ ունեք ու տխո՞ւր եք` ջո´ւր խմեք


 

Հերթական անգամ գիտնականներն ապացուցում են, որ ջուրն անհրաժեշտ է ոչ միայն դեմքի մաշկն առողջ ու երիտասարդ պահպանելու, այլև կենսուրախության, նույնիսկ ըմբռնողականության համար:

Այս եզրակացությանը նրանք հանգել են տասնյակ երիտասարդ տղամարդկանց ու կանանց (միջին տարիքը` 23) հետազոտության արդյունքում: Մեկ բաժակ ջուր խմելուց հետո նրանց ակտիվ շարժումներ են պարտադրել (օրինակ` վազքի վարժասարքով), և կարճ ժամանակ անց` օրգանիզմում սպառվել է խմած հեղուկի քանակը, որից հետո նվազել է նրանց ակտիվությունը: Նույն կերպ «փորձարկվել» են և իմացական ունակությունները, ուշադրության կենտրոնացումը, ընկալունակությունը: Մեկամսյա ուսումնասիրություններից հետո ստացված արդյունքները համեմատել են ջրազուրկ չեղածների տվյալների հետ:

Պարզվել է, որ միջին չափով ջրազրկված կանայք գանգատվել են գլխացավից, հոգնածությունից և ուշադրության ցրվածությունից: Տղամարդիկ նույն վիճակում ուշադրության նվազում և հիշողության վատթարացում են զգացել: Ավելին, նույն մարդկանց հոգեբանական վիճակն էլ փաստել է, որ ջրի պակասը տագնապի զգացողություն ու լարվածություն, բացասական հույզեր է հարուցում:

Մասնագետները նորից և կրկին խորհուրդ են տալիս օրվա ընթացքում քիչ-քիչ ու հաճախակի խմել 1,5-2 լիտր ջուր: Ո´չ թե պարզապես հեղուկ` հյութերի, թեյի կամ սուրճի տեսքով, այլ` հատկապես ջուր: Օրական 8 բաժակ կենարար այդ հեղուկը թե´ առողջության, թե´ ջահելության և թե լավ տրամադրության երաշխիք է: