Հիտլերի որդին` ընդդեմ ֆաշիստների


Պարզվում է, որ ֆյուրերն ամուլ չի եղել և սիրել է կանանց: Վկան` վերջերս հայտնաբերված նոր ապացույցն առ այն, որ Ադոլֆ Հիտլերը ֆրանսուհի Շառլոտա Լոբժուայի հետ արտաամուսնական կապից որդի է ունեցել: Ու այդ որդին էլ մարտնչել է ֆաշիստական զորքերի դեմ (տեղեկացրել է DΖily MΖil-ը):

Որպես ապացույց վկայակոչվում է բրիտանացի սակրավոր Լեոնարդ Ուիլկսի օրագիրը: Ուիլկսն 1944 թ. մասնակցել է Նորմանդիայում դաշնային զորախմբերի ափհանմանը: Նույն թվականի սեպտեմբերի 30-ին նա գրել է. «Այսօր հետաքրքիր օր է: Ես եղա այն տանը, որտեղ Հիտլերը դեռևս կապրալ եղած ժամանակ հանգրվանել էր` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այնտեղ ես հանդիպեցի այն կնոջը, ով նրանից երեխա էր ծնել: Կինը մեզ պատմեց, որ իր որդին հիմա մարտնչում է ֆրանսիական բանակում` ֆաշիստների դեմ»:

Բրիտանացի զինվորն ուրիշ ոչինչ չի հիշատակել ֆյուրերի սիրուհու հետ հանդիպման մասին: Նա վախճանվել է 1991 թ., իսկ տարիներ հետո նրա զավակները գտել են օրագիրը: Սկզբում դա անհետաքրքիր են համարել և թողել են հին իրերի արկղում: Բայց երբ ընթացիկ տարվա փետրվարին ֆրանսիական լրատվամիջոցները բացահայտել են Հիտլերի արտաամուսնական որդու գոյությունը, Ալան և Գորդոն Ուիլկսները որոշել են հրապարակել հոր օրագիրը:

Իսկ ֆրանսիական մամուլը մանրամասնել է, որ 1917 թ. կամավոր ծառայելով գերմանական բանակում, Ադոլֆ Հիտլերը Ֆրանսիայում հանդիպել է 16-ամյա Շառլոտա Լոբժուային: 1918-ին դեռահաս կինը նրանից ծնել է Ժան-Մարի Լորեին: Տղան երկար ժամանակ ոչինչ չի իմացել հոր մասին: Միայն 1950 թ., մահից առաջ մայրը նրան պատմել է ճշմարտությունը: Լորեն մահացել է 1985 թ.` 67 տարեկանում:

Ֆաշիստ միապետը չի ընդունել իր ժառանգին, բայց որոշ տվյալներ կան, որ Ֆրանսիայի բռնազավթման տարիներին նա նյութապես օգնել է իր որդու մորը: