Լուսնոտություն. հիվանդությո՞ւն,  թե՞ բնական երևույթ


 

Գիտականորեն ապացուցված է, որ մեր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգերորդ մարդն ունի քնած ժամանակ շրջելու, կամ այլ կերպ ասած` լուսնոտության նախահակվածություն:

- Դեռևս հնուց գերիշխում է այն կարծիքր, որ գիշերաշրջիկությունն առաջացնում է լիալուսինը,- ասում է նյարդաբան Արմենուհի Հակոբյանն ու հավելում,- բժշկությունը դա հարյուր տոկոսով չի հաստատում, բայց փաստ է, որ մեծ թվով լուսնոտներ իրենց գիշերային թափառումները սկսում են հենց լիալուսնի ժամանակ:

Լուսնոտության պահին գլխուղեղի կեղևի գրգռվածության որոշ օջախների ակտիվությունը համադրելի է արթուն ժամանակամիջոցի հետ:

- Կենտրոնական նյարդային համակարգի հենց այն մասը, որն արթուն է մնում քնի մեջ, քնած մարդուն բարձրացնում է անկողնուց և ստիպում կատարել որոշակի շարժումներ` առանց գիտակցության մասնակցության,- ասում է բժշկուհին:- Ընդ որում, լուսնոտության վիճակում նկատվում է տվյալ մարդուն ոչ բնորոշ ուժ և ճարպկություն, որն արտահայտվում է երբեմն կարգավորված, երբեմն` վտանգավոր գործողությունների կատարմամբ:

Ինչպես անհասկանալի ամեն ինչ, հին ժամանակներում լուսնոտությունը ևս ընդունվում էր ահով: Միջին դարերում գիշերաշրջիկներին այրում էին խարույկի վրա, քանզի համարում էին, որ այդպիսի տարօրինակ վարվելակերպի պատճառ կարող էր լինել նրանց հոգին մտած սատանան:

- Շատ գրքերում եմ կարդացել, որ լուսնոտությունը խելագարություն չէ և նույնիսկ ոչ էլ հիվանդություն: Այս պարագայում ավելի շուտ կարելի է խոսել ուղեղի բարդ կառուցվածքի մասին,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Մարինեն, ով փոքր տարիքում ունեցել է գիշերաշրջիկության սովորություն:

- Քնի այդպիսի խանգարումներ առավել հաճախ պատահում են դեռահասների մոտ: Խնդիրն այն է, որ անհատական առանձնահատկությունների բերումով նրանցից շատերը չեն կարողանում հաղթահարել այն փոփոխություններն ու տպավորությունները, որոնք նրանց «մատուցում» է հասունացման ժամանակաշրջանը,- ասում է բժշկուհին:

Լուսնոտը շրջում է բաց աչքերով, ասես ենթարկվելով ինչ-որ մեկի կանչին: Երբեմն կատարում է սովորական գործողություններ, երբեմն էլ նրա գործողությունները կարող են դրսևորվել ամենավտանգավոր ձևերով: Օրինակ կարող է դուրս գալ պատուհանից, անգամ վարել ավտոմեքենա:

- Արդեն ընտելացել եմ աղջկաս ամենօրյա գիշերային գործողություններին: Նա սկսում է ավլել հատակը, բացում է սառնարանր... Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կանցնի. համենայն դեպս բժիշկներն այդպես են ասում,- պատմում է Անին:

Իսկ քսանամյա Հերմինեն լուսնոտության մասին խոսելիս ժպիտով է հիշում իր մանկությունը` երբ գիշերները դուռը բացելու և տնից դուրս գալու սովորություն է ունեցել: Հայրն աղջկանից թաքուն փոխել է դռան փականը, ինչը ևս չի օգնել:

Այդ ամենը կարող էր լինել ավելի բնական, եթե գիշերաշրջիկությունը վնասվածքներ չհասցներ լուսնոտին: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչով կվերջանա պատուհանից դուրս գալը կամ տանիքի եզրով շրջելը: Վտանգը կանխելու համար Ա. Հակոբյանը խորհուրդ է տալիս լուսնոտի մոտից հեռացնել ծակող, կտրող իրերը, դռան բանալիները: Կարելի է նաև մահճակալի մոտ փռել թաց կտոր: Գիշերաշրջիկը, ոտաբոբիկ կանգնելով թաց կտորի վրա` կարթնանա և եթե շարունակի քայլել` նրա գիտակցությունը տեղը կլինի:

Երեխաների տասնյոթ տոկոսի մոտ լինում է լուսնոտության թեկուզ մեկ դեպք. առավել հաճախ դա հանդիպում է 11-12 տարեկանների մոտ: Մեծահասակներն ավելի նվազ են ենթակա լուսնոտության (ընդամենը երկու տոկոս):

Լուսնոտության պատճառ կարող է դառնալ սթրեսը, անքնությունը, ուղեղի նորմալ գործունեությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ